Էշին փալան չի գալիս, «Սևան» ազգային պարկին՝ տնօրեն 

Էշին փալան չի գալիս, «Սևան» ազգային պարկին՝ տնօրեն 

«Սեւան» ազգային պարկն արդեն 3 տարի է` չունի տնօրեն: Այս տարիների ընթացքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները հերթով գալիս, անց են կենում, բայց տնօրենի պաշտոնը մնում է թափուր: 

Այսպես՝ 2019 թվականին աշխատանքից ազատվեց Վահե Գուլանյանը, ով պաշտոնը ստանձնել էր 2017 թվականին: Նույն թվականին մրցույթ հայտարարվեց տնօրենի պաշտոնի համար, որին դիմել էր 14 քաղաքացի: Մրցույթից հետո ՊՈԱԿ-ի իրավաբան Վարդան Վարդանյանը նշանակվեց «Սեւան» ազգային պարկի տնօրեն: Որոշ ժամանակ անց՝ 2020 թվականի հուլիսի 17-ին, տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Արա Խլոյանը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբորորդին: 

2020թ․ հուլիսի 30-ին շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Ռոմանոս Պետրոսյանը, ով հակում ունի իր ընկեր-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու։ Եվ նորանշանակ նախարարը, օգտագործելով լծակները, իր համակուրսեցուն՝ Արման Աբելյանին 2021-ի մարտին նշանակում է տնօրենի պաշտոնակատար, իսկ ծանոթին՝ Կարեն Մնացականյանին, փոխտնօրեն: 
Հետագայում Ռոմանոսի «դաբրոյով» եւ Արման Աբելյանի թեթեւ ձեքով Սեւանի երեք հանրային լողափներն անցնում են «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին, որն ուղղակի կապ ունի Պետրոսյանի հետ։

Հիշեցնենք, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ տնօրեն Նարեկ Նալբանդյանն է գնել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը, ձվի ու հավի արտադրության մեջ մասնակցություն ունի եւ այլն։

Մեր տեղեկություններով՝ Արման Աբելյանն ազատվել է աշխատանքից: Եվ հիմա տնօրենի պարտականությունները դրված են փոխտնօրենի վրա: Մենք կապվեցինք Արման Աբելյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչու է ազատվել աշխատանքից: «Ես ժամանակ չունեմ Ձեր հարցին պատասխանելու համար»,-ասաց նա: 

Առաջիկայում եւս 5 հանրային լողափների սպասարկման համար մրցույթ կհայտարարվի: Այժմ «Սեւան» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Ռոմանոս Պետրոսյանի մեկ այլ ընկերը՝ Կարեն Մնացականյանը: Չնայած Պետրոսյանը զբաղեցնում է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը, սակայն դա չի խանգարում, որ նա Սեւանով եւ հանրային լողափներով եւս զբաղվի: Ինչպես ժողովուրդն է ասում` էշին փալան չի գալիս, «Սևան» ազգային պարկին էլ՝ տնօրեն: