Ռուսական ընկերությունում բացառում են խտրականությունը հայ վարորդների նկատմամբ. «Յանդեքսի» պատասխանը «Հրապարակին»

Ռուսական ընկերությունում բացառում են խտրականությունը հայ վարորդների նկատմամբ. «Յանդեքսի» պատասխանը «Հրապարակին»

Երեկ անդրադարձել էինք Մոսկվայում արտագնա աշխատող հայ վարորդների բոողքներին: Մասնավորապես հայտնել էինք, որ  «Յանդեքս տաքսի» ռուսական տրանսազգային ընկերությունը զանգվածաբար անջատում է հայ վարորդներին էլեկտրոնային պատվերների հարթակից։ 

«Հայերի մեքենաները ուրբաթ օրվանից անջատում են ցանցից։ Մաքսային միության բոլոր մյուս երկրների վարորդները միացած են «Յանդեքսի» ագրեգատին, բացի հայերից։ Ստացվում է, որ Մոսկվայում ասենք կիրգիզները ավելի բարձր կարգավիճակ ունեն, քան հայերը», - գանգատվում էր վարորդներից մեկը,  դիմելով «Հրապարակին»
Երեկ գրավոր հարցում էինք ուղարկել «Յանդեքս տաքսի» ծառայություն, խնդրելով պատասխանել, թե ինչով է պայմանավորված ռուսական ընկերության խտրական վերաբերմունքը ազգությամբ հայ աշխատակիցների նկատմամբ: 

Մեզ պատասխանեց «Յանդեքս տաքսի» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Ռոժկովան: «Մեր ծառայությունում բացառվում է որևէ խտրականություն վարորդների նկատմամբ: Գլխավորը վարորդի ստաժն է և տաքսու մասին օրենքի պահանջներին և ավտոմոբիլային տրանսպորտի կանոնադրությանը համապատասխանող վարորդական իրավունքի առկայությունը: Պատվերներ ստանալու հնարավորությունը վարորդների համար  կարող է սահմանափակվել տարբեր պատճառներով. արագության գերազանցման հակում ունենալու, ծառայության որակի չափանիշները խախտելու, հաճախորդների հաճախակի բողոքների, վարորդի ցածր վարկանիշի, նաև ավտոճանապարհային պատահարների, որոնց պատճառները ուսումնասիրվում են և այլն»: