«Դատավորներ եվ ճնշված քաղաքացիներ Հայաստանի, միացե՛ք»

 «Դատավորներ եվ ճնշված քաղաքացիներ Հայաստանի, միացե՛ք»

Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ օրենքի և օրինականության հաստատման ուրվականը։ Այդ ուրվականի դեմ սրբազան հալածանք մղելու համար միավորվել են հին ու նոր Հայաստանի կասկածելի բոլոր ուժերը՝ ՀՀՇ-ն, նրա զավակ ՔՊ-ն, նրանց կռճոններից օգտվող, իրենց կուսակցություններ հռչակած քաղաքական ավանտյուրիստները, Ալիևը, Էրդողանը: Այդ ուժերին չեն միացել պապը և ցարը, Մետերնիխը և Գիզոն, ֆրանսիական ռադիկալներն ու գերմանական ոստիկանները։
Որտե՞ղ է այն օպոզիցիոն կուսակցությունը, որին իշխանության գլուխ կանգնած նրա հակառակորդները չվատաբանեին որպես օրենքի և օրինականության հաստատման ջատագովների։ Որտե՞ղ է այն օպոզիցիոն ուժը, որն իր հերթին չշպրտեր օրենքին և օրինականությանը հարելու խարանող մեղադրանքը՝ ինչպես օպոզիցիայի ավելի առաջավոր ներկայացուցիչների, այնպես էլ իր ռեակցիոն հակառակորդների երեսին։
Երկու հետևություն է բխում այս փաստից:

Դատավոր Բորիս Բախշիյանը և նրան սատարող Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նապոլեոն Օհանյանը, Անահիտ Թումանյանը, Ռոմեն Ահարոնյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Կարապետ Բադալյանը, էմին Աբգարյանը, Լուսինե Սեփխանյանը, Գնել Գասպարյանը արդեն ուժ են ճանաչվում հայկական և եվրոպական բոլոր ուժերի կողմից։

Արդեն ժամանակն է, որ օրենքի և օրինականության հաստատման ջատագովներն իրենց հայացքները, իրենց նպատակները, իրենց ձգտումները բացորոշ շարադրեն հայ ժողովրդի առջև և օրենքի ու օրինականության ուրվականի վերաբերյալ հեքիաթներին հակադրեն իրենց մանիֆեստը։

Այս նպատակով էլ Հայաստանում բնակվող և արտասահմանից ժամանած ամենատարբեր ազգությունների դատավորները հավաքվեցին Սյունիքում և կազմեցին հետևյալ «Մանիֆեստը», որը հրապարակվում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ֆլամանդերեն, դանիերեն լեզուներով։ Ավելի ուշ կթարգմանվի նաև հայերեն:
Մոտավորապես այսպես կսկսեին շարադրել իրենց «Մանիֆեստը» Կարլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը՝ ի պատասխան 21-րդ դարում օրենքի և օրինականության սպառնալիքներին: 

Հ.Գ. 174 տարի առաջ, 1848 թվականի փետրվարի 21-ին հրապարակված Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Մանիֆեստում» գրված է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք» կարգախոսը: 1920 թվականին Կոմունիստական ինտերնացիոնալն Արևելքի ժողովուրդների համար հրատարակեց այսպիսի կարգախոս. «Պրոլետարներ և ճնշված ժողովուրդներ բոլոր երկրների, միացե՛ք»; Այդ առումով, Վ.Ի. Լենինը նկատել է. «Իհարկե, «Կոմունիստական մանիֆեստի» տեսանկյունից դա ճիշտ չէ, բայց «Կոմունիստական մանիֆեստը» գրվել է միանգամայն այլ պայմաններում, ներկա քաղաքականության տեսանկյունից՝ դա ճշմարիտ է»:

Քանի որ Լենինը համարվում է 20-րդ դարի ամենանշանակալի դեմքերից մեկը, ապա նրա այդ նկատառումն է սույն հրապարակման վերնագրի հիմքում:
 

Գագիկ Վարդանյան