Արտահանձնում թույլատրվում է միայն կալանավորվածներին

Արտահանձնում թույլատրվում է միայն կալանավորվածներին

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը իր պաշտպանյալ Վահագն Հարությունյանի մասին լակոնիկ տեղեկացրել էր․« Վահագն Հարությունյանին ՌԴ-ում ձերբակալելու մասին որոշումը վերացվել է, նա ազատ է արձակվել»։  «Հրապարակը» զրուցեց Միհրան Պողոսյանի հետ՝ հարցնելու, թե ինչ է նշանակում՝ ազատ է արձակվել, Ռուսատանում նրա խափանման միջոցը փոխվե՞լ է։

«Վահագն Հարությունյանի նկատմամբ Հայաստանում էլ խափանման միջոց Հայաստանում էլ չկար, Ռուսաստանում ձերբակալել են հետախուզման հիմքով ու ազատ են արձակել։ Այլ մեկնաբանություն չունեմ »,-ասաց Միհրան Պողոսյանը ։

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին  ղեկավարը մեղադրվում է ապացույցները՝ կրակված  պարկուճները կեղծելու մեջ։ Փաստորեն հիմա հայկական կողմը կարող է պնդել, ռուսասկան կողմը գիտի Վահագն Հարությունյանի տեղը և կարող է պահանջել արտահանձնում։ Միհրան Պողոսյանը նկատեց, որ եվրոպական կոնվենցիայով՝ արտահանձնումը թույլատրվում է միմիայն կալանավորված անձանց։ Միհրան Պողոսյանը հրաժարվեց ՌԴ իրավապահների՝ Հարությունյանին ազատ արձակելու հիմքերը մատնանշել, միայն ասաց՝ ամեն դեպքում, քաղաքական որևէ բան չկա, իրավական է։ Նա նշեց, որ դրանից հետո էլ, առաջ էլ իր պաշտպանյալն իր հետ անընդհատ կապի մեջ է։

Հիշեցնենք, որ  Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, հնչեցրել էր ցանկություն՝ վերադառնալ Հայաստան և մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը  նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որից հետո նա կկարողանա անարգել վերադառնալ Հայաստան։ Դատախազությունը ըստ էության, մերժել է պաշտպանի դիմումը՝ ուղարկելով ՀՔԾ, այստեղից էլ դարձյալ բացասական պատասխան է տրվել։  

Միհրան Պողոսյանի հարցրեցինք՝ Վահագն Հարությունյանը շարունակո՞ւմ է վերադառնալու ցանկություն հայտնել։ Միհրան Պողոսյանն ի պատասխան ասաց՝ «Մեր դիրքորոշման հետ կապված հենց ձեր թերթին տված հարցազրույցում հայտնել ենք»։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը նույ հարցի վերաբերյալ ասել էր․  «Այս պատասխանից հետո ես բավականին խնդիրներ կունենամ վերադառնալու դեպքում, ես նորից իմ պլանները ստիպված վերադասավորեցի, այսինքն՝ նորից կշարունակեմ իմ բուժման հարցերով զբաղվելը։ Ես խնդրեցի՝ վերացրեք այդ սահմանը, ես ինքս կգամ ու, կոպիտ ասած, ոչ մեկի ձեռքին չեմ նայի, բայց գտան ոչ նպատակահարմար»։