«Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինի մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում»․  պատգամավորի ու վարչապետի փոխադարձ կսմիթները 

«Ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինի մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում»․  պատգամավորի ու վարչապետի փոխադարձ կսմիթները 

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև այսօր խորհդրարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ յուրահատուկ երկխոսություն ծավալվեց՝ համեմված փոխադարձ նուրբ կսմիթներով։

Պետրոսյանը հարց ուղղեց վարչապետին՝ հիշեցնելով Փաշինյանի այն արտահայտությունը, թե նոր Հայաստանում անելիք չունեն ուսանողի առաջ դուռ փակող ռեկտորները։

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանում ռեկտորների, բուհերի այլ ղեկավարների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ փակելու կամ բացելու մեջ է։ Արդյոք չկա՞ն այլ չափանիշներ, որ մենք ռեկտորներին գնահատենք, և նրանց աշխատանքի գնահատականը պետք է տանք՝ միայն ելնելով նրանից, որ նրանք որքանով են աջակցել հեղափոխությանը և դրա հետ կապված զանգվածային այլ միջոցառումներին»-ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ սա որևէ ռեկտորի պաշտպանության հետ կապված չէ։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ մենք պետք է գնահատական տանք այն իրավիճակին, որ առկա է մեր բուհական համակարգում։
«Մենք պետք է շատ հստակ խոստովանենք, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում  այն չափանիշներին և մարտահրավերներին, որ այսօր մեր երկրի առաջ կա, և մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ մտածողությունը։ Էն, որ Դուք ասում եք՝ դռները փակ պահել կամ բաց պահել, ես հասկանում եմ, որ ինքնին էդպիսի չափանիշ դժվար է ձևակերպել, բայց դա շատ կարևոր բանի նշան է, որովհետև ընդհանրապես բուհական համակարգը բոլոր երկրներում առաջադիմության կարևոր օջախներ են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում անկախությունից ի վեր բուհերը եղել են իշխանության ձեռքին բութ գործիք։ 

Նա նորից կրկնեց կառավարության վերջին նիստում իր հայտարարությունը, որ այն ռեկտորը, որը չափահաս մարդու առաջ փակում է դուռն ու ասում է՝ դու դուրս չպիտի գաս էս լսարանից, ինքն անելիք չուն նոր Հայաստանում՝ ուղիղ տեքստով հասկացնելով, որ խոսքը ԵՊՀ ռեկտորի մասին է։

Որպես արձագանք՝ Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ հեղափոխության ժամանակ, երբ հավատավոր ժողովուրդը գնում էր նրա հետևից, ամենաառաջին լեգիտիմ ակնկալիքը, որ ուներ, այն էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու է արդարության և հավասարության մթնոլորտ։ 
«Իսկապես ես ողջունում եմ Ձեր մտադրությունը, որ Դուք ուզում եք ազատվել օրինականության դեմ քայլեր կատարած պաշտոնյաներից, բայց եթե մենք զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարաության և հավասարության մենք պետք է նաև զարմանանք, թե նոր Հայաստանում ի՞նչ գործ ունի պատգամավոր, որը թիվ մեկ քաղաքական ամբիոնից իր գրած տեքստը չկարողանա կարդալ, ի՞նչ իրավունք ունի մարզպետ լինի մի մարդ, որ կոկորդիլոսը թռչունից չի տարբերում, ի՞նչ իրավունք ունի մի մարդ լինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, որը խախտում է էթիկայի վարքականոնները»-ասաց Պետրոսյանը։
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ ինքը լիարժեք կիսում է ԲՀԿ-ական պատգամավորի մտահոգությունները, բայց և հեգնեց նրան․ «Եվ եթե Դուք համոզված եք, որ ձեր խմբակցության բոլոր պատգամավորները կարող են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ տեքստերը, ես հանձնվում եմ Ձեր առաջ»։ Վարչապետի այս խոսքերից հետո  «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից որոշներն սկսեցին ծիծաղել։