Ժամանակը կանցնի, ու կհասկանանք, թե կոնկրետ «Իմ քայլի» իրական ձայներն ինչքան էին

Ժամանակը կանցնի, ու կհասկանանք, թե կոնկրետ «Իմ քայլի» իրական ձայներն ինչքան էին

ՀՀԿ-ականները երեկ վաղ առավոտից անցել էին ընդհատակ եւ չէին շփվում մամուլի հետ։ Նրանց մի մասն անքուն գիշերվանից հետո դեռ քնած էր մնացել, մի մասն էլ մամուլի հետ շփվելու, լրագրողների հարցերին պատասխանելու եւ իրենց հավաքած 4.7 տոկոսի վերաբերյալ բացատրություններ գտնելու սիրտ, տրամադրություն ու երես չուներ։ Ամբողջ գիշերը շտաբում լուսացրած ու սպառված ՀՀԿ-ականներն օրվա երկրորդ կեսին սկսեցին կենդանության նշույլներ ցույց տալ, Աշոտյանը քնից զարթնեց, Շարմազանովը «լայվ» մտավ ու խոստացավ «Մերժիր Նիկոլին» շարժում սկսել, Դավիթ Հարությունյանը խոսեց, ու բոլորով միասին անգամ հայտարարություն տարածեցին։

Դրանով նրանք դժգոհեցին քարոզարշավի ընթացքում իրենց հանդեպ բանեցրած ճնշումներից, այլ անհանդուրժողականության մթնոլորտից, վերահաստատեցին իրենց մտահոգություններն ու խոստացան շարունակել պայքարն արդեն որպես արտախորհրդարանական ուժ։ Իսկ մինչ հայտարարությունը մենք զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավոր եւ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ից Կոտայքի մարզում ռեյտինգայինով առաջադրված Արտակ Դավթյանի հետ։ Նա իր ձայները ոչ էլ հաշվել է, քանի որ դրանք էական չէր համարում, նրա համար կարեւոր էր, որ կուսակցությունն անցներ։

«Դե, հիմա, չի անցնի՝ չի անցնի ՀՀԿ-ն, ի՞նչ խնդիր կա։ Ի՞նչ դրամատիկ բան է տեղի ունեցել»,- ասաց պարոն Դավթյանը։

- Իսկ այն, որ մի ուժը 70 տոկոս է հավաքել, դա նորմա՞լ է, դրան ինչպե՞ս եք վերաբերվում։

- Գիտե՞ք, նորմալ է, թե աննորմալ, ժամանակը ցույց կտա։ Չեմ կարող ասել։

- Հնարավո՞ր է բողոքարկեք արդյունքները։

- Կոնկրետ ես՝ չէ, իսկ կուսակցությունը՝ չգիտեմ, չենք խոսել։

- Խախտումներ կա՞ն, եւ ԿԸՀ-ի, Տիգրան Մուկուչյանի հայտնած տվյալներին վստահո՞ւմ եք։

- Ծիծաղելի չի լինի, եթե ես հիմա ասեմ, որ չեմ վստահում ու մնացած ամեն ինչը։ Ես չեմ կարծում, էլի, որ էս պահին ես պիտի ասեմ էդ մասին։ Հիմա ունենք էն, ինչ ունենք։ Կոնկրետ ես էդ արդյունքներն ինձ համար ընդունում եմ որպես իրողություն, եւ այդ իրողությունն ընդունելով՝ պիտի ապրենք, չէ՞, մեր երկրում։

- Կյանքն ավարտված չէ, փաստորեն, ՀՀԿ-ականների համար։

- Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, դա նշանակում է, որ մենք էլի մաքրվելու ահագին ճանապարհ ունենք անցնելու։ Կոնկրետ իմ կարծիքն էդպիսին է։

- Այսինքն՝ դեռեւս լիարժեք մաքրվա՞ծ չէր ՀՀԿ-ն, դեռեւս խնդիրնե՞ր կային, կամ ավելի ազնիվ չէի՞ք ժողովրդի հանդեպ, որ նման ցածր տոկոս գրանցեցիք։

- Դեռեւս, դեռեւս… հիմա, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արդյունք, որը կա, պետք է ընդունես այնպես, ինչպես որ կա, եւ ինքդ քո մեջ պիտի նայես, թե որն էր էդ խնդիրը։

- Իսկ քաղաքականության մեջ մնալու համար ի՞նչ պետք է անի ՀՀԿ-ն, 5 տարի պետք է սպասի՞ մինչեւ նոր ընտրություններ։

- Չէ, սպասելը ո՞րն է, հիմա քաղաքական ուժ է, քաղաքական ուժն ի՞նչ է անում, մասնակցում է քաղաքական կյանքին… խնդիր չկա՝ դու օգտագործում ես էդ քաղաքական ամբիոնը քո տեսակետը հնչեցնելու համա՞ր, թե՞… ո՞նց ասեմ, կարող ես շատ արդյունավետ աշխատել նաեւ որպես արտախորհրդարանական ուժ, ինչն էլ, կարծում եմ, պիտի անի ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն պարտադրված է դա անելու։

- Դուք ձգտում էիք միակ ընդդիմությունը լինել խորհրդարանում, բայց չեք լինի նոր ԱԺ-ում։ Ըստ Ձեզ՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» կկարողանա՞ն զբաղեցնել ընդդիմության այդ պատասխանատու տեղը։

- Չգիտեմ, ժամանակը ցույց կտա, թե ինչքանով իրենք կզբաղեցնեն, եւ ինչքանով կոնկրետ քաղաքացին գոհ կլինի։

- Ձեր ժամանակ զբաղեցնո՞ւմ էին այդ տեղը, իսկապես ընդդիմությո՞ւն էին, թե՞, ինչպես դուք էիք ասում, գրպանային ընդդիմության կարգավիճակում էին։

- Ես չգիտեմ՝ ինչ են, ոնց են, նորից եմ ասում՝ դա ժամանակը ցույց կտա։

- Ասում են՝ այս 4.7 տոկոսն այն ձայներն են, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ ունեցել է իրականում, բայց տարբեր ճանապարհներով մեծ թվեր է ցույց տվել՝ կեղծելով իր իրական պատկերը։

- Գիտե՞ս, ժամանակը կանցնի, ու կհասկանանք, թե կոնկրետ «Իմ քայլի» իրական ձայներն ինչքան էին։ Եթե կոնկրետ էդ պրիզմայով նայենք, որ 3 ամսվա մեջ 10 տոկոսային կետ կորցնում է, ապա հինգ տարի հետո ընդհանրապես կոչնչանա իր ձայներով։

- Նկատի ունեք Երեւանի ավագանու ընտրություններում նրանց 80 տոկոս ցուցանի՞շը։

- Իհարկե։ Բա սրա՞ն ինչ ասենք։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, ստացվում է, որ մի տարի հետո ընդհանրապես գոյություն չի ունենալու էդ քաղաքական ուժը։

- Իսկ դուք գոյություն կունենա՞ք։

- Ես կարծում եմ, որ մենք ոչ միայն գոյություն կունենանք, մենք, հասկանո՞ւմ եք, պարտավորված ենք էդ բանն անելու։ Մենք ուղղակի այլ ելք չունենք, քան ոչ միայն գոյություն ունենալ, այլ նաեւ իրականում շարունակել մեր գործունեությունը՝ որպես քաղաքական ուժ։ Եվ էս ամեն ինչը որպես եւս մեկ բավականին լուրջ դաս արդեն կլինի մեզ համար՝ մեր հետագա աշխատանքներն ու գործողությունները կատարելու համար։