Ի՞նչ է հայտնաբերել վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը Գյումրիում

Ի՞նչ է հայտնաբերել վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը Գյումրիում

ՀՀ վարչապետի հանձնարարականով Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը երեկ արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը,Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ աշխատանքային խմբի անդամները: Նախատեսված է՝ հունիսի 30-ին աշխատանքային խումբը պետք է ներկայացնի տնակների հստակ թիվն ու աշխատանքների ճանապարհային քարտեզը: Աշխատանքային խմբի անդամ է նաև «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը: Հենց նա էր առաջարկել հաջորդ նիստն անցկացնել Գյումրիում: Վահան Թումասյանից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե հատկապես ինչ հարցեր են քննարկվել նիստին եւ առաջիկայում ինչ ակնկալիքներ կան: «Դեռևս հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենանք: Ամբողջ փաթեթը պետք է ներկայացվի վարչապետին, որից հետո կտեսնենք՝ ինչ որոշում կկայացվի»,- ասաց «Շիրակ» կենտրոնի նախագահը՝ ընդգծելով,որ աշխատանքային խմբի տվյալներով Գյումրիում անօթևանների թիվն ավելի շատ է, քան իրենց հաշվարկով էր: «Իրենք Գյումրիում 2800 տնակ էին հաշվառել, մինչդեռ ես 2200 էի ասում, ավելի լավատես էի: Փաստորեն իրենք հայտնաբերել են, որ դրանց թիվը շատ է: Այս խնդիրն այնքան է հետաձգվել ու խճճվել,դեռ նախորդ կառավարության կողմից այնքան է անտեսվել, որ առաջիկա 100 տարվա ընթացքում հազիվ լուծում ստանա: Եթե կառավարությունը գոնե 1000 բնակարանի հարց լուծի, անհամեմատ բեռը կթեթևանա: Նիստին ես առաջարկել եմ, որ այլևս մարդկանց անտեղի հույսեր պետք չէ տալ: Նախորդող տարիներին այդպես արեցինք: Բոլորին հերթագրեցին, հաշվառեցին, թե շուտով ձեզ բնակարան կտանք, մարդիկ հույսով մնացին մինչև այսօր: Պետությունը պետք է ճիշտն ասի, որ ի վիճակի է լուծել այսքան բնակարանի հարց, ավելին չի կարող, այդ ժամանակ մարդիկ իրենց գլխի ճարը կտեսնեն ու ավելի լավ է արտագաղթեն, քան ապրեն այդ սարսափելի պայմաններում եւ այդքան երեխաների ճակատագրեր խորտակվեն»,-ասաց մեր զրուցակիցը:Անդրադառնալով նիստի ատագնա անցկացնելու գաղափարին, թե ո՞րն էր առավելությունը, Վահան Թումասյանը նշեց. «Խնդիրը կարևորվում է,նախորդ նիստը Երևանում էր, եւ ոչ մի արձագանք, իսկ Գյումրիում մամուլը կար, հնչեղությունն այլ էր»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նշենք,որ ըստ աշխատանքային խմբի տվյալների՝ հավաքագրվել է 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, դրանցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքների: