«Աշտարակ կաթը» «մոռացե՞լ» է, որ խանութներից փող է ստացել ապրանքների դիմաց

«Աշտարակ կաթը» «մոռացե՞լ» է, որ խանութներից փող է ստացել ապրանքների դիմաց

«Աշտարակ կաթ» ընկերությունը, որը սնանկության գործընթացում է, դատի է տվել իր նախկին գործընկերներին՝ մոտ 2 հազար 600 անհատ ձեռներեցների, ՍՊԸ-ների, փոքր ու մեծ խանութների, որոնց հետ ժամանակին աշխատել է ու որոնց մեղադրում է այն բանի համար, որ իրենից սննդամթերք են ստացել, բայց գումարները չեն տվել։ Այժմ ընկերությունները, որոնք ամիսներ շարունակ, որոշներն էլ՝ տարիներով, կաթ, մածուն եւ այլ արտադրանք են ստացել գործարանից, պետք է կա՛մ իրենց վաճառված սննդամթերքի համար անդորրագրեր ներկայացնեն՝ «Աշտարակ կաթից» ստացված, կա՛մ էլ ընդունեն, որ պարտք են գործարանին։

Անհատ ձեռներեցները վրդովված են։ Նրանցից մեկը՝ ԱՁ Արթուր Թորոսյանը, ասում է․ «Տնտեսվարողների վրա նկարած հաշիվներ են գրել։ Հիմա իրենք պահանջում են մեզանից վճարված հաշիվների անդորրագրերն այն գումարների համար, որոնք վաճառված ապրանքի դիմաց կանխիկ վճարել ենք իրենց կողմից նշանակված մատակարարներին, նրանք տարել-հանձնել են։ Փաստորեն, մեզնից պահանջվում է որպես պարտք ձեւակերպել գումարներ, որոնք մենք վաղուց վճարել ենք։ Իրենք սնանկացել են, պարտքերը գրելով մեր վրա՝ ուզում են մեր հաշվին իրենց գումարները հետ բերել։ Սնանկացման շեմին էին, սնանկության գծով կառավարիչն իրենց շահն է պաշտպանում»։ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանի հայցը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մտել դեկտեմբերի 24-ին։ Արթուր Թորոսյանը վստահեցնում է, որ դատարանն այն քննության է առել առանց իրեն ծանուցելու։ 

Մեր հարցին, թե ինչպես կարող էին տնտեսվարողները՝ իրենք, կամ «Աշտարակ կաթը», ունենալով չմարված պարտավորություններ, հարկային հաշվետվություններ ներկայացնել, Արթուր Թորոսյանը պատասխանեց․ «Մեր հաշվապահները նրանց ուղարկած հաշիվները միշտ օնլայն ստորագրել են, ուղարկել են իրենց։ Երբեք որեւէ խնդիր չի առաջացել։ Եթե մենք ամիսներով չէինք վճարում, ապա ինչո՞ւ նրանք պարտք-պահանջի վերաբերյալ մեզ թուղթ չէին ուղարկում, ու մի գեղեցիկ օր, երբ նրանք արդեն սնանկության գործընթացում են, որոշեցին ծանուցագիր ուղարկել, թե, իբր, էսքան պարտավորություն ունեք «Աշտարակ կաթի» նկատմամբ»։ Մյուսները նույն վիճակում են։ 
Արթուր Թորոսյանը փորձել է նույնը բացատրել «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանին։ Նա վստահեցնում է՝ վերջինիս տեղեկացրել է, որ գումարները մինչեւ վերջ վճարված են, նույնիսկ պայմանավորվել է իր մթերային խանութը սպասարկող մատակարարի հետ, որ վերջինս կգնա կառավարչի մոտ ու կհայտնի նրան, որ գումարը ստացել է Թորոսյանից, բայց հանկարծ բացել է «Դատալեքս» որոնողական համակարգն ու տեսել է, որ իր դեմ հայց կա արդեն, որը վարույթ է ընդունվել, եւ դատարանը նույնիսկ որոշում է կայացրել այն պարզեցված կարգով քննելու վերաբերյալ։ Արթուր Թորոսյանի ընտանիքը երեք ձեռնարկություն ունի։ Երեքի համար էլ հայց է ներկայացվել։ Մեկի դեմ՝ 490 հազար, մյուսի՝ «Մարգար Թորոսյան» ԱՁ-ի, 874 հազար դրամի, այն դեպքում, երբ ԱՁ-ն լուծարվել է դեռ մեկ տարի առաջ։ Մյուս կեղծ պարտատերը «Ջուլո Հայկո» ՍՊԸ-ն է, որին ներկայացրել են 1 մլն 145 հազար դրամի հաշիվ։ 

Առաքիչ Սոկրատ Գաբրիելյանն Արթուր Թորոսյանի հետ աշխատել է երկար տարիներ։ «Հենց այսօր էլ ապրանք եմ տարել Թորոսյանի խանութ»,- երեկ ասաց նա մեզ։ Նա վստահեցնում է, որ Արթուր Թորոսյանը միշտ վճարել է ստացած սննդամթերքի դիմաց։ «Իրենք միշտ փողը տվել են։ Երբեք չի եղել, որ ես ապրանք տանեմ, ու իրանք փողը չտան»։ Առհասարակ, հնարավո՞ր է, որ դուք ապրանք տանեք եւ դրա դիմաց ամիսներով փող չստանաք։ «Կարող է լինել, բայց կոնկրետ այս ընկերության հետ երբեք նման հարց չի եղել։ Իրենք միշտ վճարում են»,- ասում է Սոկրատ Գաբրիելյանը։ Սնանկության կառավարիչ Խաչիկ Նազարյանին ուզում էինք հարցնել, թե ինչպես է եղել, որ տարիներ շարունակ 2 հազար 600 մատակարարներ վաճառված ապրանքի համար չեն վճարել «Աշտարակ կաթին», բայց վերջինս ոչ մի պահանջ նրանց չի ներկայացրել եւ միայն հիմա, սնանկանալուց հետո է դիմել դատարան, մյուս ձեռքով շարունակելով մատակարարումներ անել։ Բայց նրանց հետ կապվելու մեր բոլոր փորձերը ձախողվեցին։

Մենք պատրաստ ենք լսել Խաչիկ Նազարյանին՝ ապագայում եւս անդրադառնալով այս թեմային։ Այս փոքրիկ երկրում 2 հազար 600 տնտեսվարողների դատի տալը, նրանց հաշիվներին կալանք դնելը, եթե հանկարծ դատարանը որոշի հայցի ապահովման միջոց կիրառել, կատակ չէ։