Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

Արթուր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց

Նորք-Մարաշում 2015 թվականին հայտնաբերված զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց։ Լուրն այս հաստատեց Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Նա ասաց, որ սրվել է Վարդանյանի աղիքների հիվանդությունը, որը նա ձեռք էր բերել կալանքի տարիներին։ «Դա կոչվում է Կրոնի հիվանդություն։ Նման հիվանդները պետք է ամբողջ կյանքում բժշկի հսկողության տակ լինեն։ Նախկինում նա այդ հիվանդությունը չի ունեցել»,- ասաց փաստաբանը։ Կրոնի հիվանդությունն աստիճանաբար ոչնչացնում է աղեստամոքսային համակարգը եւ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։ 

Արթուր Վարդանյանը կալանքի տակ է գտնվում 2015 թվականի նոյեմբերից։ Նրա գործը հաճախ անվանում են զինյալ խմբի կամ բանդայի գործ, սակայն հետագայում այնքան զինյալ խմբեր ու բանդաներ եղան, որ Վարդանյանն իր թիմակիցներով դադարեց ընկալվել որպես վտանգավոր հանցագործ, իսկ հանրության որոշ զանգված եւ հատկապես սփյուռքահայությունը նույնիսկ մեծ համակրանքով են վերաբերվում Արթուր Վարդանյանին։ Տեղեկություններ կան, որ նա միջոցներ էր հավաքում հայկական սփյուռքից Քեսաբի ինքնապաշտպանության, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանական բանակի համար։ 

Նորք-Մարաշում ձերբակալվածներից, խմբի անդամներից կալանքի տակ է մնացել միայն պարագլուխ համարվող Վարդանյանը։ Մյուսներին ազատ են արձակել գրավի դիմաց։ Նա դուրս էր եկել նախկին իշխանության դեմ։ Ներկաները նախկինների դեմ բոլոր դուրս եկածներին, բացառությամբ «Սասնա ծռերի» գործով ոստիկանների մահվան մեջ մեղադրվողներից, ազատ են արձակել։ Արթուր Վարդանյանը մնացել է կալանքի տակ։ Խափանման միջոցը վիճարկվում է դատարանում։ Դատական նիստը նշանակված է այսօր։ «Այսօր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստ կար, բայց Արթուրի վիճակը լավ չէ»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը։