Վարչապետը կարգ է խախտում

Վարչապետը կարգ է խախտում

Քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր լայվ էր մտել, ոչ ավել և ոչ պակաս, մետրոյից։ Նշենք, որ մետրոն համարվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ և այնտեղ արգելվում է տեսանկարահանումն ու լուսանկարահանումը։ Հավանաբար մետրոյով երթևեկելիս կայարաններում քաղաքացիները տեսած կլինեն լուսանկարահանումն ու տեսանկարահանումն արգելող նշանը։ Բազմիցս նաև լրագրողներիս են արգելել մետրոյում թեկուզ մեկ կադր նկարել կամ մեկ լուսանկար անել։ Տարիներ առաջ նույնիսկ ոստիկանները թույլ չտվեցին նկարահանել հետախուզման մեջ գտնվողների ցուցափեղկը։ Զանգահարեցինք Մետրոպոլիտեն՝ հասկանալու համար՝ ի վերջո լուսնակարահանել և լայվ մտնել կարելի՞ է, թե՞ ոչ։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը նկարահանումներ անելու կարգը մեկնաբանեց հետևյալ կերպ․

«Իրականում կարգն այդպիսին է, երբ որ Մետրոպոլիտեն են դիմում նկարահանում իրականացնելու նպատակով, ներկայացնում են, թե ինչ ֆորմատի նկարահանում են ցանկանում՝ հարցազրույց, ռեպորտաժ, հարցազրույց մեքենավարի հետ։ Այնուհետև քննարկում է իրականացվում, ստանում են թույլտվությունը, այնուհետև տնօրենի կամ մամուլի քարտուղարի ուղեկցությամբ իրականացնում են նկարահանումները»։

Իսկ վարչապետը դիմե՞լ է թույլտվություն ստանալու համար․

« Վարչապետը․․․․ Իրականում․․․ Ոչ, վարչապետը չէր դիմել»։

Վարչապետի հետ սելֆիներ անող հարյուրավոր քաղաքացիները նույնպե՞ս չէին դիմել․

«Նորագույն տեխնոլոգիաների դարում, երբ յուրաքանչյուր ոք ունի հեռախոս, ոչ մեկին չենք կարող վերահսկել, միայն ֆոտո և վիդեո նկարահանումն է վերահսկվում մեզ մոտ, քանի որ դրանք ակնառու են։ Չեն կարող յուրաքանչյուր քաղաքացու հետևից գնալ ու հասկանալ իրականացնում է, թե չէ»։ Արձանագրե՞նք, որ վարչապետը թույլտվություն չէր ստացել․

«Միգուցե քաղաքապետարանից են տվել, ես չեմ կարող ասել, որևէ հստակ պատասխան չեմ կարող տալ, լա՞վ, ես տեղեկացված չեմ»։

Իսկ երբ կայարաններն հսկող ոստիկանները տեսնում են սելֆի անող քաղաքացիների, սովորաբար ինչպե՞ս են վարվում․

«Մոտենում են, անպայման զգուշացնում են։ Թեկուզ կառամատույցի աշխատակիցներն էլ լինեն, եթե տեսանելի է լինում, մոտենում, զգուշացնում են»։