Մանվելը Գրիգորյանը գրավոր դիմեց դատարանին. տեսանյութ

Մանվելը Գրիգորյանը գրավոր դիմեց դատարանին. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց: Դատարանը ստացավ Մանվել Գրիգորյանի վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերն ու Մանվել Գրիգորյանի դիմումը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11-ին ժամը 12.00-ին:

Նրան քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, փաստաբանների պնդմամբ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Նիստին ամբաստանյալներից միայն Նազիկ Ամիրյանն էր ներկայացել:

Դատավոր Մնացական Մարտիորոսյանն ասաց, որ ինքը փաստաթուղթ չի ստացել Գրիգորյանի վատառողջ լինելու վերաբերյալ:

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը հրաժարվել է մնալ «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան տեղափոխել են «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ տեսնելով, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է նրան կամքին հակառակ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ պաշտպաններին մի քանի ժամ արգելել են տեսակցել նրան:

Մեղադրող Վահե Դոլմազյանը ի պատասխան Գրիգորյանի պաշտպանների ասաց, որ անձը չէ, որ պետք է որոշի, թե որ ՔԿՀ-ում պետք է գտնվի, դրա համար գործող մարմին կա, իսկ տեսակցությունների արգելքի մասին էլ ասաց, որ դրանց համար հատուկ ժամ կա:
Դատավորի որոշմամբ նիստը կես ժամով ընդմիջվեց, Գրիգորյանի վատառողջ լինելու վերաբերյալ փաստաթղթերը դատարանին ներկայացնելու համար:

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: