Արցախյան պատերազմին հավասար վտանգ

  Արցախյան պատերազմին հավասար  վտանգ

Եթե ինձ հարցնեն, թե մեր ժողովուրդը, մեծամասնական առումով,  վտանգի պահին ամենից շատ ում է հավատում, առանց երկմտելու կասեմ՝ Աստծուն։

Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում բանակ չկար ու ժողովուրդն էր, լավ, վատ օգնում երկրապահներին, մոր պես կերակրում կամավորական ջոկատներին։

Աբովյանի կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Կիմ Գիլոյանին երբ հարցրի, թե ինչի կարիք ունեն, Սյունիքում էին, ասաց՝ Խաչերի։

-Գիտե՞ս մարտի մտնելուց առաջ տղերքս ինչով ասես Խաչ են նկարում իրենց հագուստների վրա,- ասաց հրամանատարը։- Այդպես ապահով են զգում։ 

Հաջորդ օրը կազմակերպեցինք և  կամավորականների համազգեստները բերեցինք ու հանձնեցինք մեր լավ մայրիկներին, ովքեր լվացան ու  Խաչ ասեղնագործեցին։ Տեսնեիք ջոկատի տղաների ուրախությունը․․․

Խաչը զորություն է։ Երբ հեղափոխականները  բանակում եկեղեցականների գոյությունից դժգոհեցին, մի տեսակ վտանգ զգացի։ Հետո երբ սկսեցին ցույցեր եկեղեցու սպասավորների, եկեղեցու դեմ․․․ ուզում էի նրանց պատմել,, թե ինչպես են Շուշիի ազատագրման  ժամանակ զինվորները մարտի գնացել՝ զինվորական համազգեստի վրա նկարելով խաչեր․․․ Վտանգի, ամենադժվար պահին՝ խաչ։ Խաչը ուժ է, զորություն։ Այն համախմբելու անասելի ուժ ունի։ Երբ խմբվում ենք, Խաչի, եկեղեցու շուրջ, անպարտելի ենք դառնում։ Գերբնական ուժ ունի խաչը, Այն, եթե ընդունում ես, մաքրում է չարությունը, նախանձը, թշնամությունը և իրական սիրով է լցնում աշխարհը։

Այսօր մեր ժողովրդի համար Արցախյան պատերազմին հավասար վտանգ է ստեղծվել։ Կործանարար ատելությունը, անհանդուրժողականությունը պատերազմ են հայտարարել։ Շատ թեթև ենք նայում դրան։ Հավատացնում եմ, պատերազմից ավելի սարսափելին ատելությունն է։ Չփորձեք համոզել, որ մարդիկ վաստակել են այդ ատելությունը, որ, որ․․․ Դուք ձեր ձեռքը չեք վերցրել խաչը, որ մաքրվեք ատելությոնից՝ ինչպես ժանգից։ Սև ու սպիտակի, հեղափոխականի ու հակահեղափոխականի բաժանարար գիծը մեզ կործանման է տանում։

Հիմա համոզվու՞մ եք, թե ինչ սարսափելի բան է, երբ մարդու ձեռքից վերցնում են զորությունը, սերը Խաչը։ Մեր երեխեքը Շուշին գրավեցին Խաչով։ Մարդկանց մի խմբի ատելության սելավը քշում է բոլորին, վերցրեք ձեր ձեռքը Խաչը, վերցրեք ու ձեր ատելությունից պաշտպանեք ձեզ։ Հետո ուշ է լինելու։