Չլսեցինք

Չլսեցինք

Դեռ 2021-ից համառ լուրեր էին շրջանառվում, թե առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի երկրորդ ակտն է ստորագրելու: Եվ դա ոչ թե պատերազմով է լինելու, այլ պարտված իշխանությունների կողմից կամավոր զիջումների ճանապարհով: Դա էր պատճառը, որ մեծ թվով մարդիկ պնդում էին, թե պատերազմում պարտված իշխանությունը պարտավոր է հեռանալ, որ նրա մնալը մեզ նոր պարտություններ է բերելու: Որ կոտրված հոգեվիճակով, վախեցած, նոր պատերազմից սարսափող կառավարությունը չի կարող Հայաստանի, առավել եւս` Արցախի հարցը ներկայացնել դրսում: Ասում էին` մեզ նոր բանակցող է պետք, որը ծանրաբեռնված չի լինի պարտություններով ու պարտավորություններով եւ կկարողանա ամեն ինչ սկսել մաքուր թղթից ու նախորդի արածները ժխտելուց: Բայց մոտ մեկ ամիս բունկերում մնալուց եւ բունկերից արված լայվերից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձավ կառավարության շենք, իրենց տներում թաքնված նրա թիմակիցները նորից սկսեցին քաղաքում երեւալ, իսկ նրա պաշտպանության նախարարը հենց 2020-ի դեկտեմբերին մի նոր փաստաթուղթ ստորագրեց` հակառակորդին հանձնելով Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը եւ մեզ զրկելով Իրանի հետ կապող միջպետական ճանապարհը շահագործելու իրավունքից:

Ես կարծում եմ, որ մեր ամենածանր պարտությունների ստարտային կետը հենց Գորիս-Կապան ճանապարհից հրաժարվելու պահն էր, երբ կռիվ չտվեցինք ադրբեջանցիների GPS-ով գծած ու կասկածելի սահմանների դեմ, չպայքարեցինք, որ մեր ունեցածը` պատերազմով չհանձնածը պահպանենք, այլ ենթարկվեցինք թշնամու շանտաժին եւ հեշտությամբ զիջեցինք: Իհարկե, զիջողը հանրությունը չէր, այլ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՔՊ-ն ու ՔՊ-ական կառավարությունը, բայց` մեր լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ: