Արաբկիրում քաղաքապետի որոշմամբ շինություն է ապամոնտաժվում․ բնակիչները անհանգստացած են

Արաբկիրում քաղաքապետի որոշմամբ շինություն է ապամոնտաժվում․ բնակիչները անհանգստացած են

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչներից մեկը։ Քաղաքացու խոսքով՝ վերոնշյալ հասցեի հարևանությամբ շինարարական քանդման աշխատանքներ են ընթանում, ինչի արդյունքում շենքը դղրդում է, բնակիչները անհանգստացած են։

«Պրն Դանիելյանից նման հարցեր ճշտելը, իմ կարծիքով, էդքան էլ ճիշտ չի։ Մեր աշխատակազմը 160 հոգի է, նրանցից յուրաքանչյուրն առանձին մի կոնկրետ բանի համար պատասխանատու են։ Եթե ուզում եք ավելի կոնկրետ ինֆորմացիա ստանալ, պետք է զանգեք կոնկրետ բաժին։ Ինչ վերաբերվում է կոնկրետ էդ խնդրին, իմ կարծիքով էդ քանդման աշխատանքների արդյունքում դղրդում է, կողքի շենքերի բնակիչներին կարող է թվալ՝ ինչ-որ արտասովոր բան է»,- մեզ հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։

Արաբկիր վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի ղեկավար Մհեր Մանթաշյանը մեզ փոխանցեց, որ խոսքը Գրիբոյեդով  48 հասցեի մասին է, որտեղ շինարարական, քանդման աշխատանքներ են տեղի ունենում։

«Քանդման աշխատանքներ են, որի համար կա քաղաքապետի որոշում։ Էս պահին չեմ ուզում գնահատական տալ, բայց, իհարկե, շենքերին վտանգ չեն սպառնում։ Տարածում շինություններ կան, որոնք պետք է ապամոնտաժվի, որպեսզի տեղում նոր շենքեր կառուցվեն։ Գրիբոյեդով  48-ը Մամիկոնյանց փողոցից հետ ընկած տարածք է։ Բավականին մեծ տարածք է, որտեղ ժամանակին շինություններ են կառուցվել, որոնք պետք է ապամոնտաժվեն քաղաքապետի որոշմամբ, այսինք՝ էս պահին որևէ անօրինական բան այնտեղ չի իրականացվում։»,-ասաց Մանթաշյանը։

Նա նշեց, որ քանդման աշխատանքները նոր են սկսվել, դեռ հստակ չէ՝ երբ կավարտեն շինարարական աշխատանքները։

«Գրության մեջ 16 ամիս է նախատեսված քանդման հաար»,-հավելեց Մանթաշյանը։