Մեր ժողովրդին ոչ մի Շառլ դե Գոլ կամ Լի Կուան Յու պետք չէ

Մեր ժողովրդին ոչ մի Շառլ դե Գոլ կամ Լի Կուան Յու պետք չէ

Հիշո՞ւմ եք ժողովրդին խաբելով, մատի վրա պարացնելով իշխանության եկած մեր «հերոսի» սինգապուրյան ճանապարհորդությունը։ Ասում էր․ «Սինգապուրն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ եւ, հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, հասել է աննախադեպ բարձունքների, իսկ Հայաստանը դեռեւս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսեւորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարությունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի...»։

Ու այս «մարգարիտները» շաղ տալուց հետո նա Հայոց երկիրը ներքաշեց պայմանավորված պատերազմի մեջ, խայտառակ ու ջախջախիչ պարտություն բերեց իր ժողովրդին եւ երկրի գոյությունը դրեց հարցականի տակ։ Ու զավեշտաողբերգականն այն է, որ հազարավորներն այն օրերին հավատացին իրենց նոր հայտնաբերած կուռքին ու, ոգեւորված Սինգապուրի օրինակով, մտածում էին, թե այ, Աստված մեզ՝ հանձին Նիկոլի, մի Լի Կուան Յու է տվել, ու շուտով մենք էլ ենք Սինգապուր դառնալու։ Հետո եղավ այն, ինչ եղավ։ Ու այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ հաջողակ առաջնորդներն օդից չեն հայտնվում՝ ժողովուրդն է նրանց ծնում, երբ հասունացած է վիճակը, եւ կա պահանջարկ: Իսկ մեր ծնած, սնած, իշխանության բերածը ոչ թե Լի Կուան Յու էր, այլ՝ Նիկոլ...

Դե Գոլն օդից չէր ընկել՝ ֆրանսիացին պատրաստ էր Դե Գոլի հայտնվելուն, ու նա հայտնվեց: Ոնց մինչ այդ Նապոլեոնի էր պատրաստ, կամ էլ գերմանացին Հիտլերի էր պատրաստ: Ու հայտնվեցին նրանք։ Հայը պատրաստ չէ արժանապատիվ լիդերի, ինքը պատրաստ է միայն խարդախի, խաբեբայի, որը խաբելով, դասավորելով հարց կլուծի: Վերջին երեք տասնամյակում տասնյակ դեմքեր մեջտեղ եկան, բայց որեւէ մեկը մեթոդ առաջարկե՞լ է՝ իշխանություն վերցնելու: Այն օրերին, մարտիմեկյան արկածախնդրությունից հետո երբ Նիկոլը բռնվեց, դատի ժամանակ ասում էր՝ ես մարդկանց դիմադրելու կոչեր չեմ արել, ընդհակառակը, ասում էի՝ գնացեք տները: Շանթը ելավ հեղափոխության ու դատի ժամանակ ասում էր, թե՝ իմ գլխին սադրանք սարքեցին: Իմ կարծիքով՝ միակ մարդը, որն իրեն արժանապատիվ է պահել, Հայկ Կյուրեղյանն է, բայց նա էլ առաջնորդի հավակնություններ չուներ, ինքն իր արժանապատվության համար էր արել: Մենք չենք ծնում առաջնորդ, որովհետեւ մասսան ազնիվ չէ, ճշմարտություն չի սիրում, ատում է այն ու հրաշքների, հեքիաթային փրկիչների է սպասում։ Այն հեքիաթները, որ իբր Լի Կուան Յուն եկավ դատարկ տեղը, կրիմինալ ժողովրդի գլխին հրաշքներ արեց, երեխաներին քնեցնելու համար են: Սինգապուրը բացառիկ դիրք ունի, բացառիկ ժողովուրդ, ու ռեֆորմատորն էլ գործում էր բացառիկ պայմաններում: Հայաստանի՝ Գագիկ Ծառուկյանի կռճոնները խժռող ժողովրդին ոչ մի Շառլ դե Գոլ կամ Լի Կուան Յու պետք չէ: Անգամ տեր Աստված է այդ հարցում անզոր, որովհետեւ մեզանում նախ մարդուն է պետք մարդ սարքել: Իսկ մարդկային առաջընթացը ֆանտազիայով ու գիտելիքով ստեղծագործելու եւ արտադրելու հաշվին է լինում: Արտադրանքը բարեկեցիկ կյանք է ստեղծում, բարեկեցիկ կյանքն էլ՝ նոր գիտելիք: Այդ նոր գիտելիքի մի մեծ բաժինն էլ, բացի գիտատեխնիկականից, ներհանրային հարաբերությունների մասին փիլիսոփայությունն է։

Ահա դրա շնորհիվ է, որ անհրաժեշտ պայմաններ ու որոշակի պոտենցիալ է ստեղծվում՝ ուժեղանալու, որպես պետություն կազմակերպվելու, ապա հարեւանի վրա հարձակվելու համար: Հարեւանի վրա հարձակվելը, անկախ նրանից՝ խաղաղություն մուրացողներիս դուր է գալիս, թե ոչ, կենսաբանական է՝ էքսպանսիայի պահանջն է՝ գենի տարածումը, արեալի գրավումը: Իսկ թալանը երկրորդական է:

Եթե հանրությունը չունի այս հատկություններից որեւէ մեկը, ապա թերի է: Իսկ եթե չունի էքսպանսիայի ցանկություն, ապա չի ապրելու որպես լիարժեք ազգ, այլ դարեդար սողալով, գոյություն է քարշ տալու։ Պետությունն ընդամենը նշված զարգացումն իրացնելու հանրային կազմակերպական ձեւն է: Եթե այս առումով մեզ նայենք, ապա մենք միայն ու միայն ներքին թալանի պրոցեսի մեջ ենք եղել՝ սկսած 5-րդ դարից: Ու խնդիրն այն է, որ սկզբից պարտվել ենք ներքին թշնամուն, ապա նոր միայն՝ թուրքին: Ինչպես եղավ ոչ միայն մեկ դար առաջ կամ դրանից էլ առաջ, այլեւ վերջին տարիներին։ Մշտապես ոչ թե թուրքն է մեզ հաղթել, այլ մեր տականքը, որը չի թողել, որ ներքին հարգանք լինի, պոտենցիալ հասունանալու միջավայր կերտվի: Փոխարենը կերտվել է խաբեբայի, սրիկայի փիլիսոփայություն, որը մեզ հոշոտում է: Միտինգային, երթային, միայն «սահմանադրական» ճանապարհով հրաշքով հեղափոխվելն էլ նույն հեքիաթայինի սերիայից է, որը թուլամորթության, տկարամտության արդյունք է: Նոր կյանքը հրաշքով չի կարող ստեղծվել, այլ միայն մտավոր հեղափոխությամբ, սրիկայությունն ու սրիկաներին մերժելով եւ կուռ ներքին փիլիսոփայության հասնելով:

Գարեգին Վարդանյան