Մի «անհայտ» մարդու պատմություն

Մի «անհայտ» մարդու պատմություն

Լուսանկարը վերցրել եմ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից: Հունիսի 28-ին տեղի ունեցած միջոցառումից է. արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում դիպլոմներ են ստացել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները: Նկարում շարահրապարակի ամբիոնն է: Աջից կանգնած են արտակարգ իրավիճակների երկու փոխնախարար, ձախից առաջինը Նիկոլ Փաշինյանի անձնական խմբավորման «Հեղափոխության պահապանների» անդամ Հայկ Ստեփանյանն է:

Հայտնի է, որ անցած տարվա սեպտեմբերին Հայկ Ստեփանյանը նշանակվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական: Նրա անունը, սակայն, չկա ԱԺ պաշտոնական կայքի «Ազգային ժողովի նախագահի գրասենյակ» բաժնում: Ալեն Սիմոնյանի այլ օգնականների անունները նշված են: Հայկ Ստեփանյանի անունը չկա նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում: Ի հավելումն, այս լուսանկարին ուղեկցող տեքստում ոչ մի խոսք չկա Հայկ Ստեփանյանի մասին: Նշված է, որ շրջանավարտներին ողջունել եւ շնորհավորել են ԱԻ նախարարի տեղակալներ՝ Արտյուշ Գրիգորյանը, Արա Նազարյանը, Դավիթ Համբարյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը եւ գերատեսչության գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը։

Եթե «Հեղափոխության պահապանների» անդամ Հայկ Ստեփանյանը պաշտոնական հյուր է, ինչո՞ւ անունը չի նշվում, եթե ԱԺ նախագահի օգնականն է, ինչո՞ւ անունը չկա ԱԺ կայքում, եթե աշխատանքի է անցել ԱԻՆ-ում, ինչո՞ւ անունը չկա ԱԻՆ կայքում: Վերջապես ով է Հայկ Ստեփանյանը, գրողը տանի, որ հաջողել է ներկա լինել անցագրային ռեժիմով ելումուտով տարածքում ու դեռ կանգնել փոխնախարարների հետ նույն շարքում:
Այս տրամաբանությամբ Աննա Հակոբյանը (Նիկոլ Փաշինյանի կինը) 44-օրյա պատերազմի ժամանակ հայտնվեց զինված ուժերի կառավարման կետում՝ բուկերում: Պատերազմի ելքը բոլորին է հայտնի:

Արեգ Մարգարյան