Նման «արտահոսքն» առաջին հերթին Փաշինյանին է ձեռնտու, որ հասկացնի, որ ինքը խոցելի չէ

Նման «արտահոսքն» առաջին հերթին Փաշինյանին է ձեռնտու, որ հասկացնի, որ ինքը խոցելի չէ

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը․

- Ներիշխանական պայքարը միշտ է բնորոշ եղել մեր երկրին։ Իշխանության ներսում միշտ թեւեր են եղել, ինտրիգներ են հյուսվել։ Այսօր մամուլում մի նոր ներիշխանական «ֆրակցիայի» մասին լուր հայտնվեց, որ ԱԱԾ տնօրենն ու ԱԺ փոխնախագահը ծրագրում են վարչապետին գահընկեց անել, որի արդյունքում Վանեցյանը կդառնա վարչապետ, ԱԺ փոխնախագահը՝ ԱԺ նախագահ։ Հիմա պալատական հեղաշրջում, ըստ Ձեզ, հնարավո՞ր է։

- Դե, սա միակն դեպքը չէ, ինչ է, մամուլում քի՞չ ենք հանդիպում, թե Փաշինյանի թիմը պառակտվում է, որ ԱԺ նախագահն իր թիմն է ձեւավորում, փոխվարչապետ Ավինյանը՝ իրենը, Սասուն Միքայելյանը՝ իրենը։ Իրականում սրանով ցանկանում են անվստահություն առաջացնել Փաշինյանի մոտ՝ հանդեպ իր մերձավոր շրջապատի։ Ինչո՞ւ նման սցենարը հնարավոր չէ որեւէ մեկի պարագայում, ոչ միայն Ձեր նշածի։ Քանի որ Փաշինյանը վայելում է հանրային այնպիսի լուրջ աջակցություն, որ նրա թիմակիցներից որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չի անցնի նրան գաhընկեց անելու փորձ կատարել։ Իսկ եթե գնալով վարչապետի դիրքերը թուլանան, ապա ո՞վ կարող է կաբինետում նստած՝ սառնասրտորեն պլանավորել, թե երբ եւ ինչպես կարող է Փաշինյանին գահընկեց անել, եթե չգիտի, թե իրենցից ով կհաղթի, կամ ժողովուրդը կընդունի՞ արդյոք նման փոփոխությունը, եթե ժամանակին ձայնը Փաշինյանին է տվել։ Էլ չեմ խոսում, որ անկայունություն հրահրելու պարագայում կարող է իշխանությունը նախորդների ձեռքում հայտնվել՝ ներկա իշխանությունների համար դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով։ Նման ծրագիր մշակողը, անշուշտ, պետք է հաշվի առնի նաեւ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ ներպետական շահերն ու իրավիճակը՝ չբացառելով նաեւ պատերազմի վերսկսման հանգամանքը, ինչը կարող է էական փոփոխություն մտցնել որեւէ մեկի կաբինետային սցենարում։ Իսկ վարչապետի թիմակիցներից նա, ով նման բան կձեռնարկի, կվտանգի իր այսօրվա դիրքը, դեպքերի ցանկացած զարգացման պարագայում, եթե հանկարծ հաղթողն ինքը չլինի։ Եթե անգամ բարոյական գործոնը չդիտարկենք, ապա «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից նրա թիմակիցներից ոչ ոք նման արկածախնդրության չի գնա։ Այսինքն՝ Փաշինյանի դիրքերի թուլացմանը զուգահեռ, իր թիմակիցները ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի աջակցեն նրան, այլ ոչ թե աշխատեն նրա դեմ։ 

- Այսինքն՝ Դուք բացառո՞ւմ եք նման սցենարը։

- Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, բայց ուզում եմ ինձ անզգուշություն թույլ տալ ու բացառել դա։ Ենթադրաբար, նման «արտահոսք» կազմակերպվել է նախկինների պատվերով, որպեսզի ցույց տան, թե իշխանությունն այնքան թույլ է, ու դրան էլ գումարվում է ներսից իրար ուտելու հանգամանքը, որ իշխանափոխությունը սարերի հետեւում չէ։ Սա է պատճառը, որ տարբեր ժամկետներ են շրջանառվում՝ գարուն, ամառ, որպեսզի կարողանան սեփական թիմին ոգեւորեն ու կողքները պահեն։ Ոմանք, «կուլակաթափության» սցենարից սարսափած, էլ կեղծ ու իրական հանրային գործիչ չեն թողել, որ հավաքել են կողքները, որպեսզի պայքարեն իշխանությունների դեմ։ Բայց նախկինները ոչ բոլորին են նորմալ վարձատրում, հիմնական մասին էլ ստերով են կերակրում, թե՝ ոչինչ, մի քիչ դիմացեք, հավատարիմ ծառայեք, շուտով կգանք իշխանության ու կփոխհատուցենք ձեր չարչարանքների դիմաց։ Բայց այս «արտահոսքը» ոչ միայն նպատակին չի ծառայելու, այլեւ հակառակ ազդեցությունն է ունենալու։ Չէ՞ որ հիմա ասվում է, որ ամբողջ իշխանությունը վարչապետի ձեռքում է կենտրոնացված, ու դրանով նա դառնում է խոցելի, պաշտոնն էլ շատերի համար՝ գայթակղիչ։ Մինչդեռ բավական է վարչապետին տապալել, խորհրդարանական մեծամասնությունն այդ պարալիզված իրավիճակում կընտրի նրան վարչապետ, ով կերաշխավորի, որ խորհրդարանը չի արձակվի, ու «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները, թեկուզ ինքնապահպանման բնազդից դրդված, կընտրեն իրենց թիմակիցներից որեւէ մեկին՝ դրանով կանխելով իշխանափոխությունը։ Անցյալ տարվա փորձն ունեն, չէ՞ որ վարչապետը փոխվեց ու, չլինելով այն ժամանակվա մեծամասնության թեկնածուն, մինչեւ դիրքերը թուլանալը խորհրդարանը տարավ օրենքի ուժով արձակման, որպեսզի դիրքերն ամրապնդի իշխանական լծակներով։

Այսինքն, եթե ոմանք կարծում էին, թե Փաշինյանին որեւէ կերպ հեռացնելուց հետո իշխանությունն ամբողջությամբ կվերցնեն, հիմա հասկանում են, որ չեն կարողանա, քանի որ վարչապետը բոլորից շուտ կզգա, որ աթոռը երերում է, ու ժամ առաջ իշխանությունը սահուն կերպով կհանձնի իր վստահելի թիմակիցներից որեւէ մեկին՝ նախապես չասելով, թե ում։ Առհասարակ, կառավարման նման խոցելի դիրքերի պարագայում միշտ էլ առաջին դեմքն ինքն է շրջանառել փոխարինողների անուններ, որպեսզի ամեն մեկը հավատարմորեն ծառայի՝ հույս ունենալով, որ հենց ինքը կլինի փոխարինողը։ Այնպես որ՝ նրանք, ովքեր փափագում են Փաշինյանին գահընկեց անելուց հետո տիրանալ նրա գահին, կհասկանան, որ դա չի ստացվելու, իսկ եթե չի ստացվելու, էլ ի՞նչ իմաստ ունի դավեր նյութել վարչապետի դեմ, եթե նրան փոխարինելու է նրա մեկ այլ թիմակից։ Նման «արտահոսքն» առաջին հերթին հենց Փաշինյանին է ձեռնտու, որ դրանով հասկացնի, որ ինքը խոցելի չէ, քանի որ իշխանությունը ցանկացած պարագայում հների ձեռքը չի ընկնելու։ 

- Ստացվում է, որ այս «արտահոսքը» կարող է նաեւ իշխանակա՞ն շրջանակներից լինել։

- Եթե անգամ այդպես չէ, ապա իշխանությունները սրանից վարպետորեն կօգտվեն։ Առավել եւս՝ հասկացնել տալու, որ եթե անգամ ինչ-ինչ իրավիճակներում ներսից ու դրսից այնպիսի ճնշումներ լինեն Փաշինյանի վրա, ու ինքը ստիպված լինի զիջումների գնալու կամ հեռանալու, ապա կարող է անցնել պլան Բ-ին՝ հեռանալուց առաջ հասցնի անցնցում իշխանության փոխանցում կազմակերպել, քանի դեռ ունի հասարակական վստահություն, ու իր կոչին կաջակցի հանրությունը։
Իսկ թե՛ դրսում, թե՛ ներսում լավ հասկանում են, որ մեր երկրում ոչ մի սցենար չի կարող գործել այլեւս, քանի որ մեր ժողովուրդը կարող է փողոց լցվել ու պարտադրել իր օրակարգը, ինչը կարող է հղի լինել անկանխատեսելի հետեւանքներով։ Մի բան ակնհայտ է, որ աշխարհի ուժի կենտրոններից որեւէ մեկը կամ բոլորը միասին վերցրած ոչ մեկին չեն կարող դրածո կարգել մեր գլխին, քանի որ չեն կարող իրենց այդ որոշումը պարտադրել մեր հանրությանը․ դա արդեն գոնե բոլորին ակնհայտ է։ Ու անկախ նրանից՝ մեր ժողովրդի ռեակցիան էմոցիոնալ է, ռացիոնալ, թե իռացիոնալ, բուռն է, թե հախուռն, մեր հասարակությունն այլեւս գործոն՝ անդրկուլիսային ցանկացած սցենար տապալելու հարցում։