Նայում ես` Ուկրաինան, Իսրայելն ինչպես են կռվում, հասկանում ես, թե որքան բան չի արվում մեզանում

Նայում ես` Ուկրաինան, Իսրայելն ինչպես են կռվում, հասկանում ես, թե որքան բան չի արվում մեզանում

«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն է:

-Հայաստանը բավականին բարդ շրջանում է այսօր: Շրջապատված ենք բացահայտ և լատենտ թշնամիներով: Դաշնակից փաստացի չունենք տարածաշրջանում: Կա տեսակետ, որ Հայաստանն արդեն իսկ կանգնած է զենքի ձեռքբերման խնդրի առաջ: Վրաստանով հնարավոր չէ զենք մտցնել Հայաստան, քանի որ Վրաստանը թույլ չի տալիս, Ադրբեջանն ու Թուրքիան դե ֆակտո մեր թշնամիներն են, հնարավորություն, կարծես, միայն Իրանից կա, սակայն այդ առումով էլ համապատասխան քայլեր չեն արվում: Այս առումով ի՞նչ անել:

- Իմ կարծիքով` Իրանի տարածքով Հայաստան զենք մտնում է: Համենայնդեպս, վերջին պատերազմի ժամանակ Իրանով է զենք մտել Հայաստան: Ըստ իս` Հնդկաստանից բերված հրանոթները ևս Իրանի տարածքով են Հայաստան մտել:

- Չկա՞ մտավախություն, որ դրանով կարող ենք Արևմուտքին նեղացնել:

- Հնդկաստանից գալիս է այն զենքը, որը գործնականում արևմտյան է: Հիմա եթե քեզ վաճառել են այդ զենքը Արևմուտքից, ուրեմն համաձայն են նաև, որ դա Հայաստան մտնի Իրանով: Փաստ է, որ զենք մտել է, չափը և տեսակը բնականաբար հայտնի չէ, սակայն հայտնի է, որ Հնդկաստանից զենք գալիս է: Վստահ եմ, որ հրանոթները Հայաստան մուտք են գործել հենց Իրանի տարածքով: Վստահ եմ, որ եթե Վրաստանով դրանք մտնեին Հայաստան, աղմուկը եռակի կլիներ: Մեծ հաշվով մեզ համար կան դժվարություններ, սակայն, անկեղծ ասած, մեզ այդ ճանապարհները հերիք են, եթե ճիշտ գործենք: Ընդամենը պետք է ճիշտ բանակաշինական աշխատանքներ իրականացնել: Ճանապարհի առումով ես մեծ խնդիրներ չեմ տեսնում, այլ հարց է, որ կարող են Սյունիքում լուրջ խնդիրներ լինել, Իրանի ճանապարհը փակվի: Այդ դեպքում մենք կարող ենք լուրջ խնդիրներ ունենալ:

- Ի՞նչ կարող է լինել այդ դեպքում:

- Եթե Սյունիքում խնդիրներ առաջանան, նախ Հայաստանի լինել-չլինելու հարցը կդրվի: Բայց արևմտյան երաշխիքներն ասում են, որ Սյունիքում խնդիրներ չեն լինելու: Այդ դեպքում զենք մտցնելու առումով կմնա Վրաստանի ուղին, որն այնքան էլ հուսալի չէ: Եթե Հայաստանում նման խնդիրներ առաջանան, բացառված չէ, որ Վրաստանի հարավային տարածքներում էլ լինեն հուզումներ և մեզ փորձեն, այսպես ասած, շրջափակել: Մենք պետք է բանակաշինության մասին մտածենք:

- Ի՞նչ ասել է` բանակաշինություն: Կարծում եք` Հայաստանում բանակաշինությունը պատշաճ մակարդակի վրա չէ՞:

