Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ չի բացառվում, որ նաև քննարկվի ԼՂ խնդիրը. Ս. Սարգսյան

Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ չի բացառվում, որ նաև քննարկվի ԼՂ խնդիրը. Ս. Սարգսյան

Այս շաբաթ հարավկովկասյան տարածաշրջան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերը։ Երեկ նա եղել էր նաև Հայաստանում։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։

 

- Պարոն Սարգսյան, երեկ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերը։ Դրանից առաջ եղել էր Բաքվում, հետո՝ Թբիլիսիում։ Բաքվում կրկին անդրադարձել էր գերեվարված անձանց, կալանավորվածների վերադարձի հարցին։ Ըստ Ձեզ՝ Ամերիկան ի՞նչ ազդեցություն է կարող ունենալ գերիների վերադարձի հարցում։ Կարո՞ղ է Բաքուն այս հայտարարություններից ճնշվել և որևէ առաջընթաց ապահովել այդ հարցով։

- Տեսեք, իրականում չափազանց կարևոր է հասկանալ հայկական կողմն ընդհանրապես դիմե՞լ է այդ խնդրանքով։ Որովհետև մի բան է, երբ որ հայկական կողմը Միացյալ Նահանգներին դիմում է խնդրանքով և ասում է, որ «թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ, թե՛ որպես գերտերություն, խնդրում ենք օժանդակել այս հարցում»։ Իսկ մեկ այլ բան է, որ ընդհանրապես որևէ ձևով հայկական կողմը չի դիմում։ Իսկ եթե հայկական կողմը չի դիմում, պարզ է դառնում, որ Վաշինգտոնն ինքնագործունեություն չի կարող իրեն թույլ տալ։ Այնպես որ, չափազանց կարևոր է հենց այդ հանգամանքը՝ դիմելու ընթացք կա՞, թե՞, որպես այդպիսին, չկա։

- Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ Ռիքերի հետ հանդիպման ժամանակ «Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա»։

- Դրա մասին ուշադրություն հրավիրելը մի բան է, պաշտոնապես դիմելը, որպեսզի այդ ուղղությամբ Միացյալ Նահանգները հանդես գան որպես միջնորդ, մեկ այլ բան է։ Մենք փաստացի չունենք որևէ հիմք պնդելու, որ պաշտոնապես մեր իշխանությունները դիմել են Միացյալ Նահանգների իշխանություններին, նույն Բայդենին՝ խնդրելով, որպեսզի նա անձամբ միջնորդի և զանգի Ալիևին և հայ գերիների վերադարձի հարցը քննարկի կամ լուծի։ Այնպես որ, ուշադրություն հրավիրելը մի բան է, բայց ուղիղ դիմումը՝ մեկ այլ բան։

- Այսինքն՝ ուղիղ դիմելն ինչպե՞ս է արվում, ի՞նչ պետք է անեին։

- Օրինակ՝ հանրային հայտարարություն կամ հեռախոսազրույց միացյալ նահանգների նախագահի հետ, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը կխնդրի Միացյալ Նահանգների անձնական ներգրավվածությունը գերիների վերադարձի հարցում։ Իրականում նման խնդրանքով կարող էին դիմել ոչ միայն Միացյալ Նահանգների, ոչ միայն Ֆրանսիայի, ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ուրիշ պետությունների ղեկավարներին, ովքեր կարող են որոշակի ազդեցություն ունենալ Ալիևի վրա և այս հարցում առաջընթաց փորձեին արձանագրել։ Նույն օրինակ կարող են լինել Եվրոպական Միության մի շարք երկրներ, կարող է լինել Հռոմի պապը և այլն։ Կարծում էի, որ այս հարցով գործող իշխանություններն ավելի ակտիվ կլինեին և կփորձեին ԱՄՆ նախագահի, ԵՄ պետությունների ղեկավարների միջոցով խնդրել, որպեսզի 10-15 գերիների հարցում ներդնել իրենց անձնական միջնորդությունը։ Ու դա շատ կարևոր կլիներ, որովհետև եթե մենք խնդրեինք և մեզ մերժեին անձնական միջնորդությունը, սա մենք կարող էինք ի գիտություն ընդունել և համապատասխան հետևություններ անել։ Իսկ եթե այդ պետությունների ղեկավարները դիմեին Ալիևին և նրանք մերժում ստանային, այստեղ էլ բնականաբար արդեն համապատասխան հետևություններ կլինեին Եվրոպական կամ այլ պետությունների ղեկավարների մոտ Ալիևի նկատմամբ։ Կարծում եմ՝ ցանկացած դեպքում դիմել պետք էր։

- Ռիքերի պատվիրակության մեջ ընդգրկված էր նաև ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Ռիքերն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցություններ վարելու անհրաժեշտությունը։ Եվ նաև այս օրերին Բայդենը Եվրոպա է ժամանել՝ մասնակցելու Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, նաև հանդիպում է ունենալու Էրդողանի հետ։ Ի՞նչ է կարող անել ԱՄՆ-ն, ինչ-որ տարածություն տեսնու՞մ եք, որտեղ կարող է ԱՄՆ-ը մտնել՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հայտարարությունը։

- Վերջիվերջո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է Միացյալ Նահանգները, սա առաջին։ Երկրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ Բայդենի վարչակազմն անգամներ ավելի ակտիվ է լինելու միջազգային հարաբերություններում, քան Թրամփի վարչակազմը։ Եվ սա էապես փոխում է նաև միջազգային քաղաքական օրակարգը։ Եվ բնականաբար նաև որպես Մինսկի խմբի համանախագահի՝ բաց թողնված այս ժամանակահատվածը, երբ Թրամփի վարչակազմն այդքան էլ ներգրավվածություն չուներ մեր տարածաշրջանում, Բայդենը փորձելու է առավել ակտիվությամբ, առավել ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ կոմպենսացնել։ Այսինքն՝ և՛ գլոբալ առումով են ակտիվանալու ամերիկացիները, և՛ նաև մեր տարածաշրջանում՝ թե՛ որպես գերտերություն և թե՛ որպես Մինսկի խմբի համանախագահ։ Սրանից բխող բոլոր հետևանքներով նաև այստեղ է Ձեր հարցի պատասխանը, թե ինչու է Էնդրյու Շոֆերը եղել այդ պատվիրակության կազմում։

- Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։ Նշվում է, այսպես ասենք, որ նաև կոնսենսուս կա այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ։ Այս մասով ի՞նչ դիտարկում ունեք։

- Իհարկե այսօր էական ազդեցություն ունի հենց Ռուսաստանի Դաշնությունը։ Այդ ազդեցությանը մարտահրավեր է նետել միայն Թուրքիան՝ փորձելով առավել ազդեցիկ դեր ունենալ Հարավային Կովկասում։ Եվ ակնհայտ է, որ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի ավանդը բավականին մեծ է։ Եվ պայմանավորված է հենց Ռուսաստանի ազդեցության մեծությամբ մեր տարածաշրջանում; Ինչո՞ւ դա հաջողվեց հենց Ռուսաստանին, որովհետև մեր տարածաշրջանում ամենից մեծ ազդեցությունն ուներ հենց ՌԴ-ն։ Սա է ամբողջ պատկերը, և բնականաբար Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանալիները գտնվում են հենց Ռուսաստանում։

- Պարո՛ն Սարգսյան, նաև անդրադառնալով Արցախի 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ անդամ Թուրքիայի ներգրավվածությանը՝ պետքարտուղարի օգնականը նշել էր, որ «մենք շատ մտահոգություններ ունենք Թուրքիայի հետ կապված»։ Ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, բայց ԱՄՆ և Թուրքիան ունեն տարբերություններ, ԱՄՆ-ն մտահոգություններ ունի Թուրքիայի որոշ գործողությունների, քաղաքականությունների շուրջ։ Նաև ասել էր, որ Բրյուսելում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ այս խնդիրներն են բարձրացվելու։ Ըստ Ձեզ՝ Բայդենն ի՞նչ է ասելու, ԱՄՆ-ն ի՞նչ դեր է խաղալու Թուրքիային զսպելու հարցում։

- Չմոռանանք, որ Թուրքիան Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, որքան էլ որ հարաբերություններն այս ընթացքում լարվել են կամ որքանով որ լարված են։ Դա հարաբերությունների էությունը, որպես այդպիսին, չի փոխում, մանավանդ, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է։ Իհարկե, հիմա որոշակի տարբերություններ կան հարաբերություններում, բայց թուրք-ամերիկյան հարաբերություններում մշտապես վայրիվերումներ եղել են։ Եվ սա այդ վայրիվերումներից մեկն է, դրա դրսևորումներից մեկն է։ Այնպես որ, հավանաբար մի որոշ ժամանակ անց նորից իրավիճակը կփոխվի, և թուրք-ամերիկյան հարաբերությունները կվերադառնան ի շրջանս յուր։ Ինչ վերաբերում է Բայդենի և նրա վարչակազմի քաղաքականությանը մեր տարածաշրջանում, ես կարծում եմ, որ նաև Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ չի բացառվում, որ նաև քննարկվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Մանավանդ եթե հաշվի առնենք Բլինքենի և Լավրովի միջև, ինչպես նաև, որ ԱՄՆ և Ռուսաստան Անվտանգության խորհրդի պատասխանատուների հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկվել է։ Սա նշանակում է, որ այն գտնվում է երկու պետությունների ուշադրության կենտրոնում ամենաբարձր մակարդակով։

- Ռիքերը նաև անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցին։ Նշել է, որ կարևոր է դրա իրականացումը։ Նաև անդրադարձել է ԵԱՀԿ միջազգային դիտորդներ տեղակայելու հնարավորությանը։ Նշել է, որ խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի մի մասը։ Ըստ Ձեզ՝ այս պարագայում ինչիպիսի՞ ներգրավվածութուն է կարող ունենալ ԱՄՆ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը, կարծես թե, նորից միջնորդի դեր է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

- Ինչ վերաբերում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ապա սա նաև պետք է դիտարկել որպես առանձին պրոցես։ Որովհետև Մինսկի խումբը, որպես այդպիսին, ստեղծվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։ Եվ սա արդեն ղարաբաղյան խնդիրը չէ, սա Հայաստան-Ադրբեջան սահմանին վերաբերող խնդիր է։ Այո, փոխկապակցված են պրոցեսները, և այստեղ Մինսկի խումբը կարող է բացառիկ ազդեցություն և նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այս դեպքում մեր ձեռքերը կապված չեն։ Մենք հնարավորություն ունենք նաև այլ շահագրգիռ կողմերի ներգրավել խնդրի կարգավորման համար։ Մասնավորապես ըստ անհրաժեշտության այնպիսի երկրների ենք կարող ներգրավել, ում հետ մեր շահերն այս առումով համապատասխանում են՝ մեր տարածքային ամբողջականության ապահովման և պահպանման առումով։

- Նկատի՞ ունեք՝ Իրան, Ֆրանսիա։

- Դե, Ֆրանսիան համանախագահ է, կարծում եմ՝ նաև Իրանին, ինչու չէ նաև այլ գործընկերների, որոնց հետ կարելի է աշխատել։ Ովքեր մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հայտարարություններով հանդես են եկել։