Քաղաքական պատային վիճակ, որից դժվար է դուրս գալ

 Քաղաքական պատային վիճակ, որից դժվար է դուրս գալ

Արցախի Հանրապետության երկու նախագահների դիմումը գլխավոր դատախազին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, շախ հայտարարելու նման մի բան է։ Դա հուժկու քայլ է՝ բոլոր առումներով։ Դիմում են Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը։ Հայաստանից չէ դիմումը, տարբերությունը պատկերացնում եք։

1992 թ. օգոստոս - երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։ 1994 թ. դեկտեմբերի 24 - ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով, Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առաջին Նախագահ։ Ռոբերտ Քոչարյանը  

Արցախի հերոս է։ Պարգևատրվել է «Ոսկե արծիվ», Արցախի Հանրապետության «Գրիգոր Լուսավորիչ», Պատվավոր Լեգեոնի շքանշաններով «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Սրանք թվարկում եմ, որպեսզի պատկերացնեք այն բարդությունը, որը կառաջացնի մերժումը։ Խնդրանքով դիմում են Արցախի հերոս Արկադի Ղուկասյանն ու  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Բակո Սահակյանը։ Մերժումը դժվար է պատկերացն

նել։ Դա կլինի մերժում՝ պատերազմի բովով անցած երկու նախագահներին, Արցախի ժողովրդին։  Մերժում Արցախյան պատերազմում իր լուրջ ներդրումն ունեցած ԼՂՀ Առաջին նախագահին։ Մերժում ապագա հաղթանակներին։

Իրոք, շատ լուրջ վիճակ է, եթե նկատի ունենանք, որ ՀՀ գլխավոր դատախազին դիմել է Արցախի ներկա ու նախկին իշխանությունը։ Սա քաղաքական լուրջ խնդիր կարող է առաջացնել ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Քաղաքական պատային վիճակ, որից դժվար է դուրս գալ։

Մնում է մի տարբերակ՝ գործը իրենցից գցել։