Ունենք դպրոցներ, որտեղ անգամ ջուր կամ զուգարան չկա

Ունենք դպրոցներ, որտեղ անգամ ջուր կամ զուգարան չկա

Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու են առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում: 

Թեպետ ԿԳՄՍ նախարարությունից վստահեցնում են, որ պարետատունը եւ նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը եւ ուղեցույցները, որոնք առաջիկայում կհրապարակվեն, բայցեւայնպես հարցականները շատ շատ են, այդ կարծիքին է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը․ «Նորից անորոշության մեջ ենք եւ այս պահին ես ավելի տեղյակ եմ, թե Շոտլանդիայի դպրոցներն ինչպես են բացվելու, քան Հայաստանի։ Իսկապես ունենք ինֆորմացիայի պակաս եւ մարդկանց համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ են օրինակ սեպտեմբերի 15-ին բացվում դպրոցները։ Եթե պատճառը շոգն է, ապա կարելի էր որոշ մարզերում՝ Շիրակ, Գեղարքունիկ, Արագածոտն հենց օգոստոսի վերջից էլ սկսել՝ հաշվի առնելով, որ եղանակը այդտեղ այնքան էլ շոգ չէ եւ ափսոս է այդ 15 օրը»,-նկատում է Խաչատրյանն այսօր «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» թեմայով տեսաքննարկման ժամանակ:

Դասարանների կիսվելու հետ կապված եւս հարցականներ կան․ «Եթե ուսուցիչը 20 կամ 22 ժամ ծանրաբեռնվածություն ունի եւ դասարանները կիսվում են, ապա ի՞նչ է լինում, այդ ուսուցիչը 40 ժա՞մ պետք է պարապի շաբաթական, արդյոք վճարվելո՞ւ է լրացուցիչ աշխատանքի համար կամ, եթե դասասենյակներ չկան դպրոցում ինչպե՞ս են անելու։ Բնականաբար, դա նշանակում է, որ երկհերթ պետք է աշխատեն։ Իմ առաջարկը հետեւյալն է․ դպրոցները կարելի է շուտ էլ բացել՝ մինչեւ ամսի 15-ը։ Պետք է միանաշանակ բացել 1-4 դասարանները, որովհետեւ կան հետազոտություններ, որտեղ տեսակետներ են հայտնում, որ մինչեւ 10 տարեկան երեխաները, ըստ էության, գրեթե չեն տարածում վիրուսը։ Աշխարհը, միանշանակ հակված է կրտսեր դպրոցները բացելուն եւ դա կարեւոր է նաեւ նրանով, որ այդ տարիքի երեխաները չեն կարող տանը մնալ եւ հեռավար սովորել, հատկապես եթե ծնողները աշխատանքի են։ Այս առումով կրտսեր դպրոցները բացելը ավելի հեշտ է»։ 

Ս․ Խաչատրյանի կարծիքով պետք է բացվեն նաեւ գյուղական փոքր դպրոցները եւ գնալ մինչեւ 200 հոգանոց դպրոցները բացելու տարբերակին, որովհետեւ գյուղերում իրավիճակը ավելի հեշտ է վերահսկել, եթե անգամ որեւէ դեպք էլ արձանագրվի․ «Կարելի է փուլային անել եւ ես շատ կուզեի, որ այս երկու կատեգորիաների դպրոցները սեպտեմբերի 1-ից բացվեին ու իրավիճակից կախված, գուցե մի շաբաթից դրան միանար նաեւ միջին դպրոցը, սա նաեւ հնարավորություն կտար դպրոցներին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում եւ մի քիչ ավելի փորձ ձեռք բերել»։

Կրթության փորձագետն ընդգծում է՝ պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի ուսուցչական կազմը ծերացած է․ «Ունենք 3 հազար ուսուցիչ, որ 65 տարեկանից բարձր են, այսինքն ուղղակի 3 հազար ուսուցիչ ռիսկային տարիքում են։ Մեծ թվով ուսուցիչներ կան նաեւ 50-ից բարձր։ Այստեղ կա նաեւ տրանսպորտային գործոնը, արդյոք ուսուցիչներին եւ աշակերտներին հատկացվելո՞ւ են տրանպորտային միջոցներ, որովհետեւ դպրոցների մեծ մասը դրա հնարավորությունը չունի։ Եկեք մի պահ պատկերացնենք՝ սեպտեմբեր, շոգ, խցանում եւ լեփ լեցուն ավտոբուս, որի մեջ դիմակներով մարդիկ են, ի՞նչ է լինելու դրանից հետո։ Մենք հարցը միշտ դիտարկում ենք այն պահից, երբ երեխան մտնում է դպրոց, բայց մինչեւ դպրոց հասնելու հարցերը ո՞նց ենք կարգավորելու։ Արդյոք երեւանի քաղաքապետարանը պատրա՞ստ է լրացուցիչ տրանսպորտ հատկացնել, որովհետեւ մինչ դպրոց կամ բուհ հասնելու խնդիր էլ կա»,-ասում է Ս․ Խաչատրյանն ու ընդգծում, որ դպրոցների տոտալ բացման պարագայում, շատ հարցեր են առաջանալու։

«Մենք ունենք դպրոցներ, որտեղ անգամ ջուր կամ զուգարան չկա, ինչի վրա պետությունը իր ռեսուրսները պետք է ուղղի, որպեսզի կարողանա լուծել այդ սանիտարահիգիենիկ հարցերը։ Հայաստանում այս պահին ունենք 72 դպրոց, որոնք աշխատում են 2 հերթով եւ ունենք 4 դպրոց, որոնք 3 հերթով են աշխատում, հիմա այս դպրոցների հետ ի՞նչ է լինելու, 4 հե՞րթ է դառնալու երկհերթանի դպրոցը, իսկ 3 հերթ աշխատողները՝ վեց հերթանի՞»։