Բարոյական օրենքներից զուրկ…

Բարոյական օրենքներից զուրկ…

2020 թվականի աշնանային պատերազմի խայտառակ պարտությունից անցել է շուրջ յոթ ամիս: Իրենց զոհված զավակների մարմինները հողին հանձնելու պահից անցել է շատ ավելի կարճ ժամանակ: Բազմաթիվ ծնողներ դեռևս չեն կարողանում գտնել իրենց հարազատի մարմինը, որպեսզի հանձնեն մայր հողին: Եվ այս պայմաններում անմեղսունակ մեկը հունիսի 1-ին կազմակերպում է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգ: Եվ այդ համերգին մասնակցելու են բազմաթիվ կոլեկտիվներ՝ իրենց ոչ մանուկ ղեկավարներով: Իսկ մանուկ երգիչների ու պարողների ծնողներն իրենց երեխաներին չեն արգելելու մասնակցել համերգին: Եվ ոչ միայն չեն արգելելու, այլև իրենք էլ շտապելու են  Երևանի Հանրապետության հրապարակ՝ համերգը վայելելու: Եվ բազմաթիվ այլ մարդիկ ևս երեկոյան կլինեն հրապարակում՝ նույն նպատակով: Իսկ ի՞նչ է այս ամենը՝ եթե ոչ զանգվածային անբարոյականության դրսևորում: Անբարոյականության դրսևորում նրանց հիշատակի հանդեպ, ովքեր չխնայեցին իրենց կյանքը հանուն Հայաստանի, հանուն նույն այդ մանուկների երջանիկ ապագայի:
Մեր հասարակությունը արևելյան ավանդապաշտ հասարակություն է: Լավ է թե վատ դա՝ այս հոդվածի քննարկման խնդիրը չէ: Այս հոդվածի խնդիրն ընդամենը այդ երևույթի արձանագրումն է: Իսկ ավանդապաշտ նշանակում է նաև մեզ լքած հարազատների հիշատակի պահպանման ավանդույթի առկայություն: Առանձին բացառություններն այս դեպքում հաշվի չեն առնվում՝ քանի որ այդ երևույթը ևս հոդվածի քննարկման առարկա չէ: Հիշատակի պահպանումը ենթադրում է թե՛ մահացած հարազատի անկյան ձևավորումը և թե՛ քրիստոնեական սովորության համաձայն մեկ տարվա ընթացքում սուգ պահելը: Կրկնվեմ՝ չի քննարկվում դրա լավ կամ վատ լինելու հարցը: Այն կարելի է քննարկել ավելի ուշ՝ երբ կորստյան զգացմունքը ժամանակի ընթացքում կբթանա: Իսկ դա տեղի է ունենում, քանի որ յուրաքանչյուր մարդ օժտված է ինքնապահպանման բնազդով, ինչը թույլ չի տալիս, որպեսզի կորստյան ցավը տարիներ շարունակ մնա թարմ վիճակում: 

Ասվածի համատեքստում ես չեմ պատկերացնում որևէ հայաստանյան ընտանիք, որը կունենա զոհված հարազատ ու իր երեխային կամավոր կուղարկի երգելու կամ պարելու: Ի դեպ, համերգը կազմակերպվել է ոչ թե Երևանի քաղաքապետարանի, այլ կառավարության կողմից՝ դա ըստ լրատվամիջոցների հաղորդումների: Ես կարդացել եմ այլ հաղորդումներ ևս, որոնցում խոսվում էր այն մասին, որ վարչապետական պաշտոնին կառչած անձի որդուն փրկելու համար պատերազմի ժամանակ հատուկ գործողություն է իրականացվել, որին զոհ են գնացել բազմաթիվ զինվորներ: Իսկ առաջնագիծ, ենթադրաբար, ուղարկվել է այն բանից հետո, երբ մոր հետ Ստեփանակերտի նկուղներում մարդկանց այցելելու նրա նկարները երևացել են համացանցում: Բնականաբար, նրա հայրը կարող էր համերգ կազմակերպելու հանձնարարություն տալ՝ ինքը կորուստ չի ունեցել: Բայց հենց դա է այսօրվա հասարակության մի զգալի մասի անբարոյականության հիմքը: Հասարակությունը հիմնականում այնպիսին է, ինչպիսին նրա իշխանությունն է, հատկապես իշխանության առաջին դեմքը: Այդ կանոնն ավելի ուժգնորեն է գործում, երբ իշխանությունը ձևավորվում է հեղափոխական էյֆորիայի պայմաններում՝ ճիշտ այնպես, ինչպես մեզանում: Խայտառակ պարտությունն, իհարկե, շատ բան փոխեց մեր կյանքում, բայց քննարկվող հարցում ոնց որ թե ազդեցություն չթողեց:

Ի դեպ, հունիսի 1-ին ծնվել է նաև Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձը: Վերջինս այս օրերին աշխատանքային այցով մեկնել է եվրոպական երկրներ: Այնպես որ ձևականորեն ինքը համերգին ներկա չի լինի: Սակայն երեք տարվա ընթացքում լավ ուսումնասիրելով նրան՝ վստահ եմ, որ դա չի խանգարի, որպեսզի նրան անունը ևս հիշատակվի: Հիշատակվի մեր մանուկներին երջանիկ ապագա պարգևելու համատեքստում: Այն մանուկներին, որոնց հայրերին նա զոհ տվեց թշնամուն՝ հանուն սեփական ինչ-ինչ նպատակների:  

Ինչևէ: Մեր երկրում բազմաթիվ փոփոխություններ ունենալու համար անհրաժեշտ է, ինչպես բազմիցս եմ ասել, օր առաջ, ժամ առաջ ազատվել պաշտոնին կառչած՝ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձից: Որովհետև որքան ուշանում է այդ պահը, այնքան ծանր է նստում դա մեր պետականության ու մեր ժողովրդի բարոյա-հոգեբանական նկարագրի վրա: Ու այդքան բարդ ու դժվարին կլինի կորցրածը հետ բերելը: