Գիքորները՝ Եվրոպայում

Գիքորները՝ Եվրոպայում

Եվրոպական այցի լուսանկարներն են լրահոսում. Գյումրիից Երեւան քայլող տղերքի մի մասը հայտնվել է Աթենքում, նախորդ անգամ Մյունխենում էր, Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Խեղճ, վիզները ծուռ, սպորտային էժանագին հագուստը թանկ կոստյումներով փոխարինած, բայց աշխարհի անցուդարձից դեռ այնքան էլ գլուխ չհանող, իրենց հյուրընկալող բարձրաստիճանների ուշադրությունից` շոյված, շքեղ պալատների տեսքից` զմայլված: Ո՛չ հասցրել են 5-6 տարում բավարար գիտելիքներ ձեռք բերել, ո՛չ առանձնապես ծանոթ են աշխարհաքաղաքական խճճված իրողություններին, ո՛չ նորմալ խորհրդատուներ եւ արարողակարգի մասնագետներ ունեն․ ով էլ կար, փոքրիկ վրիպակների եւ իրենց մեծ ամբիցիաների պատճառով վռնդեցին: Բայց հասցրել են մեծամտանալ, եւ հայացքներում հաղթողի կայծեր կան:

Ուղղակի պարզ չէ` ո՞ւմ են հաղթել. սեփական չկայացածությա՞նը, այս հին ու միաժամանակ մանուկ ազգի՞ն, ժամանակին իրենց ցավ պատճառած մարդկա՞նց, իրենց անապահով ու գորշ անցյալի՞ն: Հաղթել են ու հայտնվել գերտերությունների ղեկավարների նստավայրերում, եւ ազգի ճակատագիրն այժմ իրենցից է կախված: Եվ այդ էյֆորիան այնքա՜ն արբեցնող է, որ երբեմն նաեւ կորցնում են իրականության զգացումը. մե՛կ մարտահրավեր են նետում ՌԴ նախագահին, մե՛կ ուլտիմատում տալիս սեփական ընդդիմությանը, մե՛կ էլ հանկարծ վտանգ զգալով` խեղճանում ու նվաստանում հարեւան երկրների ղեկավարների առաջ: Իսկ Եվրոպան լուրջ ակնկալիքներ ունի։

«Հունաստանը սատարում է  «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որպեսզի տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առեւտրական հանգույցի՝ կապելով սեւծովյան, Պարսից ծոցի եւ միջերկրածովյան երկրները»,- ասում է Հունաստանի վարչապետը` Հայաստանը դիտարկելով «որպես ԵՄ եւ Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր»: