Անվտա՞նգ է արդյոք Թեղուտի շահագործումը, թույլատրվա՞ծ է պղնձաձուլարանի շահագործումը

Անվտա՞նգ է արդյոք Թեղուտի շահագործումը, թույլատրվա՞ծ է պղնձաձուլարանի շահագործումը

ՎՏԲ-Հայաստան բանկին պարտքի դիմաց անցած Թեղուտի լեռնահարստացման կոմբինատը, որը կառուցել են «Վալլեքս» խմբի ընկերությունները, այս տարվա հուլիսից նորից սկսել է աշխատել։ Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 3-ից  «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը «Վալլեքս» խմբի ընկերություն էր, անցել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ընկերությանը, քանի որ «Վալլեքսը» չի կարողացել սպասարկել բանկից ստացած վարկը, եւ չմարված վարկի դիմաց բանկը վերցրել է հանքը։

«Վալլեքսից» ասում են, որ պատճառը պոչամբարն էր, որը վատ վիճակում էր, եւ անհրաժեշտ էր շտապ աշխատանքներ կատարել այնտեղ՝ համապատասխանեցնելով տեխնիկական անվտանգության նորմերին, հակառակ դեպքում պոչամբարի պատվարը կարող էր փլուզվել եւ աղետի պատճառ դառնալ։ Պոչամբարի իրական վիճակը պարզելու համար «Վալլեքսը» ներգրավել է միջազգային ճանաչում ունեցող մասնագիտացված կազմակերպությունների,  որոնք իրենց տված եզրակացություններում ամրագրել են հանքի շահագործման դադարեցման անհրաժեշտությունը։ Միջազգային կազմակերպությունների այդ եզրակացությունները ճակատագրական են եղել «Վալլեքսի» համար, քանի որ հենց դրանց հետեւանքով է կանգնեցվել կոմբինատը, ինչն էլ հանգեցրել է «Վալլեքսի» համար այդ ակտիվի կորստին։ Այս պատմության մեջ, իրականում, որոշակի մութ կամ գոնե անհասկանալի հարցեր կան, քանզի «Վալլեքսից» կասկածներ են հայտնում, որ սա, իրականում, իրենցից բիզնես խլելու փորձ էր, եւ որ իրենք հայտնվել են ծուղակում։ Միաժամանակ հայտնում են, որ չեն կարողացել մարել ՎՏԲ-ից ստացած վարկը՝  նշելով, որ վարկի հետագա սպասարկումն անխափան շարունակելը «Թեղուտ» ՓԲ ընկերության համար անհնարին է դարձել այնպիսի գործոններով պայմանավորված, որոնք անհնար էր կանխատեսել վարկային պայմանագրի կնքման պահին։

ՎՏԲ-ն էլ իր տեսակետն է առաջ քաշում՝ արդարացի համարելով հանքը պարտքի դիմաց վերցնելը։ Այստեղ այլ նրբություններ ու մանրամասներ էլ կան, որոնց չենք անդրադառնում, քանզի մամուլում շատ է գրվել այդ մասին։  Ամեն դեպքում, փաստն այն է, որ կոմբինատն այսօր անցել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որն էլ շահագործում է կոմբինատը, նույնիսկ այն դեպքում, որ «Վալլեքսը» պարբերաբար ահազանգում է պոչամբարի մասով առկա վտանգների մասին։ ՎՏԲ-ից վստահեցնում են, որ պոչամբարում խնդիր չկա, եւ հանքը հիմա շահագործվում է ողջ հզորությամբ՝ լուծելով նաեւ տեղի բնակչության սոցիալական խնդիրները, որ առաջացել էին հանքի աշխատանքների առժամանակ դադարեցման պատճառով։

Բայց ամեն ինչ միայն հանքով չի ավարտվել։ Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ ՎՏԲ բանկին է անցել նաեւ Ալավերդու պնղձաձուլարանը, որը շահագործում էր դարձյալ «Վալլեքս» խմբի մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» (կրճատ՝ «ԷյՍիՓի») ՓԲ ընկերությունը։ Այս ինֆորմացիան որեւէ կերպ ՎՏԲ բանկից ուղիղ տեքստով չեն հաստատում։ Մեր տեղեկությամբ՝ «ԷյՍԻՓի» ՓԲ ընկերության բաժնետոմսերը ՎՏԲ բանկին են անցել այս տարվա հոկտեմբերի 3-ից։ ՎՏԲ-ից այս տեղեկությունը որեւէ կերպ ո՛չ հաստատում են, ո՛չ հերքում, ինչ-որ անորոշ պատասխան են տալիս։

