Խաղամոլներին հնարավոր է այլևս վարկ չտան․ սահմանափակվում է խաղալու հնարավորությունը

 Խաղամոլներին հնարավոր է այլևս վարկ չտան․ սահմանափակվում է խաղալու հնարավորությունը

«Մենք առաջարկում ենք այն փոփոխությունը, որ քաղաքացիները կարող են իրենց խաղային հաշիվը լիցքավորել բացառապես միայն իրենց պատկանող բանկային հաշիվներից, քարտային հաշիվներից։ Սա հիմնարար փոփոխություն է»։ Այս մասին քիչ առաջ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը։

Ազգային ժողովը, հիշեցնենք, վերջերս առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ: Նախագծով սահմանվում է, որ խաղային քարտերին դրամական միջոցների համալրումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով տվյալ խաղացողին պատկանող բանկային և քարտային հաշիվների միջոցով:

ՔՊ-ականների պնդմամբ՝ նպատակը ոչ թե այն է, որ մարդիկ անպայման, անկանխիկ խաղան, այլ՝ իմանան, թե ով է խաղում, դրանով հստակեցնենք նաև պետության քաղաքականությունն այս կամ այն ոլորտում։

«Բանկերը այս տվյալների հիման վրա նայելու են, տեսնելու են, որ եթե տվյալ մարդը խաղամոլ է, վարկ չեն տալու։ Օրինակը ինձ վրա վերցնեմ։ Եթե ես խաղամ, հետո փորձեմ վարկ վերցնել, ամենայն հավանականությամբ կզրկվեմ այդ հնարվորությունից։ Եթե պարզվի, որ ես ստնանում 400 հազար դրամ, բայց 4 միլիոնի խաղում եմ, սա արդեն հարց է»,- նշեց Պապոյանը։