Զինվորականներին կարգելվի օգտվել սմարթֆոններից եւ ունենալ սոցցանցային էջեր

Զինվորականներին կարգելվի օգտվել սմարթֆոններից եւ ունենալ սոցցանցային էջեր

Ռուսաստանի Պետական Դուման երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, որը արգելում է զինվորականներին օգտագործել սմարթֆոններ եւ ունենալ սոցցանցային էջեր, ինչպես նաեւ շփվել լրագրողների հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ընդ որում խոսքը ոչ միայն սմարթֆոնների մասին է, այլ նաեւ այն բոլոր տեսակի գաջեթների, որոնք կարող են պահպանել ինֆորմացիա եւ այն տարածել Համացանցի միջոցով։ Սոցցանցերի պարագայում էլ զինվորականները իրավունք չեն ունենա Համացանցում հրապարակել ցանկացած տվյալ իրենց գտնվելու վայրի կամ զինվորական լինելու մասին, ինչպես նաեւ տեղեկություններ ներկայիս եւ նախկին ծառայակիցների մասին կամ ընտանիքի անդամների մասին։

Նման սահմանափակումները օրենքի նախագծի հեղինակները հիմնավորել են այն հանգամանքով, որ այլ պետությունների հատուկ ծառայությունները կամ ահաբեկչական տարբեր խմբավորումները հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ռուս զինվորականության հանդեպ։