ՀՀ իշխանություններն ընտրել են հանձնվելու քաղաքականությունը, հանձնում են նաեւ այն, ինչը թանկ գնով պահվել է

ՀՀ իշխանություններն ընտրել են հանձնվելու քաղաքականությունը, հանձնում են նաեւ այն, ինչը թանկ գնով պահվել է

Հարցազրույց ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ

- Ադրբեջանցիները երեկվանից ցնծության մեջ են՝ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների առիթով: Ըստ Ձեզ, ո՞ր կետն է նման տրամադրությունների համար հիմք հանդիսացել։

- Հանդիպումից անմիջապես հետո, հենց այսօր՝ առավոտյան, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց՝ ողջունելով եւ նշելով, որ դա ամբողջությամբ բխում է նախկինում առաջադրած իրենց թեզերից՝ մասնավորապես այն 5 կետերից, որոնք դրվում են, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում։ Շատ գոհ են, որովհետեւ փաստացի ուժի սպառնալիքի, ճնշումների ներքո կարողանում են հասնել նրան, որպեսզի այդ հրադադարի չարաբաստիկ հայտնի պայմանագիրը վերափոխվի շատ ավելի իրենց համար ձեռնտու կայունության պայմանագրի, որովհետեւ դրանք բոլորովին այլ իրավական հիմքերով պայմանագրեր են։ Բացի դրանից, հրադադարի հայտնի պայմանագրով Հայաստանը չի հրաժարվել Արցախի այն հատվածից, որը հաջողվել է պահպանել նաեւ 44-օրյա անհավասար եւ դաժան պատերազմից հետո։ Իսկ հնարավոր խաղաղության պայմանագրի հիմնական կետերից մեկն այն է, որ Հայաստանը պաշտոնապես պետք է հրաժարվի Արցախից։ Այլեւս որեւէ ձեւով հանդես չգա ի օժանդակություն Արցախի՝ լինի դա հումանիտար, քաղաքական, թե այլ նպատակներով: Եվ ամբողջությամբ, վերջնականապես՝ Ադրբեջանի ընկալմամբ փակվի այդ թեման։ Իսկ դրանից հետո Ադրբեջանն արդեն կանցնի այլ խնդիրների լուծմանը։ Շատ պարզ սցենար է եւ ամբողջությամբ բխում է իրենց պետության շահերից: Այստեղ խնդիրն այն է, թե ինչու ենք մենք հայտնվում օր-օրի ավելի բարդ իրավիճակում եւ ընդառաջ գնում Ադրբեջանի պահանջներին։ Մի քանի ամիս առաջ, երբ այդ 5 կետերը հայտարարվեցին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հարցազրույցում նշել էր, որ նախապայմանների լեզվով սխալ են համարում բանակցություններ սկսելը, ավելին՝ դիմեցին Մինսկի խմբին, որպեսզի նախաձեռնեն գործընթաց։ Դրանից հետո պարզվեց, որ իրենք ընդունելի են համարում այդ կետերը, բայց հավելումներ են արել։ Այդպես էլ չհասկացանք՝ ինչ հավելումների մասին է խոսքը։ Խոսում էին շատ ընդհանրական ձեւակերպումներով՝ Արցախի ժողովրդի իրավունքների մասին։ Եվ երբ պնդումներ էին արվում, որ կոնկրետ կա ամրագրված իրավունք՝ դա ազգերի ինքնորոշման իրավունքն է, իրենք լղոզված ձեւով ասում էին, որ դա էլ իրավունքներից մեկն է։ Իրականում` ոչ, իրավունքներից ոչ մեկն էլ չէ։ Դա հիմնարար իրավունքն է, որը կարեւոր ձեռքբերում է այս հակամարտության հնարավոր լուծման տեսանկյունից։ Այդ իրավունքն ամբողջությամբ մղվեց հետին պլան, այստեղ որեւէ խոսք չկա, ավելին՝ Մինսկի խումբը վերջնականապես մղվում է հետին պլան։ Թեեւ, պետք է ասել, կենդանության շատ թույլ նշաններ էր ցույց տալիս։ Բայց հայկական կողմի ճիշտ աշխատանքի դեպքում, որը նախկինում դրսեւորվել է՝ որոշ հայտարարություններ լավատեսության հիմք տալիս էին, որ այդ ձեւաչափն աշխատելու է կամ փորձելու է ակտիվանալ։ Այժմ ընդհանրապես դուրս է մղվել։ Այսինքն՝ Հայաստանն ինչ հայտարարում է, հետ է կանգնում։ Ժամանակին ասաց` չի գնա դեմարկացիա, դելիմիտացիայի, մինչեւ ադրբեջանական զորքերը դուրս չգան մեր տարածքից, հիմա պարզվում է, որ ապրիլի վերջին երկկողմ հանձնաժողով են ձեւավորում։ Դրանից հետո հայկական կողմն ասում է՝ պետք է կայուն իրավիճակ ստեղծվի, հետո գնա քննարկումների, բայց Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը սահմանին՝ Արցախում, Հայաստանի հետ սահմանի երկայնքով, ու կրկին Հայաստանն ընդառաջ է գնում։ Հետո հայտարարում են մեր կողմից, թե` գիտեք, պատերազմի լուրջ սպառնալիք կա, մյուս կողմից գնում-բանակցում են, որ խաղաղության պայմանագիր կնքեն։ Հիմա, եթե ատրճանակը պահել են քո ճակատին եւ սպառնում են քեզ սպանել, ու դու դրա ներքո ինչ-որ բան ես ստորագրում կամ համաձայնում, բնականաբար, դա քո շահերից բխող ստորագրություն չէ։ Եվ ավելին ասեմ՝ դա անգամ չի փրկելու քո կյանքը, որովհետեւ մարդկանց ընդամենը պետք է քո ստորագրությունը՝ որպես իրավական հիմք։ Սա է, որի համար Ադրբեջանը, իհարկե, գոհունակություն պիտի հայտնի, որովհետեւ ամբողջությամբ նրանց պահանջներն արտացոլվում են։ Լավագույն դեպքում, որ կարող է հայկական կողմը հանդիպումից շահել (հուսամ՝ գոնե դա կստացվի), դա մեր հայրենակիցների վերադարձն է Բաքվից։

- Ի՞նչ եք կարծում` ե՞րբ կկնքվի խաղաղության պայմանագիր, ժամկետներ կարո՞ղ եք նշել։

- Դատելով հայտարարություններից` կողմերը շտապում են։ Վտանգներ կան, բնականաբար, որոնց մասին մենք էլ ենք բարձրաձայնում։ Խնդիրն այն է, թե ինչու մենք մեր վտանգներին չենք պատրաստվում, ինչի ենք գալիս-հասցնում մի հանգրվանի, որտեղ ներկայացնում ենք սա որպես փրկության ձեւ։ Սա հատուկ ընտրված տակտիկա է` ոչինչ չանել եւ գալ-հասցնել մի կետի եւ ասել՝ գիտեք ինչ, ժողովուրդ, փրկեցինք պատերազմից։ Դրանից հետո էսկալացիա որ լինի, ո՞վ է պատասխան տալու։ Թե՞ կրկին կհայտարարեն, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները։ Ես նորություն ունեմ բոլորի համար՝ Ադրբեջանը մշտապես խախտելու է պայմանավորվածությունները, որովհետեւ, ի տարբերություն մեզ, իրենք գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչպես են դրան հասնելու։ Եվ դրան հասնում են ուժով եւ ուժի սպառնալիքով։ Փաստորեն, այդ ձեռագիրը մարսվում է եւ մարսվում է նաեւ Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում։

- Կա՞ արդյոք որեւէ տարբերակ՝ այս իրավիճակում հայանպաստ արդյունք ստանալու։ Գուցե զուգահեռաբար առաջ քաշվի նաեւ Արցախի ինքնորոշման հարցը։

