Սահմանադրական դատարանը Փաշինյանի համար փրկօղակ է

Սահմանադրական դատարանը Փաշինյանի համար փրկօղակ է

Պարբերաբար ենթադրությունների ու ակնարկների մակարդակով խոսվում է այս կամ այն ուժային կառույցի՝ ոստիկանապետի, պաշտպանության նախարարի հնարավոր փոխարինման եւ անգամ փոխարինող անձանց մասին։ Ուժայինների հնարավոր փոփոխությունների մասին զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

- ԱԱԾ տնօրենի հրաժարականի լուրը հերքվեց, բայց ակնհայտ է, որ նման խոսակցությունները հենց այնպես չեն ծագում։ Նաեւ այլ ուժայինների հետ կապված՝ նման լուրեր են շրջանառվում։ 

- Պարբերաբար տարբեր տեղեկություններ են շրջանառվում, որոնք ժամանակի ընթացքում հերքվում են, եւ կարծես թե դրանց մի զգալի հատվածն ուղղակի, իմ կարծիքով, պրովոկացիաներ են։ Ընդհանուր առմամբ, ուժայինների փոփոխության խնդիր ես չեմ տեսնում։ Իմ կարծիքով՝ նման ցանկություններ չկան, սակայն այլ հարց է, որ կան տարբեր շրջանակներ, որոնք գրոհում են ուժայիններին եւ շատ դեպքերում ունեն ինչ-ինչ աշխարհաքաղաքական կողմնորոշումներ։ 

- Նկատի ունեք իշխանության, այսպես կոչված, արեւմտյա՞ն թեւը։

- Եթե իրականությանը նայենք օբյեկտիվ, ապա ուժայինները, առաջին հերթին՝ զինված ուժերը, եւ ազգային անվտանգությունը շատ խորքային համագործակցություն ունեն Ռուսաստանի հետ։ Նաեւ՝ կադրերի պատրաստման  ու զենքի, որովհետեւ այն հիմնականում գալիս է Ռուսաստանից։ Նաեւ՝ անվտանգության հետ կապված տեղեկությունների փոխանակման առումով, որովհետեւ նույն կադրերի մասով մենք գիտենք, որ ե՛ւ ԱԱԾ, ե՛ւ ՊՆ սպաները պատրաստություն անցնում են հիմնականում Ռուսաստանում։ Եվ եթե հաշվի առնենք Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի վրա, բնականաբար, ՌԴ հնարավորություններն ու ներազդեցությունները շատ ավելի շատ են։ Այս առումով կա կարծիք, որ ուժային կառույցները սերտորեն համագործակցում են Ռուսաստանի հետ, եւ շատ տարբեր մարդիկ, որոնք ունեն աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ, նրանց քննադատության թիրախը հենց այդ կառույցներն են դարձնում։

- Իսկ սրանք այն պաշտոնները չե՞ն, որոնց նշանակման եւ ազատման հարցում պետք է լինի, այսպես ասած, հայ-ռուսական կոնսենսուս։

- Կան միջպետական համաձայնություններ, որոնք առնչվում են անվտանգային ոլորտին եւ կառույցներին, եւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այդ պայմանագրերում կան նաեւ կետեր, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց որոնք, իհարկե, կան։ Եվ, բնականաբար, Հայաստանի նման երկրներում նման կառույցների ղեկավարները երկրի ամենագլխավոր պաշտոնյաներն են։ Ամենաազդեցիկ։ Եվ Ձեր հարցին պատասխանելով՝ նման լուրերը կարո՞ղ են լինել նաեւ այդ կոնտեքստում, ասում եմ, որ ոչ միշտ, բայց երբեմն այդ կոնտեքստը կա։

- Հայաստանի ներքաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Քոչարյանի դատավարություն, Ամուլսարի հետ կապված հնարավոր լարվածություն եւ այլն, Դուք իսպառ բացառո՞ւմ եք նման պաշտոնանկությունը, նաեւ հաշվի առնելով այն փաստը, որ միգուցե իրո՞ք Փաշինյանին բարկացրել է այն, որ կոմպրոմատներ չեն հավաքվել, եւ եղել է ՍԴ հայտնի որոշումը։

- Ես նման լուրերի չեմ հավատում, եւ Սահմանադրական դատարանի որոշումն էլ անսպասելի չի եղել իշխանության համար, Նիկոլ Փաշինյանի համար։ ՍԴ որոշումները, ինձ թվում է, ինչ-որ առումով համաձայնեցվում են նաեւ իշխանության հետ։ Նույն Վենետիկի հանձնաժողով դիմել եւ այլն։ Այլ հարց է, որ քարոզչական ոլորտում Նիկոլ Փաշինյանը, իր ողջ քաղաքականությունը կառուցելով նախկինը մերժելու վրա եւ նախկինի խորհրդանիշ դարձնելով Ռոբերտ Քոչարյանին, սա ընկալում է որպես շատ ցավոտ հարց։ Եվ կարծում է, որ Քոչարյանի ազատ արձակման դեպքում իր վարկանիշը կարող է գահավիժել։ Նման թիրախ սարքելով՝ ինքն այդ թիրախի թակարդում է հայտնվել։ Եվ ՍԴ-ի վրա այս բոլոր հարձակումներն ունեն քարոզչական բնույթ։

- Այսինքն՝ կարծում եք, որ ներկայում էլ ՍԴ որոշումները համաձայնեցվում են իշխանության հետ։

- Ես վստահ եմ, ոչ թե կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր որոշումների մասին իշխանությունը տեղյակ եղել է։ Իրենք նախօրոք են իմացել, թե ինչ որոշումներ են լինելու։ Եվ նորից եմ շեշտում՝ ես սա վստահ եմ ասում, ոչ թե որպես կարծիք։

- Հեռախոսազանգ, հեռախոսային խոսակցություննե՞ր։

- Հեռախոսային խոսակցությունները վերաբերում են ձերբակալություններին, որոնք Փաշինյանին պետք են, եւ որոնց վրա է նա կառուցել իր ողջ քաղաքականությունը։ Սակայն հետագայում դեպքերի զարգացումը ցույց տվեց, որ ինքը հայտնվել է թակարդում եւ այդ թակարդից մի ձեւով պետք է դուրս գա։ Եվ իր համար լավագույն տարբերակը պատասխանատվությունը Սահմանադրական դատարանի վրա գցելն է, եւ այդ ձեւով դեմքը փրկել։ Սա իմ կարծիքն է։ Ես չեմ ասում՝ բաց կթողնեն, բաց չեն թողնի, բայց, համենայնդեպս, Սահմանադրական դատարանն իր համար փրկօղակ է։