ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է 600 ամերիկացի զինվորականների մահվան մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է 600 ամերիկացի զինվորականների մահվան մեջ

Միացյալ Նահանգները Իրանին մեղադրել է իր 608 զինվորականների մահվան մեջ։ Նշված զինվորականները զոհվել են Իրաքյան պատերազմի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի հարցերով ամերիկացի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Ինչպես փոխանցում է РИА Новости լրատվական գործակալությունը, ամերիկացի դիվանագետը ասել է․ «Ես այսօր կարող եմ հայտարարել, հիմնվելով գաղտնազերծված տվյալների վրա, որ Իրանն է կրում պատասխանատվությունը ամերիկյան այն 608 զինվորականների մահվան համար, որոնք զոհվեցին Իրաքում»։ Նա հավելել է, որ 2003-11 թթ ընթացքում դա ամերիկյան կորուստների 17 տոկոսն է ընդամենը։ Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Իրաքն ու Իրանը հիմա ունեն սերտ հարաբերություններ եւ Իրանը փորձում է վերահսկողություն սահմանել Իրաքի հանդեպ։ Հուկը նկատել է, որ հարաբերությունների սերտ լինելը պայմանավորված է նրանով, որ երկու երկրներում էլ բնակչության մեծ մասը շիա մահմեդականներ են։