- Տարբերակներ կան, եթե մենք կարողանանք ճիշտ մանյովրել եւ ճիշտ խոսել տարբեր գործընկերների հետ։ Մի կողմից՝ վերջին զարգացումներն Արցախում, որ մենք տեսանք Քարագլխի եւ Փառուխ գյուղի հետ կապված, եւս մեկ անգամ գալիս են հիմնավորելու այն, որ Արցախն ունի պաշտպանական բանակի կարիք։ Զուտ խաղաղապահի ներկայությունը չի զսպելու ադրբեջանցիներին։ Իսկ Ադրբեջանն անթաքույց ձեւով հայտնում է, որ իրենց նպատակը ռուսների դուրսբերումն է տարածաշրջանից։ Եթե մենք կարողանում ենք այնպես պայմանավորվել, որ հնարավորություն ստեղծվի բանակի ուժեղացման, համապատասխան ձեւով պատրաստության, կարող ենք ե՛ւ ժամանակ շահել, ե՛ւ ճիշտ ձեւով աշխատել։ Նույն ձեւով, եթե կարողանայինք Ալիեւի հռետորաբանությունը, էթնիկ հայի դեմ պետական քաղաքականությունն օգտագործել եւ հստակ ներկայացնել միջազգային գործընկերներին, ցույց տալ այդ անթույլատրելիությունը` Արցախն Ադրբեջանի կազմում, այո, կարող էինք։ Նույն ձեւով, եթե ճիշտ աշխատեինք իրանական կողմի հետ, Հնդկաստանի եւ տարբեր գործընկերների հետ, կարող էինք։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանություններն ընտրել են հանձնվելու քաղաքականությունը եւ ոչ միայն իրենք են հանձնվում, այլեւ հանձնում են այն ամենը, ինչը թանկ գնով պահվել է։

- Բրյուսելում կայացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի՞ տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։

- Կան գործընթացներ, որոնց վերաբերյալ հարցականները դեռեւս շատ են։ Մի կողմից՝ Մոսկվան վերջերս հայտարարեց, որ ողջունում է քննարկումները։ Մյուս կողմից` հայտարարություն եղավ, որ շատ վաղ է խոսել պայմանագրերի մասին, քանի որ դեռ կողմերը պետք է հասնեն դրան, եւ ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս, որ տարածաշրջանում ինքն է որոշողը, թե ինչպես պետք է զարգանան գործընթացները։ Բայց եթե համաշխարհային առումով նայենք Ռուսաստան-Եվրոպա-Արեւմուտք հակադրության համատեքստում, ես կարծում եմ, որ Եվրոպան իսկապես շտապում է։ Իմ տպավորությամբ, հավանաբար, խոստացել են, որ կզսպեն Թուրքիային, կզսպեն Ալիեւին` չի հարձակվի ձեզ վրա, լավ կլինի՝ Փաշինյանը գնա, այդ թուղթը ստորագրի։ Մի խոսքով, փորձել են կոմպրոմիսն ապահովել։ Նաեւ դա ներկայացվում է նրա ներքո, որ ռուսները թուլացել են, դուրս են գալու տարածաշրջանից։ Քարոզչությունը հստակ տարվում է, որ պետք չէ նրանց վրա հույս դնել։ Ես կարծում եմ, որ բացի սեփական ուժերից, իրոք, պետք չէ ոչ ոքի վրա հույս դնել։ Խնդիրն այն է, որ մեզ քարոզում են անզորության զգացողություն, որ մենք ոչնչի ունակ չենք, ոչինչ չենք կարող փոխել, եւ դրա համար ոչինչ պետք չէ անել։ Եթե մենք աշխատեինք, գուցե այլ իրավիճակ ունենայինք, գուցե այլ դիրքերից խոսեինք։ Մենք շատ վատ ու սխալ ընտրություն ենք անում, որը ճակատագրական է լինելու ոչ միայն ներկա, այլ նաեւ ապագա սերունդների տեսանկյունից։

- Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ի՞նչ կարգավիճակ է ենթադրում Արցախի համար։

- Հայաստանը մեր 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից։ Եվ դա չի նշում հիմնական կետ։ Ավելին ասեմ՝ իրենք շեշտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կարգավիճակ չի լինելու: Եթե Հայաստանը ստորագրի այդ թուղթը, ինչը Բաքուն իր առջեւ դրել է, ապա Հայաստանը հրաժարվելու է Արցախից, եւ այնտեղ արցախահայությունը չի կարողանալու ապրել։