Արձագանք պահանջող հայտարարություն

Արձագանք պահանջող հայտարարություն

«Труд» պարբերականին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնավորաբար անդրադարձել է հայ-ադրբեջանական հուլիսյան սահմանային բախումներին: Նախարարի անդրադարձում մի հատված կա, որն անուղղակի կերպով հուլիսյան սրացումների մեղքը բարդում է հայկական կողմի վրա: «Հուլիսի 12-16-ը տեղի ունեցած սահմանային բախումը ամենից մասշտաբայինն էր 2016-ի ապրիլից հետո՝ մեր աջակցությամբ 1994 թվականին կնքված Հրադադարի համաձայնագրի խախտումների շարքում։ Առաջին անգամ 26 տարվա մեջ, բարձր ինտենսիվությամբ զինված բախումները՝ դաշտային հրետանու, նռնականետերի եւ հարվածային անօդաչուների կիրառությամբ, տեղի ունեցան ոչ թե ղարաբաղյան շփման գոտում, այլ Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի տեղամասում։ Բախմանը հանգեցրին մի շարք պատճառներ։ Իհարկե, հիմքում ղարաբաղյան խնդրի չլուծվածությունն է։

Դրան գումարած՝ սահմանի երկու կողմերում հանրային հարթակների չափազանց թեժացումը։ Յուրօրինակ պատճառ դարձավ նաեւ աշխարհագրական գործոնը․ հայկական կողմը որոշեց վերստին օգտագործել հին սահմանային КПП-ն, որը գտնվում է ադրբեջանական էքսպորտային խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, ինչն առաջացրեց որոշների լուրջ անհանգստությունը եւ մյուսների չարդարացված ռեակցիան, որի արդյունքում էլ սկսվեց ուժային դիմակայություն՝ ամենից անկանխատեսելի հետեւանքներով»։ 

Ուշագրավ է, որ սրացումների պատճառների թվարկման սկզբում ռուս պաշտոնյան, նշելով ղարաբաղյան խնդրի չլուծվածությունը, երկու կողմերում հանրային հարթակների չափազանց թեժացումը, որոնք ընդհանրական պատճառներ են՝ հակամարտող կողմերին հավասարապես բնորոշ, հետո շեշտադրում է մի մանրամասն՝ հայկական կողմի որոշումը՝ «վերստին օգտագործելու հին սահմանային КПП-ն», որով Հայաստանը միանշանակորեն հայտարարվում է նախահարձակ կողմ՝ մանավանդ КПП-ի՝ «ադրբեջանական էքսպորտային խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա» գտնվելու մասին թափանցիկ ակնարկից հետո: 

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությունն ամենեւին չի համընկնում հայկական կողմի դիրքորոշման հետ, համենայնդեպս՝ հանրությանը հայտնի պաշտոնական դիրքորոշման հետ, հետեւաբար, կարծում ենք, հարկ կա համապատասխան արձագանքի: