Վիրավորեցին, հայհոյեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին
«Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի ներկայացմանը մասնակցող ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ելնելով նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերից, նրանց դատական գործընթացներից, որքանո՞վ է այսօր դատաիրավական համակարգն անկախ, զերծ գործադիր իշխանության ճնշումներից։
«Դատաիրավական համակարգի նկատմամբ միշտ էլ հանրության վստահությունը մեծ չի եղել։ Դա ունեցել է եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներ։ Քրեական գործերով փաստաբանները միշտ էլ մտահոգված են եղել դատարանի՝ մեղավորության կանխավարկածով շարժվելու ուղղությամբ։ Իհարկե, տարեցտարի այդ մոտեցումը փոխվել է դեպի լավը։ Նախկինում մեղադրողը հավասարության նշանը դնում էր դատավորի, ոչ թե փաստաբանի հետ։ Գնալով արդարադատության որակը բարելավվել է։ Մենք նայում ենք քրեական արդարադատության հարցերին փաստաբանի աչքերով, եւ եթե փաստաբանը դժգոհ է արդարադատության իրականացումից, ուրեմն ունի օբյեկտիվ հիմքեր։ Չեմ կարող գնահատական տալ կոնկրետ գործերով, դա ավելի լավ կանեն տվյալ գործով փաստաբանները։ Ինձ ավելի շատ մտահոգում է փաստաբանների նկատմամբ հասարակության անհանդուրժող վերաբերմունքը։ Դուք լավ գիտեք, որ վիրավորեցին, հայհոյեցին այդ գործերով մասնակցող փաստաբաններին (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Մասիսի քաղաքապետի փաստաբաններին), եւ այդ խնդիրը, ցավոք, կա։ Դա նաեւ կապ ունի իրավագիտակցության հետ, որովհետեւ հասարակությունը փաստաբանի դերն ամբողջությամբ չի ընկալել։ Իրենք փաստաբանին դիտարկում են որպես մեղադրյալին օժանդակող, ենթադրյալ հանցագործությունից խուսափելուն օգնող մարդկանց։ Կարծում եմ, դա խնդրահարույց է»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Նկատեցինք, որ հենց Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանները քաղաքական բնույթի հայտարարություններ են արել՝ դուրս գալով իրավական հարթությունից։ «Մենք նման դեպքերում փաստաբաններին հորդորում ենք, որ իրենց չնույնացնեն վստահորդների հետ։ Եվ մեր երաշխիքներից մեկն էլ այն է, որ փաստաբանը չնույնացնի իր վստահորդի հետ, դա հանգեցնում է բացասական հետեւանքների։ Իսկ երբ հասարակությունն է փաստաբանին նույնացնում վստահորդի հետ, դա տեղի է ունենում, երբ փաստաբանն այնպիսի գործողություններ է կատարում, որոնք մասնագիտական գործունեությունից դուրս են, եւ ինքն է նպաստում նույնացմանը։ Օրինակ՝ նա քաղաքական հայտարարություններ է անում, վստահորդի այլ հատկանիշներ է գովաբանում։ Բնականաբար, զգայուն քաղաքական գործերով փաստաբանը պետք է ավելի զգոն լինի, պատկերացնի հասարակական տրամադրությունները՝ նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշեց Արա Զոհրաբյանը։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ զրույցում հիշեցրինք նախօրեին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի խոսքերը, որ պետական մարմինները պարտվում են դատական ատյաններում, եւ դա վկայում է ժողովրդավարության մասին։ «Ես չեմ տիրապետում վիճակագրական տվյալների։ Նախկինում էլ են պետական մարմինները պարտվել վարչական արդարադատության ոլորտում, հարկային, մաքսային մարմիններն են պարտվել, միշտ էլ եղել են նման դեպքեր։ Միգուցե այս ժամանակաշրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր է, դրա համար է նախարարի պաշտոնակատարը նման բան հայտարարում»,- արձագանքեց Արա Զոհրաբյանը։
Կարծիքներ