Վարդենիսցիներին խոստանում են ամեն ինչ՝ զամշե կոշիկից մինչեվ լողավազան. նրանք ապշած են քաղաքապետացուների շքերթից

Վարդենիսցիներին խոստանում են ամեն ինչ՝ զամշե կոշիկից մինչեվ լողավազան. նրանք ապշած են քաղաքապետացուների շքերթից

Վարդենիսում նախընտրական եռուզեռ է: Նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին հրաժարական էր տվել, իսկ նորի ընտրությունը նշանակված է փետրվարի 17-ին: Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվում է հունվարի 27-ին: 5 օր էլ օրենքով տրվում է ինքնաբացարկների համար: Բայց քաղաքապետացուներն արդեն ակտիվացել են: Հանդիպումներ են ունենում հիմնարկներում, ծանոթ-բարեկամների շրջանում, համոզում են, որ իրենց կողքին կանգնեն: 

Թեկնածուները շատ են, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ 11 հոգի ցանկություն ունի առաջադրվելու: ԿԸՀ-ից հայտնում են, որ հունվարի 25-ի դրությամբ առաջադրվել է երկու անձ՝ Վարդենիսի կադաստրի վարիչ Գրիշա Աղաջանյանը եւ փոխքաղաքապետ Կարեն Մկրտչյանը: 

Դպրոցականներին կոշիկով է ապահովել

Մասնագիտությամբ  քաղաքագետ Կարեն Մկրտչյանը Վարդենիսում պատմության ուսուցիչ է եղել, հետո՝ դպրոցի փոխտնօրեն: Ռադիոտեխնիկայի խանութ է ունեցել, այլ բիզնես: 2017 թվականին առաջադրվել է քաղաքապետի թեկնածու, բայց հետո, պայմանավորվելով Արամ Հարությունյանի հետ, հանել է  թեկնածությունը, հավանաբար, փոխքաղաքապետ նշանակվելու խոստման դիմաց: Ասում է. «Աթոռակռիվ չեմ սիրում: Որոշեցի  միանալ Արամ Հարությունյանի հետ: Այսօր էլ առաջադրվելուս նպատակն այն է, որ համայնքի համար պատասխանատվություն ստանձնեմ»: Կարեն Մկրտչյանը շեշտում է այն, որ համայքի համար ճանապարհաշինական եւ գյուղատնտեսական տեխնիկա է պատրաստվում բերել համայնքի համար, տարածքային զարգացման հիմնադրամի հետ համագործակցելով, որ չորս բազմաբնակարանների տանիքների վերանորոգում է իրագործել՝ հիմնականում բարերարի գումարներով, մի քանի հարյուր անապահովների սնունդ, սերմացու է բաժանել, 1-4-րդ դասարանի երեխաներին գրենական պիտույքներով, պայուսակներով եւ կոշիկով է ապահովել: 

Վարդենիսում «զամշի կոշիկ» հասկացություն չկա

Քաղաքապետարանից այլ թեկնածուներ էլ կան՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը եւ նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի օգնական Արկադի Խաչատրյանը: Վերջինս  մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերության գլխավոր տեխնոլոգն է եղել: Ինչո՞ւ է ուզում առաջադրվել: «Ժողովրդի մեծամասնության պահանջը կա»: Որտեղի՞ց գիտեք, թե մեծամասնության: «Նրանց հետ շփումից»: Ի՞նչը կփոխեք, եթե դառնաք քաղաքապետ հարցին նա տրիվիալ պատասխան տվեց: «Շատ բաներ կան փոխելու: Էնպիսի ծրագրեր, որ աշխատատեղեր բացվեն»: Հայտնեց, որ իր նախկին ղեկավարի՝ Արամ Հարությունյանի հետ ընդհանրապես հարաբերություններ չունի: Այնինչ նա Արամ Հարությունյանի մորաքրոջ տղան է։

Այսօրվա ԺՊ, նախկինում անհատ ձեռներեց Արամ Մելքոնյանը, որն անասնապահական ֆերմա ունի Արեգունի գյուղում, մասնագիտությամբ աշխարհագետ, բնապահպան, օրերս բոլոր ցանկացողներին հրավիրել է ժողովի եւ ֆինանսական հաշվետվություն ներկայացրել: «Դա մարզպետարանի նախաձեռնությունն է, եթե քաղաքապետ դառնամ, պետք է երեք ամիսը մեկ այդպիսի ժողովներ անցկացնեմ, ես մեծ բավականություն ստացա այդ նախաձեռնությունից»,- ասում է նա: Մելքոնյանը նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է: Ասում է, որ աշխարհով մեկ ճանապարհորդելով, տեսել է «ուրիշ կյանք»: «Էդ ոճով իմ քաղաքն եմ ուզում առաջ տանել, որ քաղաքում անբարեկարգ, չլուսավորվող, ցեխոտ ճանապարհներ չլինեն: Վարդենիսում «զամշի կոշիկ» հասկացություն չկա, էնքան շատ է ցեխը»: Վստահեցնում է, որ ԺՊ աշխատելու մեկուկես ամսվա ընթացքում գաղափարներ է հանձնել թղթին, որոնք պատրաստվում է իրագործել: 

Օրինակ, կարի ֆաբրիկա է ստեղծելու, որ կանայք տանը չնստեն, հիվանդանոցն է փրկելու, որ հոսպիտալ չդարձնեն, եւ այլն: «Եթե մարդկանց կանչեք կլոր սեղանի շուրջ, ու ինձանից ավելի անշահախնդիր, պատրաստված թեկնածու լինի, ես դուրս կգամ ընտրապայքարից»,- ասում է քաղաքապետի ԺՊ-ն:   
 
Խլոյանին վերաբերող յուրացումների գործը դեռ փակված չէ                        

«Ես ժողովրդից ծնված մարդ եմ, ժողովրդից դուրս եկած, պիտի իրականացնեմ իմ ժողովրդի ցանկությունը»,- քաղաքապետի պաշտոնում վերստին առաջադրվելու իր ցանկությունն այսպես է բացատրում Վարդենիսի նախկին քաղաքապետ, համայնքը 15 տարի ղեկավարած Վոլոդյա Խլոյանը: Բայց վարդենիսցիների մեծ մասը դեպրեսիայի մեջ է ընկել՝ իմանալով, որ Խլոն՝ ինչպես նրան անվանում են խիստ յուրօրինակ բարքերով այս քաղաքում, կարող է նորից իշխանության ղեկին հայտնվել: 

Նա իր համաքաղաքացիների հակակրանքին է արժանացել նախեւառաջ ոստիկանների հետ սերտ կապերով: Խլոյանը ցուցմունք է գրել նույնիսկ ամենաչքավորների դեմ: 
Օրինակ, մի անգամ նա «գրել» էր իր նախկին հավաքարար Սոնիկի էպիլեպսիայով տառապող որդու՝ Վանյայի դեմ, որը հայտնի է Գիժ Վանյա մականունով: Խլոն խոստացել էր թանգարան բացել Վանյայի համար ու նրան նշանակել տնօրեն, բայց չէր կատարել խոստումը: Վանյան էլ երկար սպասելուց հետո ներխուժել էր քաղաքապետի աշխատասենյակ ու խփել նրան: Խլոյանը ցուցմունք էր գրել Վանյայի դեմ: Մեր տեղեկություններով, այս պահին էլ Խլոյանի հետ կապված յուրացումների գործ է քննվում: Պատճառված վնասի դիմաց նրանից  6,3 մլն դրամի հետգանձում են կատարել: Սակայն մեղադրյալի կարգավիճակ Խլոյանը չունի: ՀԿԳ քննիչ Ալիկ Սուքիասյանը, որի վարույթում է այս գործը, հայտնեց, որ նախաքննությունն ակտիվ փուլում է, գործը հարուցված է յուրացումների փաստով: «Նախաքննության գաղտնիք չենք կարող հրապարակել: Վնասի փոխհատուցման հարցը պարզ կլինի փորձաքննություններից հետո: Կարող եմ ասել, որ նշանակված են փորձաքննություններ: Մեղադրանք չկա: Գործը 6 դրվագից է կազմված: Դրանք վերաբերում են Վարդենիսում տեղադրված հենասյուներին, ռետինե անիվների, անասնաֆերմայի, ջրագծի հետ կապված գործարքներին։ Եվս երեք դրվագ կա»: Քաղաքում պատմում են, որ Խլոյանը թղթի վրա ցույց է տվել, թե նոր էլեկտրասյուներ է ձեռք բերել, սակայն դրանց փոխարեն հներն է տեղադրել, անվադողերի հետ կապված մեքենայություններ է արել: Նախկին քաղաքապետին հարցրինք, թե ինչպես է առաջադրվել՝ մեջքի հետեւում ունենալով յուրացումների վերաբերյալ նման «պատկառելի» գործ: «Դա զրպարտանք է, յուրացում գոյություն չունի: Սուտ բաներ են»,- ասաց Խլոյանը եւ ներողություն խնդրեց, որ այլ հարցերի չի պատասխանի, որովհետեւ մարդ է մահացել, եւ ինքը սգո արարողության տեղում է: 

Որ քաղաքը սարքեմ սիրուն

Վարդենիսի քաղաքապետի թեկնածուներ են պատրաստվում դառնալ թիվ 2 դպրոցի ուսմասվար, հայոց լեզվի ուսուցչուհի Նոնա Վարդանյանը, Գարսիկ Սաղաթելյանը, որին ճանաչում են որպես նախկին ՕԵԿ-ական։ Թեկնածու Արսեն Ամիրխանյանը գործարար է: Ունի սեփական խանութ քաղաքի կենտրոնում: «Դժվարացել եմ միշտ անուն դնելխանութի համար, այդպես էլ մարդիկ ճանաչում են՝ Արսենի խանութ, կամ ասում են՝ էն բարեհամբույր տղայի խանութը»,- պարզաբանում է Ամիրխանյանը: Նա դեկտեմբերին քիչ էր մնում քաղաքապետի ԺՊ նշանակվեր: Ընկերների ու ծանոթների համար նույնիսկ «մաղարիչ» էր արել «օբյեկտում», բայց հետո «վերեւում» որոշումը փոխվեց: Մաղարիչի ծախսն իզուր անցավ: Ինչո՞ւ եք ուզում քաղաքապետ դառնալ՝ հարցրինք։ «Որպեսզի Վարդենիսը սարքեմ սիրուն, ինչքան որ հնարավոր է, մեզ նեղություն տալով, չշարաշահելով բյուջեն, մշակույթին զարկ տալով, սպորտ-խմբակների բացումով, բոքսի: Լողավազան եմ ուզում սարքեմ: Սեւանը մեր կողքն է, բայց Վարդենիսի 50 տոկոսը լողալ չգիտի»,- ասաց Ամիրխանյանը: 

Փոխմարզպետին ազատել են կեղծ դիպլոմի պատճառով

Քաղաքապետ է երազում դառնալ նաեւ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Վահան Զարոյանը: Նա «Իմ քայլից» է: Հունիսին այս պաշտոնին էր նշանակվել Փաշինյանի կողմից: Ակտիվ հեղափոխական էր, բայց անսպասելիորեն ազատվեց փոխմարզպետի պաշտոնից: Վարդենիսում լուրեր են պտտվում, թե պատճառը Զարոյանի ներկայացրած կեղծ դիպլոմն է եղել, իրականում նա չունի բարձրագույն կրթություն, եւ Փաշինյանը, տեղեկանալով այս մասին, ջղայնացել է ու առանց երկար մտածելու, ազատել պաշտոնից: Վահան Զարոյանը վստահեցնում է, որ պաշտոնից հեռանակն իր անձնական որոշումն է եղել: «Որոշակի խնդիրներ են եղել: Ես դիմում եմ գրել, դուրս եմ եկել: Իրականում կեղծ դիպլոմ չի եղել: Քրեական գործ է հարուցվել կեղծ դիպլոմի կապակցությամբ, հետո կարճվել է: Հիմա կպարզվի ամեն ինչը, ու բոլորը կիմանան, որ իմ դիպլոմը կեղծ չի եղել, ուղղակի որոշ մարդկանց ցանկությունն է եղել, որ այդպես վարվեն ինձ հետ: Ես Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ եմ, պատմության ֆակուլտետում եմ սովորել: Իմ նպատակը հեղափոխությունը Վարդենիս բերելն է»: Զարոյանը թեեւ « Իմ քայլ»-ից է, բայց իր հեղափոխական ընկերների հետ չի շփվում եւ որպես «Իմ քայլի» թեկնածու չի ընկալվում: «Առաջ իշխանությունն ասում էր, թե ով առաջադրվի: Հիմա ազատ են թողել, ու տեղից վեր կացողն ուզում է քաղաքապետ դառնա: Դարձել է կոլխոզի նախագահի ընտրություն»,- ամփոփում է Վարդենիսի երիտասարդներից մեկը՝ արտահայտելով համընդհանուր զարմանքը քաղաքապետացուների այս շքերթի եւ նման մեծաքանակության կապակցությամբ: Պարզ չէ, թե արդյունքում ինչ ընտրություններ են լինելու։