- Սա մի առանձին թեմա է: Եթե բանակաշինությունը միայն զենք առնելը լիներ, կարող էինք որոշ առումներով բավարար գնահատել, բայց բանակաշինությունը միայն զենք առնելը չէ: Պետք է նախ գումար լինի, օրինակ, եթե ես ավտոմեքենաներից չեմ հասկանում, ինձ տալիս են մեծ գումար, ասում են` գնա մի այնպիսի մեքենա վերցրու, որ գոնե 10 տարի քո ընտանիքին ծառայի, ես ի՞նչ կարող եմ անել, եթե անգամ ունեմ փող, բայց ավտոմեքենայից ոչինչ չեմ հասկանում: Այդ դեպքում կարող եմ զենք գնել, որը թանկ է, գեղեցիկ է, բայց պիտանի չէ: Ինչ եմ ուզում ասել, որ նախ պետք է բավարար գիտելիքներ ունենաս բանակաշինության համար: Նախ պետք է դու հասկանաս, թե ինչպիսի բանակ ես ուզում կառուցել: Զենք ասելով մի ավտոմատի մասին չենք խոսում: Զենքը պետք է կարողանանք շահագործել: Պետք է ուսումնական ենթակառուցվածքներ, կադրեր ունենաս: Զենքը բաղկացած է մի շարք տարրերից, եթե մի տարրն առնում ես, մյուսը` ոչ, այդ զենքը դառնում է անիմաստ բան, կորցնում է արդյունավետությունը: Զենքի ընթացիկ սպասարկման հարցը ևս խնդիր է, բայց ամենակարևորն այն է, որ նախ ունենաս այս ամենի մշակույթը: Երեկ մի գրառում արեցի ատեստացիայի մասին: Մենք բոլորս էլ ծառայել ենք բանակում և գիտենք, որ շարային կոչվածն ու զինախաղը խաղաղ ժամանակվա զբաղմունք է, գուցե վնասակար զբաղմունք…. Մեր բանակի բարձրաստիճան այրերն արդյո՞ք գիտակցում են, որ փող բերելուց հետո ինչ զենք պետք է գնեն և ինչպես սպասարկեն, ի՞նչ անձնակազմ է պետք դրա համար, և այլն, և այլն: Կարող ես մի հրանոթ բերել ու այլ կարևոր բաղադրիչներ չբերես ու ի՞նչ, թշնամին կարող է բայրաքթարով խփել քո հրանոթը: Բազմաթիվ հարցեր կան, բանակային ռեֆորմը կոմպլեքս է: Եթե միայն զենք գնելու մեջ լիներ խնդիրը, Սաուդյան Արաբիան կլիներ այսօրվա ամենաուժեղ երկիրը, բայց այդպես չէ:

- Իրանից կարո՞ղ է Հայաստանը զենք գնել:

- Բարդ հարց է: Նախ Իրանը պետք է քեզ ինչ-որ բան վաճառի: Այս պահին Իրանի զինապահեստը շատ հին է: Իրանի օդուժը շատ վատ վիճակում է: Իրանական հրապարակումներից էլ պարզ է դառնում, թե որքան հին են նրանց ուղղաթիռները: Ամեն առումներով հին են: Առաջատար են` բալիստիկ հիթիռների և ԱԹՍ-ների առումով, բայց դա էլ իրենց հազիվ է հերիքում: Ռուսաստանն էլ շատ քիչ քանակ է արտահանում: Կա նաև քաղաքական խնդիր, չես կարող զենքի կեսն աշխարհի մի ծայրից գնել, մյուս կեսը` լրիվ այլ ծայրից: Դա շատ վատ նախադեպ կլինի: Եթե մենք արևմտյան զենքեր են ձեռք բերում, չենք կարող Իրանից էլ ձեռք բերել, չարժե նման քայլի դիմել: Պարզ է, որ եթե Ֆրանսիան և ԱՄՆ-ն են օգնում, չես կարող Իրանից զենք գնել:

- Բայց արդյո՞ք օգնում են, թե՞ դա էլ իմիտացիա է:

- Դատելով բաց աղբյուրներից, ասել` չեն օգնում, սխալ կլինի, ամեն դեպքում աջակցություն կա, բայց բայցերն են շատ. քանակ, յուրացում, բանակային ռեֆորմների վիճակ, կառավարում և այլն: Չեմ ուզում մեր զինվորականներին շատ քննադատել, բայց վերջին պատերազմից անցել է երեք տարուց ավելի, ի՞նչ հետևություն է արվել նրանց կողմից: Մենք բաց աղբյուրներից չենք տեսնում այդ հետևությունը: Նորից շարայինի մասին ենք լսում: Նայում ես` կանգնած դիրքից կրակում են, բայց իրականում կան քաղաքային մարտեր ու լիքը տարրական բաներ, որ այստեղ ոչ մեկին չեն սովորեցնում: Նայում ես` Ուկրաինան, Իսրայելն ինչպես են կռվում, հասկանում ես, թե որքան բան չի արվում մեզանում: Նրանք անգամ դռներ կոտրող սարքեր են նախատեսել: Զինվորական ատեստացիայի մասին են խոսում, բայց դա իր վատ կողմներն էլ ունի, ռեալ պրակտիկ զինվորականը ժամանակ չունի նման ատեստացիայի պատրաստվելու համար, պատրաստվելու դեպքում էլ կտուժի ծառայողական աշխատանքը: Ի դեպ` շատ հաճախ ատեստացիան լավ է հանձնում այն զինվորականն, ով ունի շատ ժամանակ, բայց ոչ` պրակտիկ գիտելիքներ: