«Ապօրինի շինարարություն», «իրա պատուհանից թքում են իմ տարածքի վրա»․ հարևանները սպառնում են 

«Ապօրինի շինարարություն», «իրա պատուհանից թքում են իմ տարածքի վրա»․ հարևանները սպառնում են 

«Հրապարակ» թերթին դիմել է Երևանի Մալխասյանց 1/8 հասցեի սեփականության տարածքը տնօրինելու լիազորագիր ունեցող Լիլիթ Առուշանյանը (տարածքի սեփականետերը նրա մայրն է) և պատմել, որ Մալխասյանց 1/9 հասցեի տարածքի սեփականատեր Արա Գրիգորյանը ապօրինի գործողություններ է կատարում՝ Երևանի քաղաքապետարանի թողտվությամբ։
Լիլիթը պատմում է․«7 տարի ուզում էր համոզել, որ այդ՝ մեր շենքին կպած կառույցն առնի, ես չէի համաձայնվում, ինքը ինձ գումար է էլ առաջարկել, չեմ համաձայնվել, 2017-ի սեպտեմբերին, երբ վերջին անգամ հանդիպեցինք, ինձ ասաց, որ «կտանեմ, փող կտամ ու կստանամ էդ թույլտվությունը, չես համաձայնվում, չես համաձայնվում»։ Ու այդպես էլ արել է, բայց դրա մասին ես չեմ իմացել, իմացել եմ, որ ինքը նման թույլտվություն ու նախագիծ ունի, երբ մեկ ամիս առաջ սկսել է շինարարությունը»,-ասաց Լիլիթը։ Հարևանությամբ գործ անող բանվորները նրան ասել են, որ շինարարությունն օրինական է, հետո Արայիկը բերում, ցույց է տալիս թույլտվությունը։ «Բերում ցույց է տալիս շինթույլտվությունը, որից ակնհայտ երևում է, որ շինարարությունը գալիս կպնում է իմ պատին, տանիքն էլ մտնում իմ տանիքի տակ։ Հարցնում եմ՝ «առանց իմ համաձայնության ո՞նց ես շինարարություն անում», ասում է՝«ինձ ասել են, որ կհամաձայնեցնես»»։
Ինչևէ, Լիլիթն ասել է՝ «չի կարող նման բան լինել», Արայիկն էլ հաթաթա է տվել, որ եթե քո տանիքից մի կաթիլ ջուր կաթեց իմ տանիքին՝ տե՛ս՝ քեզ ինչ եմ անելու»։ Լիլիթն առարկել է, թե « քո տանիքը ինչի պտի հայտվի իմ տանիքի տակ, որ նման խոսակցություն էլ մեր միջև լինի»։ Այսպես բաժանվել են, Լիլիթը զանգահարել է քաղաքապետարանի  «Թեժ գիծ» ու հարցրել, թե այդ մարդուն համաձայն  քաղաքաշինական ո՞ր նորմերի են տվել  թույլտվություն։  Ի պատասխան՝ ասել են, որ  ունի՛ շինթույլտվություն։ « Ասում եմ՝ դուք լավ չեք լսո՞ւմ, թե՞ ես հայերեն չեմ խոսում։  Գիտեմ, որ ունի, հարցնում եմ՝ համաձայն ո՞ր նորմերի։ Իմ գույքի հանդեպ քաղաքապետարանը ո՞նց է թույլատվություն տվել և գալիս է հերթական անհեթեթ պատասխանը, որ էսինչ տարվա էսինչ որոշմամբ թույլտվություն տրվել է»,-մանրամասնեց Մալասյանց 1/8-ի տարածքի ներկայացուցիչը։

Ըստ նրա մեկնաբանության՝  նման շինարարություն կարող է լինել իր շենքից 6 մետրից ոչ մոտիկ, բայց շինարությունը «կիպ» կպած է, ինչի համար, ըստ նրա Արայիկը հեռացրել է  իր ջրահեռացման խողովակները, որպեսզի ցեմենտ թափի, կպնի պատին։
Ըստ որում, Լիլիթի տարածքը բնակտարածք չէ, այլ հասարակական նշանակության տարածք՝ «Քիդ ակադեմիա» մանկապարտեզն ու «Երևանի մենեջմենթի» համալսարանը։
Սրանից հետո զանգել է ոստիկանություն, այստեղից ասել են՝ ունի թույլտվություն, զանգեք քաղաքապետարան։ Այստեղից խոստացել են գրավոր պատասխանել, սակայն պատասխան առ այսօր չկա։ Հետո՝ զանգ՝ ԱԻՆ, այնտեղի փորձագետն ասել է, որ մի շարք նորմեր են խախտված և իրենք իրենց դիտարկումները կներկայացնեն քաղաքապետարան՝ համապատասխան նամակով։ 

Լիլիթը դեմ չի եղել նաև դատարան դիմել, բայց բայց իր փաստաբանն ասել է, որ եթե անգան սեպտեմբերին 1-ին հայցադիմումը ներկայացնեն, վճիռը կլինի 2021-ի դեկտեմբերից ոչ շուտ։
Հետո կրկին զանգահարել է ոստիկանություն, ասել, որ հարևանը վնասել է իր գույքը՝ ջրատար խողովակները, իսկ շինարարությունն էլ եկել, հասել է իր երկրորդ հարկի պատուհաններին։ Այս ժամանակ եկել է Արայի շինարարության ճարտարապետը և առաջարկել՝ «փոխշահավետ համաձայնության գանք, պատուհանները փակենք, շարունակենք»։ Լիլիթն էլ քմծիծաղել է, թե ինչ փոխշահավետ  համագործակցություն, քանդելո՛ւ է Արայի շինարարությունը։

