Կրթության զարգացման պետական ծրագիրը քննարկել են ռեկտորների հետ

Կրթության զարգացման պետական ծրագիրը քննարկել են ռեկտորների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը նախօրեին քննարկվել է ռեկտորների խորհրդի նիստում: ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալները ռեկտորներին ներկայացրել են բարձրագույն կրթության ոլորտում առաջարկվող հիմնական ռազմավարական ուղղությունները: Ըստ այդմ, ծրագրում ամրագրվել է, որ պետական և ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում: Երկրորդ ուղղությունն այն է, որ պետք է մշակվեն համապատասխան բուհական ստանդարտներ, այդ թվում՝ ըստ մասնագիտությունների, և այս առումով պետության կողմից բոլոր բուհերը պետք է ունենան նույն մոտեցումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ բուհերը պետք է առնվազն գրանցվեն հայտնի ռեյտինգային համակարգերում, որտեղ սահմանված են հստակ միջազգային չափանիշներ: Նա նաև կարևորել է դասախոսների համալրման մեխանիզմների մշակումը, ինչպես նաև այն խնդիրը, որ ամեն բուհ հնարավորություն չունենա տրամադրելու երրորդ մակարդակի կրթություն: Այս հարցում, ըստ Կարեն Թռչունյանի, պետությունը կսահմանի հստակ ու խիստ չափանիշներ:

«Ծրագրում սահմանել ենք նաև հավակնոտ թիրախներ, այն է՝ մինչև 2030 թվականն առնվազն չորս բուհ ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, ինչպես նաև բուհական համակարգում բոլոր մասնագիտություններով կրկնապատկվի օտարերկրյա ուսանողների քանակը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ անելու են հնարավորը՝ հասնելու նախանշած թիրախներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ իր հերթին շեշտել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Նա կարևորել է օրենքում ամրագրված մինչև 2030 թվականն արդյունքային շրջանակի ապահովման խնդիրը՝ այդ հարցում կարևորելով բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկման գործընթացում: