Աշոտ Բլեյանը ցանկանում է մեր մանկապարտեզի տարածքը վերցնել․ ահազանգում են ծնողները

Աշոտ Բլեյանը ցանկանում է մեր մանկապարտեզի տարածքը վերցնել․ ահազանգում են ծնողները

Երեւանում գործող թիվ 93 մանկապարտեզի ծնողներն ահազանգում են՝ նույն տարածքում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն ուզում է իրենց մանկապարտեզը վերցնել։ Առավոտից ծնողներն ակցիա են անում։ Մանկապարտեզի ծնողներից մեկը՝ Քրիսստինան մեզ պատմեց, որ առավոտից հավաքվել են թիվ 181 դպրոցի մոտ․ «Բլեյանը ցանկանում է մեր մանկապարտեզի տարածքը վերցնել, ոչ մի բան անել հնարավոր չի: Քանի տարի ա երեխաները հաճախում են մանկապարտեզ ու հիմա որ դառնա վճարովի, ուղղակի ոչ մի ծնող այդ հնարավորությունը չունի։ Ինչի՞ մանկապարտեզը, որը անվճար է, պետական է, պետք է դառնա վճարովի։ Ուղղակի տարածքը վերցնում են, բայց մենք առավոտից էստեղ ենք։ Մի մասը պետք է սարքեն դպրոց, մի մասը վճարովի մանկապարտեզ։ Ասենք՝ էդ իրավունքը չունեն էլի, էդ տարածքն էլ են զավթում, մի՞թե Բլեյանին չի բավարարում այն, ինչ ունի և աչք է դրել մեր մանկապարտեզի վրա»։ 

Քրիստինայի խոսքով՝ մանկապարտեզի բոլոր ծնողները ստորագրել են՝ դեմ արտահայտվելով այդ նախաձեռնությանը․ «Տնօրենի գլխավորությամբ բոլորս ստորագրել ենք, որ տարածքը ցանկապատվի եւ մնա էլի պետական մանկապարտեզ»։ 

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էլ մեզ հետ զրույցում հերքեց ծնողի խոսքերը՝ նշելով, որ նման նպատակ չունեն․ «Մենք թիվ 93 մանկապարտեզը որեւէ ձեւով մերը դարձնելու, կրթահամալիրի կազմում ներառելու ծրագիր, ցանկություն, մտադրություն չենք ունեցել, չունենք, չենք ունենա՝ քանի ես կամ։ Նման խնդիր չունենք»։

 Բլեյանն ապա նշեց, որ իրենք նպատակ ունեն, որ «Բլեյան» կրթական ցանցը ընդլայնվի՝ դրա համար դիմել են քաղաքապետարանին։