Զրուցեցինք նաև Արայի հետ, որն ասաց, թե Լիլիթն իրեն զոհի տեղ է ներկայացնում, իրականում, իրենց շանտաժով տարիներ շարունակ փող է ուզեցել շորթել։
«Եթե ես փողով հարցեր լուծող լինեի, վեց տարի իրենց հետ չէի շարունակի, միանգամից իրենց փողը կտայի։ Դա տրամաբանության մե՞ջ է, թե իրենք են ինձնից փորձել փող շորթել։ Ինքը իր եղբոր հետ երկար տարիներ մատների վրա ինձ խաղացրել է՝ փորձելով մեծ գումարներ շորթել։ Ասաց 4000 փող տուր, քո շինթույլտվությունը հաստատած բերեմ, մի հատ էլ անկապ ճարտարապետ էին բերել։ Սկզբից սկսեց վիտրաժներից, ընտեղ վիտրաժ արա, է՛ս արա, է՛ն արա, բնականաբար, չտվի, որովհետև նորմալ մարդ ենք, բայց հավ չենք»,-ասում է Արան։Ի դեպ, նա էլ կառուցում է  հյուրանոց։

Ինչ վերաբերում է քաղաքաշինական պահանջներին, ապա Արայի մեկնաբանությամբ՝ 6 մետրի պահպանելը պահանջվում է միայն սեփական տանն ու բնակարանին, մինչդեռ թե՛ իր, թե՛ Լիլիթի տարածքը հասարակական նշանակության են։

«Այս պարագայում լրիվ ուրիշ նորմատիվներ են գործում, սնիպներ»,-մեկնաբանեց։ Նա, ի դեպ, տեղեկացրեց, որ բողոքել է Քաղաքաշինական խորհուրդ, և քաղաքապետարանի նույն այն բաժինը, որտեղ աշխատում է Լիլիթի եղբայրը, ստիպված է եղել տալ այդ թույլտվությունը։ ԱԻՆ-ի եզրակացության պատասխանի մասին հարցը դուր չեկավ Արային, բայց այս դեպքում էլ պատասխանն այն էր, որ այս դեպքում ԱԻՆ-ը խորհրդատվական մարմին է։
Նա նաև պարբերաբար խիստ վրդովված հարցնում էր՝ իսկ ո՞վ է որոշել, որ մանկապատեզն առավել է, քան հյուրանոցը։

Արան ասաց նաև՝«եթե իրենք էդքան էրեխեքի մասին մտածում են, բարի լինեն, իրեն ժոլոբները սարքեն, որ առանց ջրարգելների, միանգամից գալիս, թափվում են։  Ժոլոբ չի, որի խողովակի միջով կյանքում ջուր չի կաթացել»։

Անդրդառնալով՝«փոխշահավետ» համագործակցության նոր առաջարկին, կրկին երրորդ դեմքով՝ Արա Գրիգորյանն ասաց․«Տասն օր առաջ իմ ճարտարապետին ասեցի՝ ճիշտ ա, մենք բոլոր փաստաղթերն ունենք, օրենքի բոլոր տառին հետևում, անգամ օրենքի տառին հետևելով՝ որոշ շեղում էր եղել, քանդեցինք,  ասի՝ գնա մի հատ ասա՝ ինչ կարամ քո համար անեմ։ Ինքը չի ուզեցել լսի, ասել է՝ գնացեք, ձեր հետ դատարանում եմ խոսելու»։ Սա այնքան է բարկացրել է ապագա հյուրանոցի տիրոջը, որ նա խոստացավ՝ «իրա վեց պատուհանն էլ փակելու եմ, դնելու եմ էս շենքը մինչև վերջ բարձրանամ, զուտ իրենց պատժելու համար»։

Նա նաև դժգոհում էր, թե Լիլիթի պատուհանից կանգնում, ծխում ու թքում են իր տարածքի վրա, այնտեղից էլ լիքը շան մազ է գալիս, շներ են պահում։ «Մենք  ք․․․ք ընկա՞նք, որ ինքը մեր վերևն է»,-ասաց Արան, երբ նկատեցինք, որ վերևի հարկերից միշտ էլ ինչ-որ բան գցում են, փոշի թափ տալիս։
Անգամ որպես իր իրավացիության ապացույց՝ հայտնեց, թե այդ տարածքը Լիլիթն ու մայրը տվել են ինչ-որ աղանդավորական կազմակերպության։

Արան, ի դեպ, չգիտես ինչու որոշեց, «Հրապարակի» միջոցով սպառնալ հարևանին՝ ասելով, որ «իրան լուրջ սյուրպրիզներ են սպասվում։ Դատական սյուրպրիզներ»։

Արայի մեղադրանքների՝ նաև վիտրաժներ սարքելու վերաբերյալ, նորից զրուցեցինք Լիլիթի հետ։ Նա ասաց, որ Արան ընդհանուր օգտագործման տարածքն ապօրինի վերցրել է, աստիճանահարթակ է սարքել, ինչի դիմաց խոստացել է Լիլիթի տարածքի պատուհանի վրա «պլյոնկա» քաշել, որպեսզի իր պատը չէրևար մանկապարտեզի պատուհանից ու չէր արել։
«Կիսատ-պռատ ինչ-որ բաներ արեց, դա ինչ թաքցնելու բան է, ես ի՞նչ շանտաժ պետք է անեմ։ Շանտաժ ինքն է ինձ անում, անըդհատ, ասում է՝ տանիքիցդ մի կաթիլ ջուր կաթաց, տես ինչ եմ քեզ անելու»,-կրկնեց Լիլիթը։
Ջրհորդանի վատ վիճակի վերաբերյալ էր ասաց՝«ասենք, թե վատն են, դրա համար ինքը որոշեց հանի՞»։