Սորոսի գրասենյակի հանդեպ բացասական են տրամադրված նրանք, ովքեր կարծում են, թե երկրագունդը տափակ է եւ կանգնած է 3 փղի վրա

Սորոսի գրասենյակի հանդեպ բացասական են տրամադրված նրանք, ովքեր կարծում են, թե երկրագունդը տափակ է եւ կանգնած է 3 փղի վրա

Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպությունը երեկ հայտարարեց, որ դադարեցնում իր գործունեությունը, սակայն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը որոշել է առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ, որն առանձնանում է կազմակերպության գլոբալ ցանցից։ Այսպիսով, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը դադարեցնում է իր գործունեությունը որպես Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ցանցի մաս։

2023 թ․-ին կստեղծվի նոր, տեղական կառույց, որի գործունեության ուղղությունների և ռազմավարության մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Սակայն նոր կառույցը մինչև 2025 թվականը նվազող ֆինանսավորում կստանա գլոբալ հիմնադրամից։ Ստացվում է, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, որն առավել հայտնի է Սորոսի գրասենյակ անունով, փոխում է անունը, սակայն չի դադարեցնում իր գործունեությունը Հայաստանում: Հայտնի չէ, թե ֆինանսական ինչ միջոցներով է գործելու հայաստանյան գրասենյակը, գոնե՝ 2025-ից հետո՝ երբ դադարեցվի ֆինանսավորումը Սորոսի հիմնադրամից: Գաղտնիք չէ, որ մեզանում հանրության լայն շերտերն ունեն բացասական վերաբերմունք վերոնշյալ կազմակերպության նկատմամբ և գուցե այս անվանափոխությունն ու «տեղափոխությունն» արվում է տպավորությունը փոխելու եւ իրենց գործունեությունը հեշտացնելու համար։ Գուցե փորձում են նաեւ ասել, թե տեսեք՝ նախկին իշխանությունների օրոք Հայաատանում բացվեց Սորոսի գրասենյակը, իսկ ահա Փաշինյանի օրոք այն դադարեցնում է իր գործունեությունը:

Ի վերջո՝ ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ճակատագիր կունենա Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն, այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է կազմակերպության տնօրենների խորհրդի նախկին անդամ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է գործունեությունը, սակայն կազմակերպությունը նախապատվություն է հայտնել առաջ տանել իր աշխատանքը որպես լիովին անկախ հիմնադրամ: Ի՞նչ ասել է՝ դադարեցնել կազմակերպության գործունեությունը, սակայն առաջ տանել աշխատանքները:

-Ես ուղիղ երկու տարի է չեմ զբաղեցնում հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը: Ես հիմա տեղեկություններ չունեմ, սակայն որքանով տեղյակ եմ, այս որոշումը ոչ միայն Հայաստանի մասնաճյուղին է վերաբերում, այլև՝ ողջ աշխարհին: Փոխվում է ընդհանուր ձևը: Կա որոշակի ժամկետ, այն լրանալուն պես տնօրենների խորհրդի անդամները հեռանում են, այնպես որ ես այնտեղ չկամ այլևս:

-Գաղտնիք չէ, որ հասարակության լայն շերտերն ունեն ընդգծված բացասական վերաբերմունք Սորոսի գրասենյակի դեմ: Իհարկե, որոշ շրջանակներ երբեմն շահարկում են հիմնադրամի անունը, մեղադրում են, այսպես ասած, սորոսականներին աներևակայելի «հանցագործությունների» մեջ, սակայն հասարակությունն այնուամենայնիվ դրական վերաբերմունք չունի հիմնադրամի նկատմամբ: Գուցե այս փոփոխությունը հենց դրա՞ համար է արվում:

-Հասարակությունը բացասական վերաբերմունք չունի: Այդ տեսակետն իրականությանը չի համապատասխանում: Հասարակությունը բազմաշերտ է, հիմնականում բացասական վերաբերմունք ունեն նրանք, ովքեր կարծում են, թե երկրագունդը տափակ է ու կանգնած է երեք փղի վրա: Այն երկրներում, որտեղ հիմնադրամը պաշտոնապես գործում է, մարդիկ ունեն շատ դրական վերաբերմունք: Կան նաև երկրներ, որտեղ հիմնադրամի գործունեությունն արգելված է, օրինակ՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը և այլն: Նրանք, ովքեր Բաց հասարակություններ հիմնադրամի հանդեպ ունեն բացասական վերաբերմունք, ունեն քաղաքակրթության այլ դաշտ: Փոփոխությունը քանի որ ողջ աշխարհում է արվում, ուստի չեմ կարծում, որ այն կապված է հասարակության որոշակի շերտի վերաբերմունքի հետ: Այստեղ վերահսկելի դարձնելու խնդիր եմ տեսնում: Ազգային կենտրոնները բոլոր դեպքերում գործում են բավականաչափ ինքնուրույն, գուցե այս փոփոխությունն էլ հենց դրա հետ է կապված: Ես լսել եմ, ազգային կենտրոնը դառնալու է տարածաշրջանային կենտրոն: Հիմնադրամն այսպիսով դառնում է ազգային կենտրոն: 

-Կարծում եք՝ հայ հասարակությունը բաց հասարակություն հիմնադրամներին դրակա՞ն է վերաբերվում:

-Կդժվարանամ հստակ ասել, բայց ես գիտեմ, թե դրան ինչպես են վերաբերվում երիտասարդները, հաշմանդամները, ՀԿ-ները, իրավապաշտպանները, սեռական փոքրամասնությունները, դատապարտյալներն ու հոգեկան հիվանդները: Նրանք բոլորը հիմնադրամին շատ բարձր են գնահատում: Կան մարդիկ, որոնք կարծում են, թե նույն կազմակերպությունն ամեն ինչ անում է հայուգենը վերացնելու և մեզ գլոբալիզացիայի ենթարկելու համար: Ի դեպ, այդ շրջանակները պնդում են, թե Ջորջ Սորոսն Էրդողանի և Ալիևի հետ Հայաստանը ոչնչացնելու ծրագիր է մշակել, այն նույն Էրդողանի և Ալիևի, որոնք Սորոսին համարում են իրենց թշնամին….

-Մենք տեղեկացանք, որ հիմնադրամի ֆինանսավորումն ավելի է մեծանալու….

-Ես չեմ հետաքրքրվել: Իմ կողմից տգեղ քայլ կլիներ, քանի որ ես վաղուց տնօրենների խորհրդի անդամ չեմ: Դուք որպես լրագրող այդ հարցը կարող եք տալ իրենց, ես որպես քաղաքացի դա ճիշտ չեմ համարում: