Կողմ չեմ, բայց դեմ էլ չեմ

Կողմ չեմ, բայց դեմ էլ չեմ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ճի՞շտ է, որ Եվրանեսթի բյուրոյի նիստում հակառուսական բնույթի փաստաթուղթ է հրապարակվել, ասել է. «Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձեւ, որին ես կողմ չեմ քվեարկել, քվեարկությանը ձեռնպահ եմ եղել»։ Այսինքն՝ ինքը կողմ չի եղել, բայց դեմ էլ չի եղել: Այնուհետեւ պարզվել է, որ ընդամենը հայտարարություն է եղել, այլ ոչ թե բանաձեւ: Բայց դա էլ չի արդարացնում դեմ չքվեարկելու երեւույթը: Ի դեպ, ռուսերենում մի այսպիսի արտահայտություն կա՝ ուղղված որեւէ անձի. «Ни рыба, ни мясо» (ո՛չ ձուկ եւ ո՛չ էլ միս): Ինչը նշանակում է, որ նրանից իմաստ չունի սպասել ակտիվ գործողություններ, նրանից չկա ո՛չ օգուտ եւ ո՛չ էլ վնաս: Իսկ հայտարարությունում, ըստ կայքի լրագրողի, առկա են եղել Ռուսաստանի դեմ ձեւակերպումներ՝ ուկրաինական իրավիճակի առնչությամբ: 

Ասեմ, որ դա առաջընթաց կարելի է համարել, քանի որ երկու-երեք տարի առաջ եվրոպական մեկ այլ կառույցում տիկնոջ գործընկեր մեկ այլ ուսապարկ կողմ էր քվեարկել հակառուսական ինչ-որ բանաձեւի: Հետո, իհարկե, մեղա էր եկել, թե կոճակների տեղն էր շփոթել: Ու նաեւ ռուսական պատվիրակության հետ բարեկամական հանդիպման վերաբերյալ ինչ-որ նկար էր հրապարակել Ֆեյսբուքում, որպեսզի ապացուցեր, թե ինչքան լավ է ինքը ռուսական պատվիրակության անդամների հետ: Իհարկե, նրան հավատացող չկար ու չէր էլ կարող լինել:

Վերադառնալով վերը նշված առաջընթացի երեւույթին՝ ասեմ, որ այն ավելի քան ձեւական է, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունը մեզ շնորհակալություն չի հայտնի, իսկ նիստի մասնակիցներն էլ երեւի սկզբում զարմացել են, իսկ հետո էլ հասկացող տեսքով գլուխները տմբտմբացրել: Իսկ իրականությունն այն է, որ ռուսական անվտանգության համակարգում գտնվող երկրի (Արցախի խնդիրն էլ ներառյալ) մայրաքաղաքում անցկացվող պաշտոնական հանդիպմանը հակառուսական փաստաթուղթ է շրջանառվում, եւ հայաստանյան պատվիրակությունը որեւէ ձեւով դրան չի խոչընդոտում: Ինչը, ինչպես գործող իշխանության բոլոր մնացած ողջ գործունեությունը, անհեթեթության շարքից է:

Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Հայաստանի, այսպես ասած, առաջադեմ հանրության կողմից Դաշնակցությունը մեղադրվում էր «դեմ լինելով կողմ լինելու» մեջ: Այսօր, այդ հանրության ներկայացուցիչների իշխանության պայմաններում որեւէ լուրջ հարցում Հայաստանը ո՛չ կողմ է եւ ո՛չ էլ դեմ: Ինքն ընդամենը ներկա է՝ ներկա դիտորդի կարգավիճակով: Հենց դա է այսօրվա մեր իրականության բանալին՝ մենք ընդամենը դիտորդի կարգավիճակում ենք բոլոր այն հարցերում, որ վերաբերում են մեզ: Ու այդ կարգավիճակով իբրեւ թե ժողովրդավարություն ենք կայացնում եւ տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացում: Խելքի աշեցե՛ք՝ կասեր աշուղը: