Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ․ ահազանգում են անօրինականության մասին

Մանվել Գրիգորյանի պաշտպանները դիմելու են ՄԻԵԴ․ ահազանգում են անօրինականության մասին

«Վարչապետը հայտարարել է, որ չի միջամտելու դատական համակարգին, չի միջամտելու քննչական գործողություններին, բայց դա քիչ է։ Քիչ է այնքանով, որքանով այդ միջամտողը պետական լիազոր մարմինն է` ի դեմս վարույթն իրականացնող մարմնի»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ նշելով, որ քրեական գործով տեղի է ունեցել եւ տեղի է ունենալու ընտրովի արդարադատություն։
Անդրադառնալով առաջին դատական նիստին՝ նա նշեց, որ կոպիտ խախտումներ թույլ տալով՝ դատավորը 1 րոպե շուտ ցանկացել է լսել նիստը․ «Ավելին, լսեց մամուլի ներկայությամբ՝ երեւի թե ինչ-որ անձանց մեսիջ ուղարկելով կամ ցույց տալով, թե ինչպիսի կամակատար նախագահող է։ Տեղեկացնում եմ, որ պաշտպանական գործիքակազմը համարում է սպառված արդարադատություն այս գործով՝ ներպետական ատյաններում, եւ օրենքով սահմանված կարգով դիմելու է ՄԻԵԴ։ Քիչ է, երբ վարչապետը հայտարարում է, որ ինքը չի միջամտելու, պարտավոր է տեսնել, թե ովքեր են այն անձինք, ովքեր անօրինական գործառույթներով ցանկանում են ազդել այս գործի ելքի վրա»։

Հարցին, թե ով է միջամտում արդարադատության իրականացմանը, պաշտպանը պատասխանեց․ «Ես հավատում եմ վարչապետին, որ նա չի միջամտում, բայց միեւնույն ժամանակ տեսնելով անօրինականությունը՝ ընտրովի արդարադատությունը, որը տեղի է ունենում որոշ քրեական գործերով, ես փաստում եմ հետեւյալը, որ կա միջամտություն, հակառակ պարագայում արդարադատություն կիրականացվեր»։