«Կա՛մ ՀՀԿ-ն կլինի միակ ընդդիմությունը, կա՛մ Հայաստանն ընդդիմություն չի ունենա»

«Կա՛մ ՀՀԿ-ն կլինի միակ ընդդիմությունը, կա՛մ Հայաստանն ընդդիմություն չի ունենա»

Քոչարյանականներն ու ՀՀԿ-ականները նորից Նիկոլին ու իշխանություններին թողած՝ իրար դեմ են դուրս եկել։ Թեման դարձյալ նույնն է՝ ով բերեց Նիկոլին, ով պահեց Նիկոլին և ով է իրական կեղծ ընդդիմությունը։ Ընդդիմադիր տարբեր թևերի միջև այս գզվռտոցից, բնականաբար, օրվա իշխանությունն է շահում։ Թեև, եթե ընդդիմությունն իր անհասկանալի քայլերով, «սեփական օրակարգով» ու «սուր-կառուցողական» քննադատությամբ ավելի շատ նպաստում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության երկարակեցությանը, այլ ոչ թե՝ ճիշտ հակառակը, ապա ընդդիմությունը ևս արժանի է սուր քննադատության, մի բան էլ՝ ավելին։ Բայց դա ճիշտ կլինի անեն ընդդիմության հետ հույսեր կապող և ավելի շատ չեզոք մարդիկ, ոչ թե իրենց ընդդիմադիր համարողներն՝ իրար դեմ։

Այս փոխհրաձգություններից ու ստատուսակռիվներից, սակայն, հետաքրքիր թեզեր են ի հայտ գալիս։ Բախումը հասել է մի կետի, որ հիմա արդեն խոսում են ոչ թե այն մասին, թե ով է կեղծ ընդդիմությունը կամ ով է Նիկոլին սպասարկող «ընդդիմությունը», այլ թե ով է Հայաստանի միակ ընդդիմությունը։ Ընդդիմության մոնոպոլիզացիա է տեղի ունենում, որի դափնիներին, ելնելով որոշ գրառումներից, հավակնում է ՀՀԿ-ն։

Ահավասիկ, ՀՀԿ  խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի երեկվա գրառումը, որտեղ նախ նա հիշեցնում է իր զզվանքը՝ ոմանց հանդեպ՝ նշելով․ «Նիկոլից ու նիկոլի աջակիցներից շատ ներվերիս վրա ազդում են ներքաղաքական դաշտում գզվռտոց առաջացնողները։ Ապա պաշտպանելով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քոչարյանականների հարձակումներից գալիս հասնում է մի կետի, որ առանց ՀՀԿ-ի ոչ ոք ոչինչ անել չի կարող․ «Հանրապետականն ինքնամաքրվել է ու գնալու է մինչև վերջ: Առանց մեզ, որևէ մեկը չի հաջողելու ու դա քաղաքական էլիտայի յուրաքանչյուր ներկայացուցիչ շատ լավ գիտակցում ա: Հետևաբար ևս մեկ անգամ խնդրում եմ, որ վազն անցնեք մեզանից, այլապես ձեր հերթն եք միայն ու միայն առաջ գցելու ու հենց դուք եք տուժելու: Սերժին մի անգամ մերժեցիք, էլ մի մերժեք: Ձեր ու ձեր երեխաների ապագայի մասին մտածեք»։

Ի՞նչ է նշանակում՝ առանզ մեզ որևէ մեկը չի հաջողելու։ Այն, որ ՀՀԿ-ն «Դիմադրության» շարժման համար մարդաքանակ էր ապահովում իր անդամների ու համակիրների միջոցով՝ դա ոչ ոք չի հերքում։ Բայց ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն է այն միակն ու բացառիկը, որը կարող է հեռացնել Նիկոլին ու փրկել երկիրը կործանումից։ Ոչ ոք չի ասել, որ ՀՀԿ-ի փոխարեն Դաշնակցությունն է կամ, ասենք, Կոմկուսը։ Բայց գուցե հենց այսպիսի մոնոպոլ մղումներն ու դաշտում միակը և բացառիկը լինելու մոլո՞ւցքն է քանդում մեր երկիրն ու տունը։ 

Սա նման է 2018-ին Նիկոլ Փաշինյանի չարաբաստիկ ելույթներից մեկին, որտեղ նա բառացի հայտարարում է․ «Կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։ Այս անեծքի պես հնչող հայտարարությունը տեսանք՝ «ժողովրդի պահանջով» ինչ բերեց այդ նույն ժողովրդի գլխին։ Հիմա մոտավորապես նույնը ՀՀԿ-ն է ասում․ «Կամ մենք կլինենք Հայաստանի միակ ընդդիմությունը, կա՛մ Հայաստանն ընդդիմություն չի ունենա»։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ապահովագրում էր՝ օգտագործելով «ժողովրդի պահանջով» արտահայտությունը, ապա ՀՀԿ-ում ժողովրդի ցանկությանն ու պահաջին չեն էլ նայում՝ իրենք ուղղակի այդպես են որոշել և վերջ։