Մաշադյանը երկու անգամ է որակավորման քննություն տվել

Մաշադյանը  երկու անգամ է որակավորման քննություն տվել

 ՀՀ գլխավոր դատախազությունը, պատասխանելով «Հրապարակի» հարցմանը, ՊԵԿ նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու՝ Հարություն Մաշադյանի՝ նշանակմանը զինդատախազության Երևանի կայազորի զինդատախազ նշանակվելու վերաբերյալ, պարզաբանում է տարածել, որը հրապարակում ենք ամբողջությամբ։ 
« 2007թ. ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով (որն ուժը կորցրել է 2018թ. ապրիլին) Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ` որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին, գլխավոր դատախազի սահմանած կարգով անցկացվող բաց մրցույթի միջոցով: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների լրացուցիչ ստուգում:

Տվյալ դեպքում Հարություն Մաշադյանը դիմել և մասնակցել է ՀՀ դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից 2017թ. հունվարի 13-ին կազմակերպված դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին, որի արդյունքներով հաղթող չի ճանաչվել: Ելնելով դատախազների թեկնածուների ռեզերվը համալրելու անհրաժեշտությունից՝ դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար օրենքով սահմանված կարգով 2017թ. փետրվարի 17-ին կազմակերպվել է հավակնորդների լրացուցիչ ստուգում, որին դիմել և մասնակցել են նաև նախորդ մրցույթին հաղթող չճանաչված 9 քաղաքացի, այդ թվում՝ Հարություն Մաշադյանը: Ստուգման արդյունքում հաղթող են ճանաչվել մասնակիցներից երեքը, որոնք ՀՀ արդարադատության ակադեմիայում անցնել են ուսումնառության համապատասխան ծրագիր: Նույն ժամանակ Արդարադատության ակադեմիայում ուսումնառությունն ավարտել են դատախազի թեկնածուների ցուցակում ընդգրկված թվով 20 անձինք, որոնցից 12-ը դատախազի պաշտոնում նշանակվել են մինչև ՀՀ Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնում Հ. Մաշադյանի նշանակվելը: 

 1. Հ. Մաշադյանը դատախազի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 23 տարեկան հասակում: 
Նախորդող տարիներին, պայմանավորված օրենսդրորեն դատախազի պաշտոնում նշանակման տարիքային նվազագույն ցենզի բացակայությամբ՝ դատախազի պաշտոնում նշանակվել են 21, 22, 23 տարեկանը լրացած  անձինք: Մասնավորապես նրանցից առնվազն երկուսը, որոնք 23 և 24 տարեկան հասակում համապատասխանաբար 2015 և 2016թ. նշանակվել են դատախազ, ներկայումս աշխատում են ՀՀ գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումներում:
Հաշվի առնելով ինչպես դատախազի պաշտոնում նշանակման համար տարիքային նվազագույն սահմանաչափ նախատեսելու, ինչպես նաև մասնագիտական փորձառության անհրաժեշտությունը՝ 2017թ. նոյեմբերի 17-ին ընդունված և 2018թ. ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվեցին դատախազ նշանակվելու համար ներկայացվող լրացուցիչ ընդհանուր պահանջներ, համաձայն որոնց՝ դատախազ կարող է նշանակվել առնվազն 25 տարին լրացած,  մինչև 65 տարեկան ՀՀ այն քաղաքացին, որը, ի թիվս այլ պահանջների, պետք է ունենա իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն: 

 2. Հ. Մաշադյանը ՀՀ Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազությունից փոխադրվել է Երևան քաղաքի կայազորի զինվորական դատախազության հավասարազոր պաշտոնի՝ նկատի ունենալով Երևանի կայազորի դատախազությունում առաջացած 2 թափուր հաստիքների առկայության պայմաններում ստորաբաժանման գերծանրաբեռնվածությունը մեղմելու անհրաժեշտությունը: Նման փոխադրումները ընդունված պրակտիկա են դատախազության համակարգում. դրանք պայմանավորված են դատախազության տարբեր ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, մարդկային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակներով: 

3. Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Հ. Մաշադյանը նշանակվել է 2018թ. մարտին, որպեսզի հետագայում նրա վրա չտարածվի 2018թ. ապրիլից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքով նախատեսված՝ դատախազի պաշտոնում նշանակվելու նվազագույնը 25 տարեկանը լրացած լինելու պահանջը, անհրաժեշտ է նշել, որ օրենսդրական այդ սահմանափակումը չէր կարող տարածվել մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը դատախազի պաշտոն զբաղեցնելու հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց վրա, քանի որ նոր իրավակարգավորումներով անձի վիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չեն կարող ունենալ: Հետևաբար շտապողականություն ցուցաբերելու կամ չցուցաբերելու մասին խոսելն անտրամաբանական է և հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու մանիպուլյացիոն նպատակ»։ 
       Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին «Հրապարակում» տպվել է «Դատախազության քինդեր սյուրպրիզը» հոդվածը, որում անդրադարձել էինք Հարություն Մաշադյանի նշանակմանը։