Շատ բան կախված է Երևանից․ Ալիևի ներկայացուցիչ

Շատ բան կախված է Երևանից․ Ալիևի ներկայացուցիչ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է, եթե Երևանը հավատարիմ մնա դրան և կառուցողական դիրքորոշում ցուցաբերի խաղաղ գործընթացում։ Այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ իտալական Adnkronos գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Ալիևի ներկայացուցիչն ընդգծել է, որ բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության աստիճանից», որոնք այսօր, իբր, երկակի մոտեցում ունեն. 
«Մի կողմից խոսում են գործընթացն ավարտելու ցանկության, խաղաղության պայմանագրի վրա աշխատելու մասին, մյուս կողմից դիվանագիտական ​​պատերազմ են սկսել Ադրբեջանի դեմ»։

Ամիրբեկովի խոսքով, Հայաստանի իշխանությունները «չարաշահում են» տարբեր միջազգային հարթակները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, նույնիսկ Եվրամիությունը։ 
Այսպիսով, Երևանը «ոչ միայն շեղում է բոլոր շահագրգիռ կողմերի ուշադրությունը խաղաղության գլխավոր ճանապարհից, այլև գործընթացը փակուղի է բերում»,- նշել է ադրբեջանցի դեսպանը՝ պարզաբանելով, որ «Բաքուն որևէ պայման չի առաջադրում» համաձայնության գալու համար։ .

«Բայց ես կարծում եմ, որ վերջնական համաձայնության հասնելու համար Հայաստանը պետք է ցույց տա, որ հարգում է արդեն իսկ ստանձնած պարտավորությունները, կկատարի նախկինում տրված խոստումները,– նշել է նա,– կարծում եմ, որ Հայաստանը պետք է վերսկսի բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, բայց ամենաբարձր մակարդակով, և դադարեցնեն իրենց դաշնակիցների օգնությամբ զուգահեռ ուղղություններով հետապնդել սեփական նեղ քաղաքական նպատակները»: