Ամուլսարը՝ ոսկոր գործադիրի կոկորդին

Ամուլսարը՝ ոսկոր գործադիրի կոկորդին

Երեկ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն Ամուլսարում հանքարդյունահանման ծրագրերի էկոլոգիական վնասների, հայ բնապահպանների պայքարի վերաբերյալ ֆիլմ է ցուցադրել։ «2018-ին Հայաստանում իշխանության եկած նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համընդհանուր լավատեսության պայմաններում պետք է ավարտեր կոռուպցիայի, տնտեսական եւ արդյունաբերական վատ կառավարման տասնամյակները։ Բայց նրա վարչակազմը կանգնեց բարդ երկընտրանքի առջեւ՝ պե՞տք է արդյոք շարունակել երկրի լեռնային հարավում գտնվող չափազանց վիճելի, մի քանի միլիարդանոց՝ Ամուլսարի հանքարդյունաբերական նախագիծը»,- ասված է ֆիլմի անոտացիայում։ 

Իսկ Հայաստանում Ամուլսարի շուրջ նոր փոթորիկ է զարգանում՝ «Ճնշումներ ավագանու դեմ» անվանումով։ «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ճնշումներ է սկսել Ջերմուկի ավագանու դեմ»,- ահազանգում են բնապահպանական շարժման ակտիվիստները։ Պապիկյանը ցուցում է տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին, որ նա Ջերմուկի ավագանուն առաջարկի փոխել Ամուլսարի հանքի վերաբերյալ անցյալ տարվա դեկտեմբերին ընդունած որոշումը։

Ավագանին հավանություն է տվել 3 հազար ջերմուկցիների հանրագրին, որով նրանք պահանջում են արգելել Ջերմուկում մետաղական հանքարդյունաբերությունը եւ համայնքը հայտարարել է «էկո-տնտեսական տարածք»։ Հենց այս որոշման չեղարկումն էլ ավագանուց պահանջում են տարածքային կառավարման նախարարն ու Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Նա, կատարելով նախարարի ցուցումը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել Ջերմուկի ավագանու դեկտեմբերի 18-ի որոշումը փոխելու վերաբերյալ։ 

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին հարցրինք, թե ինչով են պայմանավորված այս ցուցումները։ «Չգիտեմ, թե ինչն էր պատճառը, որ հանրայնացվեցին այդ փաստաթղթերը։ Այն որոշումը, որը որ ավագանու իրավասություններից դուրս էր, առաջարկվել է վերանայել,- պատասխանեց Տրդատ Սարգսյանը։- Դրա իրավասությունն ավագանին չունի։ Այդ տարածքը համայնքային սեփականություն չէ, ավագանու որոշումը չի կարող գերակա լինել այս դեպքում։ Ընդերքը պետական սեփականություն է»։

Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը ճնշում է գործադրում ավագանու վրա։ Վայոց ձորի մարզպետը վստահեցնում է, որ չկա ճնշում։ «Գրում են, որ ես ճնշումների եմ ենթարկել ավագանու անդամներին։ Նախ, ես ավագանիներին չեմ էլ ճանաչում, ոչ էլ տեղյակ եմ եղել, որ նրանք նիստ են անցկացնում։ Չի կարող ուղղակի գտնվել մի ավագանի, որն ասի, որ մարզպետն իրեն մի հանձնարարական է տվել կամ ինչ-որ բան է ասել»։ Հիմա կարող է ավագանին գրել, որ հավանությո՞ւն է տալիս այդ հանրագրին։ «Ավագանին կարող էր կոչով հանդես գալ, ուղերձով հանդես գալ, բայց որոշում չէր կարող ընդունել այս հարցով»։ Այսինքն՝ ավագանին ոչ մի գործուն ազդեցություն Ամուլսարի հարցով չունի՞։ «Ավագանին այս հարցով որոշում ընդունելու իրավասություն չունի։ Սա է։ Ոչ թե հատուկ հանքարդյունաբերությանն է վերաբերում խնդիրը, դրա համար է ուշադրության արժանացել։ Ավագանին իր լիազորությունից դուրս որոշում է ընդունել, ինչը պետք է համապատասխանեցվի օրենսդրությանը»,- ասաց Վայոց ձորի մարզպետը։ 
«Ընդերքը պատկանում է պետությանը, պետությունը ժողովուրդն է, համայնքային հողերը պատկանում են համայնքին, համայնքային սեփականություն են»,- առարկում է լրագրող Թեհմինե Ենոքյանը, որն իր հարազատ Գնդեվազի համար պայքարի ակունքներում է։  

Ջերմուկի ավագանին չի շտապում չեղարկել իր որոշումը։ Հունվարի 31-ին արտահերթ նիստ է հրավիրել, որին 11 անդամներից 6-ն է ներկայացել։ Բոլոր վեց անդամները դեմ են քվեարկել «Ջերմուկ համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին:

«Չեղարկում չի լինի,- ասում է ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը,- դեռ վերջնական որոշում չենք ընդունել, դեռ քննարկելու ենք մեր ընդունած որոշումը։ Եթե կա սխալ, մենք կնայենք այն եւ կփոխենք։ Բայց չենք չեղարկելու որոշումը, մենք հավանություն ենք տվել հանքի շահագործումն արգելելու մասին մարդկանց պահանջին»։ Կեչուտ համայնքից ընտրված ավագանու անդամ Գագիկ Ստեփանյանը վստահեցնում է, որ ճնշումներ չկան մարզպետարանի կամ նախարարության կողմից։ «Ճնշումներ չկան։ Չափազանցված է։ Բայց եթե մեր որոշումն իրավական առումով սխալ է, ինչո՞ւ են իրենք ուզում, որ մենք այն չեղարկենք, հակառակ որոշում ընդունենք։ Եթե դա իրավական ուժ չունի, իրենց չի էլ խանգարի։ Իսկ իրենք անպայման ուզում են, որ մենք այլ որոշում ընդունենք։ Ինչո՞ւ։ Եթե սխալ կա, ուղղենք, բայց ես դեմ եմ լինելու չեղարկմանը»,- ասում է նա։ 

Ավագանին սպասում է քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի որոշմանը։ Իսկ նա երեկ առավոտից Երեւանում էր՝ Ամուլսարի հարցով։ Այս միջադեպը կարելի է, իհարկե, տեխնիկական եւ իրավական թերացման հետեւանք համարել, ինչպես անում է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, որը պարզաբանում է տարածել, ցիտել է ՀՀ օրենսդրությունն ու վերջում գրել․ «Նախարարությունն առաջնորդվել է ՀՀ օրենսդրությամբ»։ Միաժամանակ այն ցույց է տալիս, որ Ամուլսարը ոսկոր է դարձել Նիկոլ Փաշինյանի կառավարության կոկորդին։

Սա պարզ եղավ անմիջապես հեղափոխությունից հետո՝ մայիսի վերջին, երբ Հայաստանի ճանապարհներ փակողները գնացին տուն, իսկ Վայոց ձորի բնակիչները՝ անգամ Փաշինյանի խոստումներից հետո, թե մետաղական հանքերում ստուգումներ են սկսելու, հրաժարվեցին բացել ոսկու անիծյալ հանք տանող ճանապարհը։

Ընդամենը երկու ամիս անց Փաշինյանն Ամուլսարը փակելու իրավական հիմքեր պահանջեց, իսկ բնապահպան ակտիվիստ Արթուր Գրիգորյանի ղեկավարած բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը գտավ նախկին փորձաքննությունների եզրակացությունները չեղարկելու հիմքը։ Ամուլսարում հայտնաբերվեցին Կարմիր գրքում գրանցված ոզնաթուփ մեխակ եւ «Ապոլո» թիթեռ։

Բայց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, որին բնապահպանները համարում են «Լիդիան Արմենիա» ընկերության «մարդը», իր գիտնականների խումբը ստեղծեց, որոնք ասացին՝ ո՛չ այդ թիթեռից կա, ո՛չ էլ մեխակից։ «Լիդիան Արմենիա»-ն էլ այս ողջ ընթացքում պարբերաբար թաքնված սպառնալիքներ ու սպառնալից մեսիջներ էր հղում կառավարությանը՝ ակնարկելով, որ դատի է տալու վերջինիս։ Հունվարի 23-ին Արթուր Գրիգորյանն ազատվեց տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից, եւ սա եւս մեսիջ էր ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ Փաշինյանը հակված է Ամուլսարի թնջուկը լուծել հօգուտ օտարերկրյա օֆշորային ընկերության։

«Ես ազատման դիմում չեմ ներկայացրել, ուղղակի ազատել են աշխատանքից»,- պատասխանեց Արթուր Գրիգորյանը «Հրապարակին»։ Նա գործադիրի կայքից է տեղեկացել իր ազատման մասին՝ նախապես նախազգուշացում ստանալով նոր կառավարության սեւ կարդինալ Ավինյանի օգնականից։ Ամուլսարի մասին «Ալ Ջազիրայի» ֆիլմն Արթուր Գրիգորյանը փակցրել է իր ֆեյսբուքյան պատին, իսկ նրա բնապահպան ընկերները շնորհավորում են իրավաբանի վերադարձը քաղհասարակություն։