Հայտնի չէ դեպք, երբ քաղցկեղով հիվանդ անձի թոքը հեռացնելուց հետո այն աճում է․ Գրիգորյանի պաշտպանը հակադարձում է

Հայտնի չէ դեպք, երբ քաղցկեղով հիվանդ անձի թոքը հեռացնելուց հետո այն աճում է․ Գրիգորյանի պաշտպանը հակադարձում է

«Մեղադրողը չի նշել փաստ, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանը կխոչընդոտեր քննությանը կամ կխուսափեր դրանից: Վերացական դատողություններով անձին կալանքի տակ պահելն արգելվում է օրենքով»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախնական նիստին դատախազ Վահե Դոլմազյանի այն հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել գործի քննությանը։

Անդրադառնալով նաեւ դատախազի այն հայտարարությանը, թե Մանվել Գրիգորյանի քաղցկեղ հիվանդությունն ապաքինվել է, պաշտպանը նշեց. «Գիտությանը հայտնի չէ դեպք, երբ քաղցկեղով հիվանդ անձի թոքը հեռացնելուց հետո այն աճում է: Մենք ունենք բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ հեղինակավոր բժիշկների կարծիքներ, որոնք ահազանգում են ոչ միայն քաղցկեղի, այլեւ այլ ծանր հիվանդությունների մասին: Հիվանդանոցում Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին»: 

Մեր հարցին, թե նույն դատախազը նաեւ նշել էր, որ Մանվել Գրիգորյանն ընդունել է սնունդ, որը հակացուցված է շաքարային դիաբետ ունեցող անձին, Բաղդասարյանն ասաց. «Դա հանրության համար արված հայտարարություն է: Դա բացառվում է: Նա գտնվում է բժիշկների եւ անվտանգության հսկողության ներքո»: