Երբ է կառուցվելու Հայաստանի նոր ատոմակայանը․ ի՞նչ առաջարկներ են քննարկվում

Երբ է կառուցվելու Հայաստանի նոր ատոմակայանը․ ի՞նչ առաջարկներ են քննարկվում

2021 թվականին հայտնի էր դարձել, որ նպատակ կա Հայաստանում մինչև 2036 թվականը նոր ատոմակայան կառուցել ։ Այս մասին մասնավորապես խոսել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Փաշինյանն էլ նշել էր, թե մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Նշենք, որ գործող ատոմակայանը  շահագործվելու է մինչև 2026թվականը։ Այդ ժամանակ շահագործման երկարացում պետք է տեղի ունենա 10 տարով՝ մինչև 2036 թվականը։ Այժմ կառավարության որոշում է նախապատրաստում շահագործման ժամկետի երկարացման համար։

«ՀՀ–ում միջուկային նոր էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կքննարկի Հայաստանում Ռուսաստանի առաջարկած 1200 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ–ի նախագծի իրականացման նպատակահարմարությունը։ Առայժմ մենք ուսումնասիրել ենք ռուսական փորձը, աշխտանքներ ենք տարել «Ռոսատոմի» հետ։ Հիմա աշխատանքներ ենք տանում տարբեր երկրների հետ։ Դիզայնը կարող է լինել ամերիկյան, կորեական, ֆրանսիական։ Զուգահեռ բոլորի հետ աշխատում ենք, որպեսզի ընտրություն կատարենք էներգաբլոկների միջև։ Կարևոր է, որպեսզի լինի ժամանակակից և տնտեսապես հիմնավորված։ 

Ամենակարևոր բաղադրիչը լինելու է անվտանգությունը։ Նոր կայանը պետք է 100 տարի աշխատի։ Ռուսական տարբերակը ենթադրում է, որ կայանի աշխատանքը կարող է 60 տարի ժամկետով լինել` 2 անգամ 20 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Այդ դեպքում խոսքը 1200 Մվտ հզորությամբ կայանի մասին է։ Պետք է հասկանալ, թե ինչ հզորություն կլինի 40-60 տարի հետո։ Գործող ռեակտորի հզորությունը 440 ՄՎտ է և դա, կարծես թե, բավարար է։ Այնուամենայնիվ, չի կարող պետության բոլոր կարիքներն ապահովել միայն ԱԷԿ–ը, այլ հզորություններ էլ պետք է լինեն»,– այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մեծամորի ԱԷԿ–ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։