Մենք հարցեր էինք ուղղել ՎՏԲ-Հայաստան բանկին՝ ցանկանալով պարզել․ ա) Միջազգային մասնագիտացված կազմակերպությունները որեւէ կերպ համաձայնեցրե՞լ են իրենց գործողությունները ՎՏԲ-ի հետ, եւ ի՞նչ է մտադիր անել ՎՏԲ-ն Թեղուտի կոմբինատի պոչամբարի հետ, որը, ըստ մասնագիտացված կազմակերպությունների, պոտենցիալ վտանգ է տարածաշրջանի ազգաբնակչության համար։ բ) Արդյոք պղնձաձուլարանը նախկինում շահագործած «ԷյՍիՓի» ՓԲԸ-ն անցե՞լ է ՎՏԲ բանկի տնօրինության տակ։ Եթե այո, ապա ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ի՞նչ գործընթացի արդյունքում եւ իրավական ի՞նչ հիմքով։ Բանկը մտադի՞ր է «ԷյՍիՓի» ՓԲԸ արտադրական հզորությունների հենքի վրա պղնձաձուլական գործունեություն իրականացնել։ Հարցրել էինք նաեւ՝ արդյոք շրջակա միջավայրի նախարարությունից կա՞ թույլտվություն պղնձաձուլարանի շահագործման համար, քանզի, որքանով տեղյակ ենք, ձուլարանն այս պահին կանգնած է, չի գործում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հանձնարարականի հիման վրա։ Ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծվի պղնձաձուլարանի վերագործարկման համար։
Բանկից համեմատաբար բովանդակային ու սպառիչ պատասխան տվել են միայն առաջին հարցի վերաբերյալ՝ «Թեղուտ» ՓԲԸ մասով։ Նշել են, որ Թեղուտի լեռնահարստացման կոմբինատն ամբողջությամբ վերագործարկված է եւ ներկա պահին աշխատում է արդյունահանման բարձր հարաբերակցությամբ` հաստատված նախագծի եւ թույլտվության շրջանակներում` տրված լիազոր մարմնի կողմից, տարեկան 7 միլիոն տոննա հանքանյութի արդյունահանման եւ վերամշակման համար: 

«Ձեւավորվել է ղեկավարների նոր կազմ` մեծածավալ ծրագրերի կառավարման զգալի փորձով: 2019թ. հուլիսին «Թեղուտ» ՓԲԸ-ն ստացել է դրական եզրակացություն լեռնահարստացման  կոմբինատի եւ պոչամբարի շահագործման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ներկայումս պոչամբարը գտնվում է կայուն վիճակում: Կոմբինատն ակտիվորեն զարգանում է, կատարելագործում է արտադրությունը եւ զարգացնում է բնապահպանական տեխնոլոգիաները: ՎՏԲ-ն, որպես ընկերության ֆինանսական գործընկեր, նպաստում է այդ նորամուծությունների ներդրմանը»,- հայտնել են ՎՏԲ-Հայաստան բանկից։

Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի հետ կապված հարցին, ապա բանկից ընդամենը նշել են. «Ընդգծում ենք՝ ՎՏԲ բանկը չի հանդիսանում «ԷյՍիՓի» ՓԲԸ բաժնետեր»: Այդ դեպքում ինչպե՞ս է փոխվել «ԷյՍիՓի» ՓԲԸ տնօրինությունը, ո՞վ է նշանակել նոր տնօրենին, ինչի մասին վկայում են հենց պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները։ Նշենք, որ «Վալլեքսին»  ձուլարանի շահագործումն արգելվել էր տեսչական մարմնի հանձնարարականի հիման վրա, ուստի հարց է առաջանում՝ արդյոք վերագործարկման համար այդ հանձնարարականն արդեն ուժը կորցրե՞լ է, թե՞ նոր հանձնարարական է իջեցվել։