Թուրքերի «հազար մաղով» չանցնենք 

Թուրքերի «հազար մաղով» չանցնենք 

Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած մեծամասշտաբ հանրահավաքը ոչ միայն արցախահայության, այլև համայն հայության ցասումի վառ դրսևորումն էր: Ցասում՝ անարդարության, ռասսայականության, բռնության ու մեկ դարից ավելի ձգվող հայերի ցեղասպանության դեմ, ինչին անհաղորդ է «համաշխարհային առաջավոր հանրությունը»:

Այդ հանրահավաքը կարող ենք անվանել ոչ թե «Ղարաբաղյան շարժում-2», այլ «Հայապահպանական շարժում» (իրականում այդպիսին էր նաև 1988-ին մեկնարկած ղարաբաղյան շարժումը) չարաբաստիկ «զրոյական կետից»: Ըստ էության, այն սահմանազատեց նոր ժամանակաշրջանը նախորդից, դրա հետ միասին, ազդարարելով հայ ժողովուրդի համակերպվելն ինչ-որ ուժերի կողմից պարտադրված, հազարավոր հայորդիների արյան, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության երեք տասնամյակից ավելի զրկանքների զրոյացմանը: 
Միևնույն ժամանակ, հայ ժողովրդի առողջ հատվածը չհամակերպվեց ստեղծված իրավիճակի հետ, չհամաձայնեց իր պատմական հայրենիքում հայերի համար սպասվող կործանարար զարգացումների հետ: Հանրահավաքն ազդարարեց, որ հայերը չեն պատրաստվում թուրքերի «հազար մաղով անցնել»:

2020 թվականին հաջորդած զարգացումները փաստեցին, որ թուրքերն իրապես միտված են «մաղել» ՀՀ-ն և Արցախը: Կարելի է չկասկածել, որ 50, 100 տարվա վաղեմության ժողովրդագրական քարտեզները կհանվեն արխիվներից և այդ դեպքում՝ Երևանում, Արարատյան դաշտում և այլուր ուժով կվերաբնակեցնեն թուրքերին: Միևնույն ժամանակ, դա չի լինի սիմետրիկ գործողություն և Ադրբեջանում թողած հայերի տներն ու ունեցվածքը չի վերադարձվի նրանց, հարյուրհազարավոր հայեր երբեք չեն վերադառնա բորենիների երախ, չեն վերականգնվի հայկական պատմամշակութային հուշարձանները, հայկական «հետքն» այդ քոչվորներին անցած Արցախի տարածքի մի մասում, Նախիջևանում:

Ընտրությունը հայ ժողովրդինն է՝ անցնե՞լ թուրքերի «հազար մաղով», թե՞ չանցնել: Դրա համար պետք չէ հանրաքվե անցկացնել: Հանրահայտ բան է, որ քոչվորները, դեռ չգրաված այս կամ այն բնակավայրը, աշխարհագրական տեղանքը, արդեն անվանափոխություններ էին կատարում: 
Հետևաբար, ժողովրդի ընտրությունը կարող է իրականացվել շատ պարզ գործողություններով: Նախկինում թրքացված բնակավայրերի թուրքական անվանումներով ցուցանակները պետք է տեղադրել այն բնակավայրերում, որտեղ բնակչությունը ցանկանում է թուրքահպատակ դառնալ: Նույնը կարելի է անել քաղաքների փողոցների կամ առանձին թաղամասերի առնչությամբ: Եւ հանձնել «բարեկիրթ» Իլհամին…

Ախր, «խեղճ» Իլհամն ի՞նչ անի, ինչու՞մ է նրա մեղքը, երբ, իբր, հազարամյակների պատմություն ունեցող ազգը դեռ չի կողմնորոշվել, ցանկանու՞մ է ինքնիշխան, արժանապատիվ պետություն ունենալ, թե՞ ոչ:

Գագիկ Վարդանյան