Շուշիի մասին հայոց պատմության դասագի՞րքն է ճիշտ, թե՞ Փաշինյանի պնդումը

Շուշիի մասին հայոց պատմության դասագի՞րքն է ճիշտ, թե՞ Փաշինյանի պնդումը

Հետպատերազմյան Ստեփանակերտ հասնելու ճանապարհին ամենածանր զգացողությունը, ինչ խոսք, ունենում ես Շուշիի մուտքի մոտ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների, քաղաքի ադրբեջանատառ ցուցանակի պատկերը տեսնելիս։ Թվում է՝ նախկինի պես, առանց բերդաքաղաք մտնելու, Կերպարվեստի թանգարան այցելելու, Սուրբ Ամենափրկչում աղոթք մրմնջալու՝ չես կարող շարունակել ճամփադ։ Բայց հարկադրված ես, նույնիսկ շուրջդ զննելու ժամանակ չկա, երկարատեւ կանգառը կարող է կասկածելի թվալ խաղաղապահների աչքին։

Իր ծաղկուն օրերին, երբ քաղաքը տարեցտարի բուժում էր վերքերը, վերականգնվում, երբ այնտեղ ծաղկում էին մշակութային կյանքն ու զբոսաշրջությունը, բացվում էին թանգարաններ ու հյուրատներ, առանձնակի զգացողությամբ էիր լցվում բերդաքաղաքի ազատագրման անհավանական պատմությունը տեղում՝ մտքումդ վերակերտելով։ Կանգնում էիր Կատարոտի եզրին՝ Հունոտի կիրճի պռնկին, ու պատկերացնում, թե ինչպես է թեթեւազեն հետեւակը գրոհել քաղաքն ու նվազագույն կորուստներով մաքրել այն թշնամուց։

Շուշի քաղաքի պատմության երբեմնի թանգարանի վարիչ Աշոտ Հարությունյանը հետաքրքրասերների համար մակետի վրա ներկայացնում էր քաղաքի ազատագրումը չորս ուղղություններով, հայկական զինուժի փայլուն համաձայնեցված ռազմագործողության մանրամասները։

Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Դաշնակ Ագոն՝ իբրեւ քաղաքի ազատագրման չորս ուղղություններից Շոշի ուղղության հրամանատար, անգիր գիտեր դեպի Շուշի տանող ամեն խոչուխութ ու երբ պատմում էր մանրամասները, քեզ թվում էր՝ «Մատանիների տիրակալի» պես մի հեքիաթ ես լսում, քանի որ ռազմական գիտության տեսանկյունից՝ նման գրոհը չէր կարող հաջողությամբ պսակվել մեր փոքրաթիվ զորքի ու թեթեւ զինվածության պատճառով։ Բայց եղավ անհնարինը։ 
ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար Գրիգորի Գաբրիելյանցի արժեքավոր հավաքածուն պահվում էր Շուշի քաղաքի պատմության թանգարանի հարեւանությամբ՝ իր իսկ ստեղծած Երկրաբանության թանգարանում։ Այդ եզակի նմուշները պատերազմի ընթացքում այդպես էլ քաղաքից դուրս չբերվեցին եւ առայսօր ադրբեջանական գերության մեջ են։
Ադրբեջանը Շուշին հռչակել է իր մշակութային մայրաքաղաք, այնտեղ արդեն հասցրել է լինել Թուրքիայի նախագահը, ի դեպ՝ թուրքական պետության դարավոր պատմության ընթացքում առաջին անգամ։

Մեր աշակերտները հայոց պատմության դասընթացից սովորում են, որ 19-րդ դարավերջին Շուշին կովկասահայ իրականության կենտրոնն էր, այնտեղ են ծնվել Մուրացանն ու Նելսոն Ստեփանյանը, այնտեղ հայկական իրականության մեջ առաջին տպարաններից մեկն է հիմնվել, տպագրվել են ժամանակի նշանավոր հայալեզու թերթերն ու ամսագրերը, գործել են նշանավոր խմբագրապետեր։ Այսինքն՝ հայոց պատմության դպրոցական նյութը Շուշիի աներկբա հայկականության մասին է, եւ դա ինքնին հասկանալի է՝ ակադեմիական գիտությունն այլ տվյալներ չունի։

Մյուս կողմից, այդ նույն աշակերտը հեռուստաեթերով լսում է իր երկրի ղեկավարի ելույթը խորհրդարանի ամբիոնից, որտեղ նա Շուշին ներկայացնում է որպես փաստացի ոչ հայկական քաղաք։ Այդ ելույթին ոչ միայն հանրային պարսավանք չի հաջորդում, այլեւ գտնվում են հաստիքային մտավորականներ, որոնք սկսում են երկրորդել այդ թեզը, խոսում են մեր կողմից զավթված հողերի, ուրիշի երկրում տուն սարքած հայերի մասին։

Պարզ է, չէ՞, որ նոր սերունդը չի մեծանալու Շուշիին մի օր վերատիրելու փափագով, քանի որ լսում է թշնամական քարոզչության վերարտադրությունն ամենօրյա ռեժիմով։ Եթե Շուշին ազատագրած եւ այն աչքի լույսի պես փայփայած սերունդն այդքան հեշտորեն հրաժարվեց ազգային երազից, ինչո՞ւ դա չպետք է անի Շուշիում երբեք չեղած սերունդը։

Դավիթ Սարգսյան