Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են. Վահե Էնֆիաջյան

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են, հարկավոր է օր առաջ հարկային ճիշտ քաղաքականություն մշակել և ոլորտի զարգացման համար օրենսդրական բարենպաստ դաշտ ձևավորել։
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է լուծում, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50% վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
Հայտնի է, որ մեր հայրենակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, հաճախ բնակլիմայական ազդեցություններով պայմանավորված հայտնվում են սնանկացման շեմին, երբ կորցնելով բերքն ու ակնկալվող եկամուտները, նաև ստիպված են լինում իրենց վարկային և հարկային պարտավորություններն իրականացնել։

Այսպիսով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կընձեռի մարդկանց ապահովագրել ֆորս-մաժորային իրավիճակներից՝ կանխելով անցանկալի զարգացումները, որոնք որոշ դեպքերում վերափոխվում են ընդհուպ ունեզրկման կամ արտագաղթի։
Ըստ ընթացակարգի` Ազգային ժողովի նիստի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, կներկայացնեմ նախագծի ամբողջական պատկերը` ակնկալվող բոլոր արդյունքներով։