Ինչ կառուցվածք կունենան նոր կառավարությունը եւ ովքեր կաշխատեն այնտեղ

Ինչ կառուցվածք կունենան նոր կառավարությունը եւ ովքեր կաշխատեն այնտեղ

Այս փուլում ինտրիգը նոր կառավարության ձեւավորումն է եւ ԱԺ-ում պատգամավորական կազմի ամփոփումը։ Ոչ առաջինը, ոչ երկրորդը դեռ չի հրապարակվում՝ կուսակցություններում «քաստինգը» շարունակվում է։ ԲՀԿ-ում, բնականաբար, որոշում է Գագիկ Ծառուկյանը, «Իմ քայլում»՝ Նիկոլ Փաշինյանը՝ երբեմն ՔՊ վարչության նիստերում քննարկումներ անելով, «Լուսավոր Հայաստանում» թերեւս ամենապարզ վիճակն է՝ ով, ըստ օրենքի անցել է խորհրդարան՝ նա էլ կդառնա պատգամավոր։ Կառավարության կազմը որոշելուց առաջ Նիկոլ Փաշինյանը դեռ պետք է կառավարության կառուցվածքը որոշի։

Ի դեպ, թե ինչպիսին է լինելու կառուցվածքը նույնպես քչերին է հասու՝ հատուկենտ մարդիկ են մասնակցում այդ քննարկումներին։ Միայն հայտնի է, որ 18 նախարարությունից ընդամենը 11-ն է մնալու, մեծ խոշորացումներ են տեղի ունենալու։ Օրինակ, խոսվում է, որ կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, սփյուռքի նախարարությունը՝ 4 միավոր, միանալու են մեկ նախարարության մեջ եւ նախարար է կարգվելու Արայիկ Հարությունյանը։ 

Մյուս միավորներից հավանաբար կմիանան էկոնոմիկան եւ ֆինանսները, սոցապն ու առողջապահությունը, ԱԻՆ-ն ու տարածքային կառավարումը։ Անկախության տարիներին բազմաթիվ անգամներ կառավարության կառուցվածք է փոխվել եւ գրեթե բոլոր կոնֆիգուրացիաները եղել են ու այնպես չէ, որ կառուցվածքի արդյունքում աշխատանքի արտադրողականությունն աճել է։ 

Մյուս կարեւոր խնդիրը փոխվարչապետների հարցն է։ Հայտնի է, որ 3 փոխվարչապետի պաշտոնից մնալու երկուսը՝ մեկը կրճատվում է, հավանաբար՝ առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Թե ովքեր են լինելու 2 փոխվարչապետները դեռ պարզ չէ։ Ասում են, որ կլինեն պրոֆեսիոնալներ՝ տնտեսագետներ։ Շրջանառության մեջ է դրվել ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանի անունը, որ եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը։ Այս ամռանը նույնպես նրա անունը շրջանառվում էր, նրա թեկնածությունն առաջադրել էր կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանը, սակայն նրա թեկնածությունը Փաշինյանի կողմից մերժվել է, քանի որ նա ժամանակին եղել է «Թեղուտի» հանքավայրի՝ «Վալլեքս» ընկերության տնօրենը, ապա խորհրդականը։

Հնարավոր է, որ Փաշինյանը վերանայել է իր որոշումը, քանի որ Արզումանյանը պրոֆեսիոնալ տնտեսագետի համարում ունի եւ այժմ էլ անցնում է շատ հեղինակավոր Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի (Columbia Business School, Նյու Յորք, ԱՄՆ) և Լոնդոնի բիզնես դպրոցի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) համատեղ ծրագրով, որտեղ հայտնվում են ամբողջ աշխարհում հատուկենտ մարդիկ։ Մեր տեղեկություններով, նա այդ ծրագրով պատրաստվողների մեջ առաջին տեղում է՝ իր վարկանիշով Նա 2 օր առաջ վերադարձել է Հայաստան, սակայն, մեր աղբյուրն ասում է, որ նրան իշխանությունից դեռեւս կոնկրետ առաջարկ չի արվել։ 

Մյուս թեկնածուն, որի անունը կրկին շրջանառվում է Վաչե Գաբրիելյանն է՝ ՀՀԿ-ի փոխվարչապետը, որը կարող է տնտեսական քաղաքականության ոլորտում կարեւոր դերակատարում ունենալ, քանի որ լավ է ընդունվում միջազգային տնտեսական կազմակերպությունների կողմից, լիարժեք տիրապետում է այդ ոլորտին եւ «քայլող հանրագիտարանի» համարում ունի։ Նրա նշանակումը կարող է տեղավորվել «բարիկադները քանդելու» Փաշինյանական ծրագրի շրջանակներում։