Հաշտեցում անհաշտելիի հետ

Հաշտեցում անհաշտելիի հետ

Այո, ժամանակն իրենն անում է։ Մտնում ենք իշխանությունների ռեաբիլիտացիայի փուլ՝ երբ ամեն օր իրենց թվալու է, թե ոչինչ էլ չի եղել, մի քիչ էլ, ու ամեն ինչ հունի մեջ կընկնի, եւ կսկսեն ապրել նախկին կյանքով։ Նորից շինծու քրեական գործեր կհարուցեն, նորից իրենց քննադատող մարդկանց կբռնեն կամ հարցաքննությունների կանչելով՝ կսաստեն։ Նորից իրենց համար շահեկան օրենքներ կընդունեն 88 կոճակ սեղմողների միջոցով՝ երբեմն անհեթեթ ու երկրի համար վնասակար։ Նորից ճանապարհներ կնորոգեն, տարբեր տենդերներ կանցկացնեն՝ իրենց հետ փոխկապակցված անձանց հաղթանակ շնորհելով եւ բյուջեից գումարներ վատնելով՝ պարգեւավճարների կամ անիմաստ ծրագրերի ֆինանսավորման վրա։ Նորից կստեն ու կմոլորեցնեն հանրությանը։ 2020-ի նոյեմբերի 9-ից մոտ 3 ամիս է անցել։

Ցանկացած ցավ ժամանակի մեջ բթանում է, ցանկացած իրավիճակ՝ հանգուցալուծվում։ Գուցե բնակա՞ն է, որ սկզբում բունկերներում էին թաքնվում եւ արդարանում կատարվածի համար, հիմա արդեն մեղադրական տոնով ճառեր են ասում ոչ միայն նախկինների, այլեւ իրենց չգնահատող, իրենց վիճակի մեջ չմտնող, իրենցից ինչ-որ բան պահանջող անձանց հասցեին։ Տպավորություն է, թե երկիրն ու քաղաքացին բեռ են դարձել, խանգարում են կյանքը վայելելուն։ 3 ամիս առաջ թվում էր՝ ահա, ահա հրաժարականի մասին կլսենք։

Հիմա իրավիճակ է փոխվել։ Ամեն օր ավելի ու ավելի վստահ են իրենց զգում, հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ տալիս, նշանակումներ անում։ Թիմը սկսել է տնից դուրս գալ, ոմանք անգամ շրջագայությունների են մեկնում։ Իսկ պատերազմի ու պարտության իրական մեղավորների մի մասն էլ, որոնք պետք է կոնկրետ պատասխանատվություն կրեին կատարվածի համար, մեղադրական ճառեր են ասում, քավության նոխազներ փնտրում, խրոխտ ճառեր հնչեցնում։