Գյումրիում կնոջ սպանության գործով 3-րդ դատավորն է փոխվում, Ռազգիլդեևին դատարան բերել չի հաջողվում

Գյումրիում կնոջ սպանության գործով 3-րդ դատավորն է փոխվում, Ռազգիլդեևին դատարան բերել չի հաջողվում

2018 թվականին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը կրկին դատարան չի ներկայացել․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանից պահանջում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել Հայաստանի գլխավոր դատախազություն, քանի որ նա խոչընդոտում է արդարադատության իրականացմանը։

Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնվելով ռուսական բազայի տարածքում։ Չնայած սպանված կնոջ իրավահաջորդի շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) փաստաբանները բազմիցս հայտարարել էին, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․Ղուկասյանն ու Ն․Բեգլարյանը դա խախտում չէին համարում։

Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջ․Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2022 թ․ ապրիլից դադարեցրել էին դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։

Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր․ գործի քննության ընթացքում արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի, և նիստը նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։

Ռազմաբազայի հրամանատարությունն ու ինքը՝ Ռազգիլդեևը դատարանին միջնորդել էին դատական նիստին մասնակցությունը կրկին տեսակապով կազմակերպելու հարցով․ դատախազն ու պաշտպանը համակարծիք էին, որ տեսակապով ևս հնարավոր է ապահովել մասնակցությունը, մինչդեռ Ջ․Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը առարկեց միջնորդության դեմ։ Նա վերահաստատեց նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։

Ուշագրավ է, որ ռազմաբազայի ղեկավարությունը դատավարության ողջ ընթացքում Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել․ այսպես՝ 2020 թ․ հունիսի 18-ին ռազմաբազայի հրամանատարությունը դատարանին է դիմել դատական նիստը ռազմաբազայի տարածքում կամ հեռավար միանալու պայմանով անցկացնելու հարցով՝ վկայակոչելով երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված վիճակը․ «Դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջարկվում է դատական գործընթացն անցկացնել բազայի տարածքում տեսակապի միջոցների օգտագործմամբ»։

Իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին Ռազգիլդեևի անունից միջնորդություն է ներկայացվել դատարան, որում, մասնավորապես, վկայակոչվել է համավարակն ու անվտանգության հարցերը և նշվել է․ «Ես վախենում եմ իմ կյանքի և առողջության համար, գտնում եմ, որ իմ նկատմամբ քրեական գործը Շիրակի մարզի դատարանի շենքում քննելու դեպքում ամբողջությամբ չի ապահովվի իմ, վկաների, պահակախմբի կազմում ռուս զինծառայողների անվտանգությունը։ Առավել անվտանգ կլինի գործը քննել բազայի տարածքում կամ տեսակապի ռեժիմով»։

Հետագայում ռազմաբազայի հրամանատարությունը պարբերաբար վերահաստատել է այս դիրքորոշումը՝ տարբեր պատճառաբանություններով։ Պատճառաբանությունների այս բազմազանությունն ու չհիմնավորված լինելը վկայում է այն մասին, որ ռազմաբազայի հրամանատարը բացարձակ կամայական ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հայաստանի դատարանի հանդեպ։

ՀՔԱՎ-ը նաև ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել այն հիմքով, որ պետությունը չի ապահովում կյանքի իրավունքի խախտման փաստի արդյունավետ քննությունը։

Հայկ Հակոբյանը ի պատասխան դատարանի հարցին նշել է, որ սրանով խախտվում են տուժողի իրավահաջորդի արդար դատաքննության և իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, խախտվում են նաև մրցակցային դատավարության հիմքերը, կողմերի իրավահավասարությունը: Եվ որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու․ այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետևանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։

Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց, միջնորդության քննարկումը՝ ևս։

Հաջորդ դատական նիստը կանցկացվի Գյումրիի նստավայրում, քանի որ Մարալիկի նստավայրն ապահովված չէ տեսակապի միջոցով դատական նիստ անցկացնելու հնարավորությամբ։